«Զատկի տոնն առաջացրել է լույսի և հույսի գաղափարը և մարդկանց ոգևորել ու հուսադրել է». Ազգագրագետ
«Զատիկի կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառության տոնը կապված է Քրիստոսի հարության հետ, այդ պատճառով նախկինում էլ, այժմ էլ համարվում է մեծ շուքով նշվող ու կարևոր տոներից մեկը: Այն Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է: Զատկի տոնն առաջացրել է լույսի և հույսի գաղափարը և մարդկանց ոգևորել ու հուսադրել է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը՝ անդրադառնալով Զատկի տոնի խորհրդին և տոնելու ավանդույթներին:
Ըստ ազգագրագետի՝ այն մարդկության սիրված տոներից է, որը նշվում է եկեղեցի այցելելով, ինչպես և նախկինում է եղել՝ շփվելով սրբազան անձանց ու տարածքի հետ:
Տոնի կարևոր բաղադրիչներից են եղել կերակուրներն ու տոնի ժամանակ անցկացվող խաղերը:
«Հայտնի է, որ տոնին ամենատիպականը կարմիր ներկված ձուն է, որի գույներն այսօր կարող են փոխել, սակայն նախկինում կարմիրը պարտադիր էր, քրիստոնեական մեկնաբանությամբ՝ այն Հիսուսի արյունն է, բայց, իհարկե, նախաքրիստոնեական շերտում ձուն կարծեք թե աշխարհի միկրոկոսմոսը, մոդելը լինի:
Տոնի ժամանակ ամենակարևոր խաղերից մեկը «ձու կռվացնելն» էր, եթե կողմերից մեկը հաղթում էր, ապա, ըստ ավանդույթի, պարտվողի վրա ունենում էր որոշակի իշխանություն, նաև պարգևատրվում էր և երկու ձուն էլ իրեն էր վերցնում: Սա, իհարկե, ժողովրդական տարածված խաղերից մեկն էր: Կար մեկ կարևոր հանգամանք ևս, որ ձուն պարտադիր պետք է ներկեին բնական ներկանյութերով, տարածված էր նաև սոխի կճեպով: Տոնական սեղանը զարդարում էին նաև բրնձից պատրաստված փլավով՝ համեմված չրեղենով, որոշ տեղերում կա նաև այսպիսի ավանդույթ, որ կաթսայի տակը լավաշ էին դնում, վրան ձվաձեղ անում, որի վրա էլ ավելացնում էին արդեն զատկական փլավը»,- պատմեց Սվետլանա Պողոսյանը:
Ըստ նրա՝ սեղանի կարևոր ուտեստ էր համարվում նաև ձկնեղենը, որը քրիստոնեության կարևոր խորհրդանիշերից մեկն էր համարվում, որի գլխամասում խաչ կա: Սեղանին պարտադիր դրվում էր նաև կարմիր գինի:
«Կարծում եմ՝ այսօր էլ նման ճգնաժամային պայմաններում բոլորը պատրաստվում են տան անդամներին շնորհավորել և ընտանիքում նշել այս տոնը: Նախկինում Զատկի տոնը նշելիս շատ տարածված էին նաև դրսի խաղերը, քանի որ բնությունը զարթոնք էր ապրում, սակայն առավել տարածվածը ձվախաղն էր»,- ընդգծեց Ս. Պողոսյանը:
Նա նաև հավելեց, որ ժամանակի ընթացքում Զատկական տոնը նշելու արարողությունների որոշակի փոփոխություններ եղան, նախ՝ սկսեցին ձվերը տարբեր գույներով ներկել, տոնական սեղանն ավելի գեղեցիկ ձևավորել, կարևոր փոփոխություն էր նաև, որ այն սկսեց նաև դիտարկվել՝ որպես մանուկների համար տոն, այսինքն՝ գլխավոր դերակատարը դարձավ երեխան: