Բաժիններ՝

«Վնասները կհաշվարկենք փոթորկից հետո». Հակոբ Բաղդասարյանը՝ անշարժ գույքի շուկայում առկա խնդիրների մասին

«Անշարժ գույքի ընդհանուր վիճակը համապատասխանում է երկրի կասեցված իրավիճակին»,- 168.am-ի հետ զրույցում հայտնեց անշարժ գույքի շուկայի մասնագետ, «Ակցեռն» կորպորացիայի նախագահ Հակոբ Բաղդասարյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խնդիրներին:

Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ ոլորտի տեսակարար կշիռը երկրի ՀՆԱ-ում կազմում է շուրջ 20%, և տնտեսության բոլոր բացասական ազդակներն անդրադառնում են շուկայի վրա. «Ինչպես պետությունն է կանգառած վիճակում, նույն ձևով և՝ անշարժ գույքի շուկան, կառուցապատման ոլորտը և բանկերի ֆինանսավորման գործընթացները: Գուցե բացառիկ բանկեր լինեն, ինչ-որ այլ մոտեցումներ լինեն, բայց մեծամասամբ իրենք հետաձգել են բոլոր գործառույթները՝ կապված և՛ ֆինանսավորման, և՛ հիպոթեքի և մնացյալ այլ առումներով, կառուցապատումը, առավել ևս, ամբողջապես կասեցված է»:

Հ. Բաղդասարյանը հավելեց, որ լուրջ խնդիրներ կան հատկապես վարձակալության շուկայում՝ պայմանավորված թե՛ զբոսաշրջիկների բացակայությամբ, թե՛ այլ ներքին գործոններով. «Քանի որ ամբողջ ավիացիոն ոլորտը պարալիզացված է, դրանից բխող հետևանքներն անդրադառնում են նաև վարձակալության վրա: Խնդիրներ են առաջացել նաև հասարակական նշանակության  գույքի վարձակալության շուրջ. սեփականատերեր կան՝ կարող են իրավիճակից ելնելով՝ ըմբռնումով մոտենալ կամ չեղարկել տարածքների վարձակալության նախկին եղած պայմանավորվածություները (ռեստորանային ցանցերը, այլ բիզնեսները մեծամասամբ  վարձակալությամբ վերցված գույքեր էին): Ամենածանր  խնդիրները բիզնեսի այդ հատվածում ունենք»:

Հաջորդ խնդիրների խումբը, ըստ մեր զրուցակցի, առնչվում է հիպոթեքային վարկառուներին. «Հիպոթեքի մասով՝ իհարկե, բանկերը երկու-երեք ամիս  վարկերի մարման գործընթացները հետաձգել են, բայց այնպես չի, որ բեռը վերցրել են իրենց վրա կամ չեղարկել են, ուղղակի հետաձգումներ են, որպեսզի ժամկետանց չհամարվեն, և տույժ-տուգանքներ չհաշվարկվեն, բայց դա, իհարկե, չի թեթևացնում վարկառուի հետագա անելիքները»:

Շուկայի կրած վնասների հնարավոր չափի մասին մեր հարցին ի պատասխան՝ Հ. Բաղդասարյանն ասաց. «Վնասները կհաշվարկենք փոթորկից հետո. այս պահի դրությամբ շատ դժվար է վերլուծել»:

Մեր դիտարկմանը, թե՝ պարբերաբար նշվում է տնտեսվարողների համար պետության մշակած և ներդրած աջակցության  միջոցառումների մասին, որքանո՞վ են դրանք կոնկրետ այս ոլորտի համար արդյունավետ, մեր զրուցակիցն արձագանքեց. «Պետության աջակցությունն ավելի խելամիտ կլիներ կառուցապատման ոլորտում որոշակի պայմաններ թելադրելու առումով, որ չկասեցվեին աշխատանքները, որովհետև բացօթյա շինարարության կասեցումը ես չեմ կարողանում ըմբռնել՝ ինչ վտանգ է իրենից ներկայացնում, ենթադրենք՝ նույն ճանապարհաշինությունն ինչո՞ւ է կանգնեցված, ի՞նչ աստիճանի վտանգներ կան հաշվարկված:

Ամենամեծ աջակցությունը կլիներ այն, որ կառուցապատման ոլորտում բացօթյա շինարարությունները չկասեցվեին:

Ինչ վերաբերում է վարկավորումներին՝ ծրագրերը, որոնք կառավարության կողմից մշակված և ընդունված են, միևնույն է, անհատական մոտեցմամբ, մարդկային գործոններով պետք է գնահատվեն. այնպես չի, որ մեխանիկորեն ովքեր ընկնում են շկալայի տակ, ստանում են այդ վարկավորումները, փոխհատուցումներն  այս կամ այն չափով: Այդ ամենը համակարգված չէ, թողնված է ձեռքի կառավարման, իսկ ձեռքի կառավարմամբ չի կարող էֆեկտիվ լինել: Չեմ պատկերացնում, թե ինչ պրոֆեսիոնալ կազմ պիտի սպասարկի, որ նման ծավալի դեպքում յուրաքանչյուրին անհատական մոտեցում ցուցաբերվի»:

Անշարժ գույքի շուկայի մասնագետը շուկայի մասին կանխատեսումներում դրական սպասելիքներ չունի. «Մենք մեկ տարի հետո նոր դրական աճ կարող ենք արձանագրել տնտեսության վերականգնումից հետո,  եթե, իհարկե,  մայիսին ավարտվի այս ամենը: Եթե ավարտվի, մեկ տարվա կտրվածքով նոր վերականգնման միտումներ կարող ենք ունենալ շուկայում,   բայց բացի կորոնավիրուսից՝ մենք ոլորտում տարաբնույթ խնդիրներ ունենք՝ կապված հետագայում գույքահարկի բարձրացման,  եկամտահարկի վերանայման, փոխհատուցման հետ.  Այսինքն՝ անելիքներ կան նաև օրենսդրական մասով»:

Ըստ Հակոբ Բաղդասարյանի՝ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքը, որն ուժի մեջ է մտնելու 2021 թվականի հունվարի 1-ից, շուկայի վրա կրկնակի բեռ կդառնա: «Եթե դրանք սկսեն գործել, միանշանակ ավելի շոշափելի կլինի ոլորտային ճգնաժամը:

Օրենքի կիրառման դեպքում արդեն ամբողջ ՀՀ գույքն ընկնում է այդ մեխանիզմի տակ ու ավտոմատ երեքից ութ անգամ բարձրացում է նախատեսվում, ու դա չի վերաբերում միայն, ենթադրենք, հարյուր կամ մի քանի հարյուր թանկարժեք առանձնատներին, այդ առանձնատների հետ՝ ամբողջ շուկային, և մյուս խնդիրներն ավելի ակտուալ են,  քան էդ ճոխ առանձնատների հարցը: Մինչդեռ հարցը քննարկելուց՝ քննարկում ենք միայն ճոխ առանձնատների մասը,  բայց պիտի դիտարկենք արտադրատարածքների,  հասարակական նշանակության տարածքների, խանութների հարցը. բոլորի գույքահարկը բարձրանում է, ինչը նշանակում է՝ բիզնեսի վրա լրացուցիչ բեռ»,- եզրափակեց խոսքն «Ակցեռն» կորպորացիայի նախագահ Հակոբ Բաղդասարյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս