Միշան նոր տեսահոլովակ է թողարկել
«Արցախի ձայներ» երաժշտական խմբի անդամ Միքայել Գրիգորյանը (Միշա) նոր տեսահոլովակ է թողարկել. երգը կոչվում է «Մամա»:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Միշան ասել է, որ իր նոր երգն ունի հայերեն և անգլերեն տարբերակներ:
Երգի երաժշտության և անգլերեն խոսքերի հեղինակը «Արցախի ձայներ» երաժշտական խմբի անդամ Սարինե Բալասանյանն է, իսկ հայերեն տարբերակինը՝ Ավետ Բարսեղյանը. գործիքավորումը կատարել են Կարեն Համբարձումյանը և Սևակ Մելքոնյանը (KarenSevakProduction), հագուստի ձևավորումը պատկանում է Օքսանա Բաբուրյանի: Տեսահոլովակի նկարահանումները տեղի են ունեցել Երևանում:
Խոսելով կատարման մասին՝ մեր զրուցակիցը մասնավորապես ասել է. «Անկեղծ ասած, այս երգն ինձ համար յուրահատուկ նշանակություն ունի: Ես միանգամից սիրեցի երգը. ստեղծագործությունը նվիրված է բոլոր մայրերին: Կատարելով այս երգը զգում եմ իմ բարի ու անկեղծ մայրիկին»:
Մ. Գրիգորյանն իր խորին շնորհակալություն է հայտնել «Արցախի ձայներ» երաժշտական խմբի պրոդյուսեր Լիրա Քոչարյանին, ով խորհուրդներով և հոգեկան աջակցությամբ մշտապես իր կողքին է, ինչպես նաև թիմի բոլոր անդամներին, որոնց շնորհիվ ստեղծվեց նոր տեսահոլովակ: