«Գերմանիայում հայ համայնքը հարգում է այն պայմանները, որն ունի երկիրը». Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ
Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն այսօր գերազանցել է 113 հազարը, մահերի թիվը 2349 է: Ըստ միջազգային լրահոսի՝ դեպքերի մեծ մասը հայտնաբերվել է Բավարիայում, Հյուսիսային Ռայն-Վեստֆալիայում և Բադեն-Վյուրթեմբերգում:
Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը 168.am-ի հետ զրույցում, սակայն, նկատեց, որ այս մտահոգ թվերի կողքին կա նաև դրականը՝ ավելի քան 46000 վարակակիրների առողջացումը. «Գերմանական կառավարությունն առաջին իսկ օրից մեծ ջանքեր է կիրառում, որպեսզի կարողանա գոնե դանդաղեցնել վարակի տարածման ընթացքը:
Մարտի 15-ից սկսած՝ սահմանափակումներն անընդհատ խստացան: Երկրի ողջ տարածքում գրեթե նույն սահմանափակումներն են, մեկ-երկու նահանգներում՝ քիչ ավելի խիստ: Յուրաքանչյուր նահանգ իրավունք ունի իր ներքին կյանքն ինքնուրույն տնօրինելու. Գերմանիան դաշնային երկիր է, նահանգները լայն լիազորություններ ունեն, և ամեն նահանգ կարող է նաև միջոցները խստացնել»:
Հայոց թեմի առաջնորդը նշեց, որ, ինչպես տարբեր երկրներում, այնպես էլ Գերմանիայում առաջին հերթին կիրառվել են տեղաշարժման սահմանափակումները. «Ժողովրդին կոչ է արվել հնարավորինս մնալ տանը, փողոց դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, կամ մի փոքր զբոսնելու, թարմ օդ շնչելու, այն էլ՝ առավելագույնը երկու հոգով (արգելվում է երկուսից ավելի մարդկանց կուտակումը նույն վայրում, եթե նրանք նույն հարկի տակ չեն ապրում և նույն ընտանիքին չեն պատկանում, բայց բոլոր դեպքերում չի խրախուսվում ավելի քան երկու հոգու ներկայությունը):
Շատուշատ հիմնարկություններ այստեղ անցան կարճ աշխատանքային ժամերի, խանութների մի զգալի մասն այս պահին փակ է, խանութները, որոնք սննդի հետ առնչություն չունեն, այդ խանութների մեծ մասը փակ է:
Հեռուստատեսությունները տարբեր քննարկումներ են կազմակերպում, որտեղ մասնագետներն իրենց տեսակետն են արտահայտում, որպեսզի ժողովուրդը տեղեկացված լինի և իրենից սպասվածն անի»:
Մեր զրուցակիցը հավելեց, որ հասարակության մեջ չկան խուճապային տրամադրություններ, և քաղաքացիները մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում ընդունված սահմանափակումներին. «Գերմանացի ժողովուրդը շատ կարգապահ է և իր կարգապահությամբ օգնում է իշխանություններին համավարակի դեմ պայքարում:
Խուճապ չկա, կա մտահոգություն, մարդիկ իսկապես զգուշավոր են և հնարավորինս պահպանում են սահմանափակումները, հասկացողություն են ցուցաբերում միմյանց նկատմամբ: Թեև հերթեր են գոյանում խանութ մտնելիս ու դուրս գալիս, բայց պետք է ասեմ, որ մարդիկ կանոնավոր կերպով հետևում են հեռավորություն պահելու սկզբունքին:
Խանութներում հիմնականում ապրանքների պակաս չկա, ապրանքները չեն թանկանում, որոշ ապրանքներ, կարգավորելու համար առևտուրը, թույլ չի տրվում շատ մեծ քանակությամբ գնել, բայց այդ իմաստով անհանգստանալու կարիք չկա՝ իշխանություններն էլ երաշխավորում են, որ այդ իմաստով որևէ խնդիր չի առաջանա»:
Հայ համայնքում առկա տրամադրությունների ու վարակակիրների մասին տեղեկությունների վերաբերյալ մեր հարցին ի պատասխան՝ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը հայտնեց.
«Համայնքը հարգում է այն պայմանները, որն ունի երկիրը. աշխարհիկ, մշակութային միջոցառումները գրեթե կանգ են առել, իսկ հոգևոր իմաստով՝ մեր այն երեք համայնքներում, որտեղ ունենք եկեղեցիներ (Քյոլն, Գյոփինգեն, Հալլե) այդ եկեղեցիներում բոլոր արարողությունները տեղի են ունենում, սակայն դռնփակ՝ առանց ժողովրդի ներկայության:
Նաև Ավագ շաբաթվա ընթացքում, Զատկական շրջանում նախատեսված արարողությունները տեղի կունենան: Հիմնականում Քյոլնի առաջնորդանիստ Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու արարողությունները համացանցի միջոցով հեռասփռվում են մեր ժողովրդի համար, որպեսզի մարդիկ գոնե իրենց տներից կարողանան հետևել արարողություններին և աղոթակից լինել մեզ: Նույնը շարունակվելու է նաև Զատկից հետո:
Եկեղեցիների փակ լինելու խնդիր չկա. եկեղեցիներն առանձնական աղոթքի համար բաց են՝ մարդիկ կարող են պահպանելով անհրաժեշտ զգուշավորություն՝ այցելել եկեղեցի, մոմ վառել, աղոթք անել, բայց արարողությունները տեղի են ունենում դռնփակ:
Բացի արարողություններից, կապը համայնքի հետ պահվում է մեր հոգևորականների միջոցով. նրանք ամեն օր ոչ պակաս, քան տասն ընտանիքների հեռախոսում են, տեղեկություններ են ստանում, հատկապես հաճախակի կապի մեջ ենք փորձում լինել համայնքի ավելի տարեց անդամների հետ, և, եթե անհրաժեշտություն է լինում, մեր հոգևորականները կարողանում են օգտակարություն ցուցաբերել՝ գնումների, բժշկի գնալու և այլ հարցերում:
Վարակակիրների և առողջացածների մասին որոշակի տվյալներ կան, բայց մեր ունեցած տվյալները չեն կարող ամբողջական լինել. Բարեբախտաբար, ծանր վիճակում գտնվող անձեր, գոնե մեր տեղեկություններով, չկան, չկան նաև մահեր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը։