Ո՞ւմ է առաջնահերթություն տվել դատախազությունը` առաջնային ռիսկի գոտում գտնվող կալանավորված անձանց նկատմամբ խափանման միջոցի փոփոխման նախաձեռնություն սկսելիս
Ապրիլի 7-ին գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ ՔԿՀ-ներում պահվող նախնական կալանքի տակ գտնվող անձանց կորոնավիրուսային վարակումից և հիվանդությունից պաշտպանելու միջոցառումների շրջանակներում ՀՀ դատախազությունը սկսել է առաջնային ռիսկի գոտում գտնվող կալանավորված անձանց նկատմամբ խափանման միջոցի փոփոխման նախաձեռնություն:
«Առանձնացվել էին նախաքննության և դատական քննության փուլում գտնվող քրեական գործերով խոցելի տարիքային խմբում գտնվող, ծանր և/կամ խրոնիկական, մի քանի համակցված հիվանդություններ ունեցող, ներկայումս բժշկական հաստատություններում, հիմնականում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում բժշկական օգնություն ստացող՝ 11, ինչպես նաև՝ այլ քրեակատարողական հիմնարկներում գտնվող 9 կալանավորված անձինք:
Մինչև ապրիլի 6-ը ներառյալ անմիջականորեն դատախազների որոշումներով արդեն իսկ փոփոխվել են նախաքննության փուլում գտնվող գործերով անցնող 3 մեղադրյալների նկատմամբ խափանման միջոցները՝ ընտրելով ստորագրություն չհեռանալու մասին: Բացի այդ, դատական քննության փուլում գտնվող գործերով դատախազների կողմից հրատապության կարգով դատարաններ ներկայացված՝ 6 անձի նկատմամբ նախնական կալանքը փոփոխելու միջնորդություններ բավարարվել են: Որպես կանոն՝ դատարանների կողմից ևս ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը: Վերոնշյալ 9 անձանցից 4-ը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող անձինք են, 5-ը՝ այլ ՔԿՀ-ներում»,- գրել էր Գոռ Աբրահամյանը:
168.am-ը Գոռ Աբրահամյանից փորձեց ճշտել, թե ովքե՞ր են այն անձինք, ում խափանման միջոցները փոխվել են, և քանի որ անձնական տվյալների պաշտպանության համատեքստում հնարավոր չէր անուններ նշել, խնդրել էինք տեղեկացնել` ի՞նչ սկզբունքներ են գործել նշված կալանավորված անձանց խափանման միջոցները փոփոխելու ժամանակ, ի՞նչ հիվանդություններ են ունեցել տվյալ անձինք, ուղեկցող ի՞նչ այլ հանգամանքների համակցություն է գործել ընտրություն կատարելիս, կարճ ասած` ինչո՞ւ է ընտրությունը կանգ առել այդ անձանց վրա:
Գլխավոր դատախազի խորհրդականը, ի պատասխան մեր հարցման, նշեց, որ ուսումնասիրությամբ առաջնահերթորեն առանձնացվել են քննության ընթացքում գտնվող այն քրեական գործերը, որոնցով նախնական կալանքի տակ գտնվող անձինք գտնվում են կորոնավիրուսի վարակի, հիվանդացության առումով խոցելի տարիքային խմբում, ունեն առողջական խնդիրներ, և անձինք, որոնք ունեն ծանր և/կամ խրոնիկական հիվանդություններ, կամ մի քանի ծանր հիվանդությունների համակցություն և ստացիոնար բուժում են ստանում «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում:
«Մասնավորապես՝ դատախազության դիտանկյունից այս հիմքերով ազատվող անձանց մեջ կան 65-ից բարձր տարիքի, ինչպես նաև ավելի երիտասարդ տարիքի մեղադրյալներ, որոնք տառապում են, օրինակ, «ծնոտի oստեոմիելիտ, օստեոնեկրոզ», տուբերկուլյոզ հիվանդություններով, կամ ՄԻԱՎ վարակակիրներ են, որոնք ունեն 2-4-րդ կլինիկական փուլի իմունային անբավարարություն, ինչպես նաև համակցված բազմաթիվ այլ հիվանդություններ, և այլն: Կալանավորված անձանց տվալները չեն կարող հայտնվել՝ հաշվի առնելով, որ դրանք պարունակում են նրանց առողջության վերաբերյալ անձնական տվյալներ, որոնք հրապարակման ենթակա չեն»,- ասաց Գոռ Աբրահամյանը: