Հայկական կողմը պետք է հայտարարություն անի, քանի որ Հայաստանին աջակցելու հարցը Թուրքիան դարձնում է քարոզչական գործիք. Էստուկյան

Թուրքիան շարունակում է շահարկել կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում Հայաստանին աջակցություն ցուցաբերելու թեման։ Ինչպես հայտնի է, ապրիլի 8-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն օրվա երկրորդ կեսին հեռախոսազրույցներ էր ունեցել Պոլսո Հայոց պատրիարք արք. Սահակ Մաշալյանի և Սուրբ Փրկիչ Ազգային հիվանդանոցի հոգաբարձության ատենապետ Պետրոս Շիրինօղլուի հետ՝ նրանց միջոցով Հայաստանին դեղորայքի հարցում օգնություն ցուցաբերելու առաջարկ  անելով։ Ըստ Պատրիարքության հաղորդագրության՝ անձամբ կապ հաստատելով պատրիարքի հետ՝ Էրդողանը հարցրել է վերջինիս որպիսությունը։

«Վսեմաշուք նախագահը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին իրենց երկիրը վերադառնալու համար հնարավորություն կտրվի, և Հայաստանին դեղորայք տրամադրելու պատրաստակամություն հայտնեց»,- նշված է հաղորդագրությունում։ Թուրքիայի նախագահը Հայոց պատրիարքին առողջություն է մաղթել ու նաև հետաքրքրվել հայ համայնքի կարիքներով։ Ի պատասխան՝ Հայոց պատրիարքն ասել է, որ նախագահի կողմից կապ հաստատելը «թե իր, և թե իր ժողովրդի համար մխիթարական երևույթ է»։

Պետրոս Շիրինօղլուի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահն անդրադարձել է Սուրբ Փրկիչ հիվանդանոցին կառավարության հատկացրած միջոցներին՝ նկատի ունենալով, որ Սուրբ Փրկիչն ընտրվել է իբրև կորոնավիրուսի դեմ պայքարի հիվանդանոցներից մեկը Ստամբուլում:  Հայաստանը որևէ կերպ չարձագանքեց Թուրքիայի իշխանությունների այս ոչ պաշտոնական առաջարկին, թեև մի շարք վերլուծաբաններ, արդեն մի քանի օր է, ինչ ՀՀ ԱԳՆ-ին խորհուրդ են տալիս Թուրքիային պատասխանել  կամ առաջարկին արձագանքել որևէ խողովակով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոչ պաշտոնական առաջարկին կարիք չկա պատասխանել պաշտոնապես։

Եվ Հայաստանի «լռության» պայմաններում  թեման սրանով չավարտվեց, թուրքական շահարկումները շարունակվեցին․ Էրդողանի «առաջարկի» մասին հաղորդագրությանը հաջորդեց  Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալիմի պնդումը, որ Իսրայելը, ինչպես նաև՝ Հայաստանը, կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի հարցում աջակցություն են խնդրել Թուրքիայից:

«Աջակցության խնդրանքներ են ստացվել Հայաստանից, Իսրայելից։ Այստեղ մենք չենք տարբերակում երկրների ու տարածաշրջանների միջև և չենք անի՝ անկախ մեր քաղաքական հարաբերություններից»,- ասել էր Քալիմը։

168am-ը թեմայի վերաբերյալ փորձեց մեկնաբանություն ստանալ ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանից, սակայն նա մեզ ասաց, որ մեկնաբանություն այս թեմայով լինելու է, և տարածվելու է ընդհանուր հայտարարություն։

168am-ի հետ զրույցում Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» թերթի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը նախ տեղեկացրեց, որ Թուրքիայի նախագահը  վերոնշյալ զանգերը կատարել էր երկու առիթով։ Նախ, ըստ նրա, Էրդողանը ցանկացել էր շնորհավորել հայ համայնքի Սուրբ զատիկը, ապա շնորհակալություն հայտնել հայ համայնքին, որ մասնակցել են կորոնավիրուսի դեմ պայքարի համար կազմակերպված հանգանակությանը։

«Արդեն հայտնի է, որ այդ զրույցի ընթացքում էլ Թուրքիայի նախագահը տեղեկացրել էր, որ պատրաստվում է դեղորայքային աջակցության Հայաստանին։ Սրան Թուրքիայում որոշ պաշտոնյաների կողմից հաջորդեցին բավականին տհաճ մեկնաբանություններ և նաև այն, որ Հայաստանն է դիմել, թեև նման պաշտոնական խնդրանք ինձ հայտնի չէ,  չեմ կարծում նաև, որ եղած լինի։ Պարզապես Թուրքիան, ամենայն հավանականությամբ, օգտագործել է Հայաստանի որոշ հայտարարություններ իրավիճակի վերաբերյալ, փորձելով դա ներկայացնել՝ որպես նմանատիպ խնդրանք։

Էրդողանի առաջարկը նույնիսկ պաշտոնական  չէր, խոսակցության ընթացքում դա ասվել էր, և հիմա դրա շուրջ մեծ պատմություն է հյուսվում այն մասին, որ Հայաստանը պաշտոնապես նման պահանջ է ներկայացրել, ինչը սուտ է. Հայաստանը չէր կարող Թուրքիայից ինչ-որ բան խնդրել՝ իմ համոզմամբ»,- ասաց Էստուկյանը։

Նրա համոզմամբ՝ Թուրքիայի իշխանությունները, անկասկած, սա միտումնավոր են անում, և արժանահավատ չի կարող լինել նաև Հայաստանի դիմելու մասին պնդումն այն դեպքում, երբ այն տարածվեց միայն Էրդողանի «առաջարկից» հետո։

Բագրատ Էստուկյանն ասաց, որ հայկական կողմը, նույնիսկ առանց կոնկրետ թուրքական կողմին պատասխանելու, կարող է և պետք է հայտարարի, որ Թուրքիային չի դիմել և չի խնդրել աջակցություն։

«Այս մասին հայտարարություն անել իսկապես պետք է, քանի որ  այս հարցը Թուրքիան դարձնում է քարոզչության խաղալիք, գործիք, ու չի բացառվում, որ շարունակի այս ամենը»,- ասաց Էստուկյանը։

Անդրադառնալով Թուրքիայի իշխանությունների հակահամաճարակային քաղաքականությանը՝ Էստուկյանն ասաց, որ Թուրքիան ևս, ինչպես աշխարհի բոլոր երկրները, պատրաստ չէր պանդեմիային։

«Մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները ևս պատրաստ չէր, նույնիսկ դեղորայքի և տեխնիկայի կարիք է այնտեղ զգացվում։ Թուրքիան, Հայաստանն էլ պատրաստ չէին, բայց Թուրքիայի իշխանությունները փորձում են նաև քաղաքական օգուտներ քաղել աշխարհում ստեղծված իրավիճակից։ Ցավալին հենց դա է։ Կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում Թուրքիայում անօգնականություն է տիրում։ Օրինակ, չկարողացան  հաստատել ամբողջական արտակարգ դրություն, նման դրություն մտցրեցին  միայն մինչև 20 տարեկան և 65-ն անց անձանց համար, իսկ մնացածը՝ աշխատանքային տարիքի  անձինք ազատ տեղաշարժվում են և աշխատանքի են գնում, արգելվել է միայն որոշ ծառայություններ մատուցող ընկերությունների աշխատանքը»,- ասաց Էստուկյանը։

Ինչ վերաբերում է տվյալներին՝ ապա Էստուկյանն ասաց, որ հասարակության շրջանում հիմնավոր կասկած և համոզմունք կա, և  մահացողների և վարակվածների թիվը  շատ ավելի բարձր է, քան ներկայացվում է։ Այսինքն՝ այս իրավիճակում մեկ այլ երկրի աջակցության առաջարկ անել կամ ասել, որ այլ երկրներ Թուրքիայից աջակցություն են խնդրում, քաղաքական խաղեր են»,- ասաց Էստուկյանը։

Տեսանյութեր

Լրահոս