Վահե Էնֆիաջյանը բռնության կոչը քրեականացնելու օրենքի մասին ելույթ ունեցողներին հիշեցրեց մեր ազգային երգերն ու բանաստեղծությունները
Մենք դեմ ենք բոլոր տեսակի բռնություններին, մեր ազգը բարձր բարոյական արժեհամակարգով է օժտված եղել, սակայն մենք չենք ցանկանում, որ այս օրենքի նախագիծը երկակի ստանդարտների առիթ դառնա:
Այսօր Ազգային ժողովում բռնության կոչերը քրեականացնելու նախագծի քննարկման ժամանակ որպես պարզաբանում ներկայացրեց ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը:
«Մենք ունենք բազմաթիվ ազգի մեծեր, ազգային երգեր, բանաստեղծություններ, որոնցում կանխարգելող, պատմական իրադարձությունների իրավիճակը բնութագրող, տարածաշրջանի առանձնահատկությունները մեկնաբանող արտահայտություններ կան, իսկ այս օրենքով այդ արտահայտությունները կարող են տարբեր մեկնաբանությունների առիթ դառնալ»,- ասաց Վահե Էնֆիաջյանը:
Նախագիծն Ազգային ժողովում ներկայացնող Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներին, որոնք օրենքի այս տեսքով ընդունելուն դեմ էին, խորհուրդ տվեց չառաջնորդվել խելագարության կանխավարկածով և հիշել, որ իրավապահ մարմինները նման գործերը կքննեն իրավակիրառ պրակտիկային համահունչ՝ առաջնորդվելով նախագծի հիմնավորմամբ։
Հիշեցնենք, որ բռնության կոչերը քրեականացնելու մասին նախագծով առաջարկվում է քրեական պատասխանատվություն՝ անձի սեռով, ռասայով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, մաշկի գույնով, գենետիկական հատկանիշներով, կրոնով, լեզվով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնության պատկանելությամբ, գույքային վիճակով, տարիքով, ծնունդով, հաշմանդամությամբ: