Քրեական դատավարության օրենսգրքում հետաքննության մարմնի լիազորությունների վերաբերյալ փոփոխություններ կլինեն
ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեց Կառավարության կողմից ներկայացված «Քրեական դատավարության մասին ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը:
Ներկայացնելով նախագիծը՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը նշեց, որ այս փոփոխությունները վերաբերում են Քրեական դատավարության օրենսգրքի 55 և 57 հոդվածներին՝ քննիչների և հետաքննության մարմնի լիազորությունների սահմանմանը համալիր հարկային ստուգումներ նշանակելու բնագավառում:
«Ներկայիս խնդիրն այն է, որ տնտեսվարողների մոտ համալիր հարկային ստուգումներ նշանակելու դեպքերն իրականացնում են Հարկային օրենսգրքում նախատեսված՝ հիմնականում ռիսկայնության չափանիշերի հիման վրա, ինչպես նաև նախատեսված են որոշակի դեպքեր, որոնք շեղվում են ընդհանուր կանոնից: Այս նախագծով նախատեսվում է որոշում ընդունել՝ կատարելու ստուգումներ, վերստուգումներ, գույքագրումներ, այլ ստուգողական գործողություններ, եթե առկա են քրեական գործի նյութերից բխող վերաբերելի, արժանահավատ և բավարար տվյալներ այն մասին, որ քրեական գործով ապացուցման ենթակա մի շարք հանգամանքներ կարող են հերքվել կամ հաստատվել տվյալ ստուգմամբ, վերստուգմամբ, գույքագրմամբ կամ այլ ստուգողական գործողությամբ: Որոշումն ընդունելուց հետո անհապաղ ուղարկվում է հսկող դատախազին: Հսկող դատախազը որոշումը ստանալուց հետո յոթ օրվա ընթացքում իրավասու է վերացնել որոշումը»,- նշեց Է. Հովհաննիսյանը:
ՊԵԿ նախագահի տեղակալը նաև ընդգծեց, որ օրենսգրքի 57-րդ հոդվածը հետաքննության մարմնին, ի թիվս այլ լիազորությունների, վերապահում է հետևյալ լիազորությունները՝ հանցագործությունները և դրանք կատարող անձանց բացահայտելու, հանցագործությունը կանխելու և խափանելու նպատակով ձեռնարկում է համապատասխան օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ: Մինչև քրեական գործ հարուցելը՝ նախապատրաստվող նյութերով կատարում է դեպքի վայրի զննություն, հետազոտման համար վերցնում է նմուշներ և նշանակում փորձաքննություն:
«Նաև քրեական գործ հարուցելուց հետո հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու, հանցագործության հետքերը հայտնաբերելու և ամրապնդելու ուղղությամբ կատարում է քննչական անհետաձգելի գործողություններ, օրինակ՝ զննություն, խուզարկություն, նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկում, հեռախոսային խոսակցությունների լսում, առգրավում, քննում, կասկածյալի ձերբակալում ու հարցաքննություն, տուժողների և վկաների հարցաքննություն, առերեսում, նշանակում է փորձաքննություն»,- շեշտեց Էդվարդ Հովհաննիսյանը: