Բաժիններ՝

Կառավարության մշակած սոցիալական մի քանի ծրագրերի շրջանակներ կընդլայնվեն

«Կառավարությունն ամենօրյա ռեժիմով աշխատում է կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացմանն ուղղված ծրագրերի մշակմամբ»,- կառավարությունում հրավիրած ասուլիսում վստահեցրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ թվարկելով արդեն մշակված սոցիալական ծրագրերը:

Նախարարը հիշեցրեց, որ կառավարության մշակած ծրագրերից 5-ն են սոցիալական ծրագրեր.

«Ծրագրերից 4-րդը վերաբերում է մինչև 14 տարեկան երեխա ունեցող գրանցված աշխատանքից ազատվածներին:

6-րդ ծրագիրը վերաբերում է մասնավոր սեկտորում գրանցված աշխատանքից ազատվածներին:

7-րդ ծրագիրը վերաբերում է հղի կանանց, որոնք չեն աշխատում, և իրենց ամուսիններն էլ չեն աշխատում:

8-րդ ծրագիրը վերաբերում է տուժած ոլորտների գրանցված աշխատողներին՝ այն մարդկանց, որոնք գրանցված, բայց իրավիճակի բերումով աշխատանքի չեն հաճախում կամ աշխատավարձ ստանալու խնդիր ունեն, և 9-րդ ծրագիրը վերաբերում է երեխաներին, որոնց ծնողները չեն աշխատում:

11-րդ ծրագիրը երեկ է հաստատվել կառավարության կողմից, վերաբերում է բնական գազի և էլեկտրաէներգիայի ծախսի փոխհատուցմանը»:

Ծրագրերի իրականացման մանրամասներին անդրադառնալով՝ Զ. Բաթոյանը տեղեկացրեց.

«Այս պահին 4-րդ ծրագիրն ընթացքի մեջ է, և ծրագրի համար դիմելու անհրաժեշտություն չկա, պարզապես պետք է մուտք գործել ssa.am կայք, մուտքագրել տվյալները՝ տեսնելու՝ արդյո՞ք ծրագրի շահառու հանդիսանում են, թե՞ ոչ. հանդիսանալու դեպքում վճարումներն իրականանում են բանկում՝ անձը հաստատող փաստաթղթով:

Այս միջոցառման շահառուների ցանկը թարմացվում է:

6-րդ ծրագրի փոխանցումները ևս իրականացված են. շահառուներն այստեղ 6723-ն են:

7-րդ ծրագրի շրջանակներն ընդլայնել ենք, և այս ծրագրի շահառու կհանդիսանան ոչ միայն այն կանայք, ովքեր չեն աշխատում, և իրենց ամուսինն աշխատանքից ազատվել է մարտի 13-30 -նն ընկած ժամանակահատվածում, այլև այն հղի կանայք, որոնց ամուսինները չեն աշխատել մարտի 30-ի դրությամբ: Այս պահին այս ծրագրի շահառու են հանդիսանում 5957 քաղաքացիներ, բայց ցանկը նորից թարմացվում է:

8-րդ ծրագիրը մեկնարկել է երեկ, երեկ արդեն մի քանի ժամվա ընթացքում ստացել ենք 45 հազար դիմում ֆիզիկական անձանցից, որոնցից 27 հազարը հաստատվել է:

Այս ծրագիրը ևս շարունակվում է և իրականացվում է դիմումների հիման վրա, դրա համար ևս պետք է մուտք գործել sss.am կայք և գրանցվել:

9-րդ ծրագրի  դիմումների ընդունումը ևս մեկնարկել է երեկ, ծրագրի շահառուների ցանկը դեռևս կազմվում է, որովհետև այն դիմումների հիման վրա պետք է կազմվի, համակարգն այս պահին ժամանակավորապես դադարեցրել ենք, քանի որ բավականին մեծ էր  դիմումների հոսքը և սխալներ թույլ չտալու համար, որպեսզի դիմումները նաև ավտոմատ չմերժվեն, դադարեցրել ենք և օրվա ընթացքում կվերսկսենք»:

Նախարարը հավելեց, որ վերջին երկու ծրագրերի դեպքում հրապարակվելու է շահառուների ցանկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս