«Մի՛ ապրեք այնպես, ասես դուք արդեն վարակված եք»․ Խաչատուր Գասպարյան
«Արտակարգ դրությունն արվում է՝ հանրային առողջության շահից ելնելով։ Երբ, օրինակ, մարդու ոտքը կոտրվում է, դնում են գիպսի մեջ, ընդունում ենք, որ որոշ ժամանակ նա չպետք է շարժվի, ճի՞շտ է։ Կամ՝ վիրահատությունից հետո կա հետվիրահատական վերականգնողական փուլ, մարդուն ասում են՝ երկու շաբաթ չես կարող այս կամ այն անել։ Այդ նույն տարբերակով մենք կորոնավիրուսից պաշտպանվելու համար կարիք ունենք մեկուսացման, և արտակարգ իրավիճակը ստեղծվում է դրա հիման վրա»,- 168․am-ի հետ զրույցում ասաց ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանը։
Նա նկատեց՝ մեկուսացման առումով մի հետաքրքիր պարադոքս կա․ «Եթե մշտապես հոգեկան առողջության գիտություններն ասում են՝ մեկուսացումը բացասական երևույթ է, եթե հիվանդի մոտ մեկուսացման տենդենցներ կան, անպայման պետք է հոգեբաններն աշխատեն, հասկանան, օգնեն, ապա այս պարագայում մեկուսացումն ունի դրական էֆեկտ՝ այն իմաստով, որ վիրուսի տարածվելու հավանականությունը փոքրանում է։ Հետևաբար՝ հիմա մենք տեսնում ենք, որ մեկուսացումն ունի դրական իմաստ՝ հանրային առողջության, ընտանիքի համար, մեր հասարակության համար, և ամբողջ երկիր մոլորակի համար է մեկուսացումն այս պահին դիտվում՝ որպես առայժմ լավագույն ելք»։
Հոգեբանն անդրադարձավ անձի մեկուսացման դրական և բացասական հետևանքներին․ «Կան մարդիկ, որոնք չեն կարող երկար ժամանակ իրենք իրենց հետ մենակ մնալ, որովհետև իրենց մոտ գլուխ են բարձրացնում չլուծված խնդիրներ, կոնֆլիկտներ, վիրավորանքներ, որոնց ժամանակին չեն կարողացել պատասխանել, դիմագրավել, ընդվզել, կամ այն բոլոր զգացումները, որտեղ իրենք պարտված են եղել։ Դրանք կարող են մարդուն դարձնել ավելի դյուրագրգիռ, ավելի ագրեսիվ, կյանքից դժգոհություն առաջացնել, և սա հարցերից մեկն է, թե ինչ տեսակ անձի հետ մենք գործ ունենք։
Անձի տիպը կարող է կանխորոշիչ լինել։ Մարդ կա, որ իր համար մեկուսացումը միակ թերապիայի միջոցն է, մարդ կա, որ ամեն խնդրի դեպքում որոշ ժամանակ մենակ է մնում, ինքն իրեն վերագտնում է և նորից վերադառնում հասարակություն։ Այսինքն՝ դա միայն բացասական չպետք է դիտել։
Որոշ մարդկանց համար մեկուսացումն ունի անցանկալի հետևանքներ, նրա մոտ կարող է դեպրեսիա առաջանալ, տրամադրության անկում, տագնապայնությունը կարող է բարձրանալ, նրա մոտ կարող են առաջանալ տագնապներ, ագրեսիա, վախեր, կպչուն մտքեր և այլն։ Դրա համար կա հետևյալ դեղատոմսը, որ, եթե մեկուսացման արդյունքում առաջացել է քնի խանգարում, ախորժակի կորուստ կամ չափից ավելի մեծ ախորժակ, տրամադրության անկումային վիճակ, ագրեսիա, տագնապայնության բարձրացում, խուճապային մտքեր, կյանքի իմաստի հարցեր են բարձրանում՝ ի՞նչ իմաստ ունի այս կյանքը, եթե այսպես պետք է շարունակվի, ապա դրանք բոլորը չափանիշեր են, որոնք ցույց են տալիս, որ անհրաժեշտ է հոգեկան առողջության մասնագետի ներգրավել»։
Իսկ եթե մեկուսացման արդյունքում մարդը մի քիչ տխրում է, բարկություն է ունենում, բայց իր կյանքի մնացած կենսաբանական ռիթմերը շարունակվում են, ապա, ըստ հոգեբանի՝ ուղղակի ժամանակ է անհրաժեշտ, որ մարդիկ հարմարվեն այս նոր իրողության հետ, վերագտնեն իրենց կյանքի ռիթմը, ռեժիմը․
«Խորհուրդ է տրվում, որ չանցնեն միայն պասիվ ձևերի, այլ փորձեն ակտիվ լինել։ Եթե նույնիսկ գտնվում եք բնակարանում, որտեղից հաճախ դուրս չեք գալիս, կարող եք ինչ-որ ֆիզիկական վարժություններ անել, պետք է փորձել հաճախ փոխել գործունեության ձևը։ Չի կարելի անընդհատ համակարգչի դիմաց նստած մնալ։ Խորհուրդ է տրվում չհետևել բացասական նորություններին, անվերջ փոփոխվող տվյալներին, որ՝ այսինչ երկրում վարակվածների թիվը մեծացավ, այնինչ երկրում մահացածների թիվն ավելացավ, և այլն։ Դրանք կարող են ավելի սրել մարդու հոգեվիճակը, ավելի սրել տագնապները։ Լավ կլինի, որ լրատվամիջոցները դրական պատմություններ ներկայացնեն, օրինակ՝ դա կարող է լինել առողջապահության կազմակերպիչների, բուժաշխատողերի, կամավորների մասին, ովքեր օգնում են խնդրի մեջ հայտնված մարդկանց։ Խորհուրդ է տրվում նաև երեխաների համար ստեղծել խաղաղ, հանգիստ միջավայր, հնարավորություն տալ արտահայտվել»։
Դիտարկմանը՝ եթե մարդիկ ունեն լուրջ սոցիալական խնդիրներ, օրինակ՝ օրավարձով ապրողները, դրական պատմություններով արդյոք հնարավո՞ր է նրանց հոգեբանության վրա ազդեցություն ունենալ, նա այսպես արձագանքեց․
«Մենք այստեղ ունենք շատ խոցելի խմբեր․ խոցելի են համարվում տարեցները, որոնք ռիսկային խմբի մեջ են, հոգեկան ախտորոշում ունեցող անձինք, հաշմանդամություն ունեցող մարդիկ, որոնց կյանքն արդեն իսկ որոշակի սահմանափակումների մեջ էր, հիմա ավելի է սահմանափակվում, և կարող ենք տնտեսական խոցելիության մասին էլ խոսել, բայց մենք հիմա պետք է առաջին հերթին մտածենք առողջության պահպանման մասին։
Հոգեբանը չի կարող տնտեսական խնդիրների լուծում առաջարկել։ Պարզ է, որ ձեր հարցադրման մեջ կա այդ խնդիրը՝ մարդիկ, որոնք օրավարձով էին ապրում, հիմա ունեն բազմաթիվ չլուծված հարցեր, ֆինանսական խնդիրներ, օրվա կերակուրի հարցը կարող է բարձրանալ։
Ես ուզում եմ շեշտը դնել փոխադարձ համագործակցության, մեկը մյուսին օգնելու վրա, որովհետև դիմացինին օգնելը նշանակում է՝ նաև օգնություն սեփական ես-ին։ Ես ուզում եմ, որ մարդիկ կարևորեն, թե որն է այս պանդեմիայի հիմնական խնդիրը՝ դա մի վիրուս է, որը կարող է շատերի կողքով աննկատ անցնել, բայց խոցելի խմբերին կարող է հասցնել անգամ մինչև մահվան։ Դա լուրջ խնդիր է, և, բնականաբար, կան դրանից բխող բազմաթիվ տնտեսական, սոցիալական և այլ հարցեր։ Բայց հոգեբանը չի կարող այդ հարցերի պատասխանը տալ»։
Ինչ վերաբերում է սննդակարգին, նա ասաց, որ պետք է խուսափել շատակերությունից, նաև պետք է խուսափել ընդհանրապես սննդից հրաժարվելու տարբերակից․
«Մարդիկ կան, որ, երբ տխուր են լինում, չեն կարողանում սնվել, ինչը վտանգավոր է, որովհետև կարող է իմունային համակարգի վրա բացասաբար անդրադառնալ։ Սննդակարգն առողջ ապրելակերպի կարևորագույն մասն է։ Մենք կարող ենք այնպես սնվել, որ մեր տրամադրությունը պահպանենք։
Մի մոռացեք ֆիզիկական վարժությունները, որպեսզի էներգիան ծախսվի։ Շատ կարևոր է, որ ձեր կյանքում տեղի ունեցող դրականը չմոռանաք, թեկուզ այն, որ դուք այս պահին վարակված չեք. մի՛ ապրեք այնպես, ասես դուք արդեն վարակված եք։ Տնտեսական խնդիրներն անխուսափելի են, միշտ կան մեր կյանքում։ Մեզնից ակնկալվում է ավելի լրջորեն վերաբերվել իրավիճակին»։