Շենքերի ախտահանման աշխատանքները կարող են անտեսանելի լինել. Քաղաքապետի տեղակալ
«Նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Երևանի քաղաքապետարանը միայն ախտահանման աշխատանքները չէ, որ կատարում է». մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանում վարակի կանխարգելման գործողությունները համակարգող օպերատիվ շտաբի ղեկավար, քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը՝ ի պատասխան լրագրողի այն հարցի, թե ի՞նչ աշխատանքներ է անում Քաղաքապետարանը, եթե Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հայտարարել է, որ Երևանում ախտահանման աշխատանքները կատարում են ԱԻՆ աշխատակիցները:
«ԱԻՆ-ի հետ, բնականաբար, միշտ համագործակցում ենք: Կանգառներն ԱԻՆ-ի միջոցով են ախտահանվում: Երևանի քաղաքապետարանն իրականացնում էր տրանսպորտային միջոցների ախտահանում՝ ավտոբուսներ, տրոլեյբուսներ, մետրո, գազելներ: Հիմա այդ աշխատանքները դադարեցված են, քանի որ տրանսպորտը չի գործում: Ախտահանվում են բազմաբնակարան շենքերի մուտքերը, վերելակները: Սպասարկման ոլորտի կարգավորումներ կան, որոնց ուշի ուշով հետևում ենք, աշխատանքներ ենք իրականացնում մասնավոր սեկտորում, տնտեսվարողների շրջանում»,- ասաց Հարությունյանը:
Քաղաքապետի տեղակալը հիշեցրեց, որ Քաղաքապետարանի ենթակայությամբ են գործում մի շարք պոլիկլինիկաներ և Շտապօգնության ծառայությունը, որոնց աշխատակազմերն առաջինն են շփում ունենում վարակակիրների հետ: Անդրադառնալով այն բողոքներին, որ շենքերը չեն ախտահանվում, Սերգեյ Հարությունյանն ասաց.
«Ախտահանման աշխատանքները կարող են լինել անտեսանելի, քանի որ տևում է մի քանի րոպե, մարդիկ հատուկ նյութերով մտնում են շենք, դա կատարվում է շատ շուտ ժամերի, և մարդիկ կարող են չնկատել: Այն հասցեները, որոնք իրականում գիտեն, որ չեն ախտահանվել, կարող են հայտնել թեժ գծերի համարներին: Մարդիկ համեստ իրենց գործը կատարում են, անկախ նրանից՝ ախտահանող սարքը մե՞ծ է, թե՞ փոքր, փչո՞ւմ է հեղուկը, թե՞ այլ կերպ է գործում, թե՞ պարզապես շորով են քսում, կարևոր է, որ ուղղակի այդ հեղուկը պատի այդ մակերեսները»:
Հարցին, թե այս օրերին չաշխատող տրանսպորտի վարորդներին ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին քննարկումներ Քաղաքապետարանում եղե՞լ են, Հարությունյանը պատասխանեց, որ նման տեղեկատվություն չունի, Քաղաքապետարանի ենթակայության տակ գործող «Ավտոբուս» ՓԲԸ-ն էլ այս օրերին աշխատում է բուժաշխատողների համար և կազմակերպում է նրանց տեղաշարժը: Ինչ վերաբերում է տաքսիներին, դրանց մաքրությանն ու վարորդների դիմակ և ձեռնոց կրելուն, քաղաքապետի տեղակալն ասաց.
«Տաքսիները մասնավոր սեկտոր են, անգամ հաշվառված չեն շատերը, նշաններ չունեն, բայց կանգնած են ու վարում են, պետք է ուղղակի հորդորել, որ առանց դիմակների և ձեռնոցների չերթևեկեն: Չնայած ես տեսել եմ, որ շատերն ալկոգելով մաքրում են իրենց մեքենաները»: