Թոքերի արհեստական օդափոխման 10 սարք է վերանորոգվել. Հակոբ Արշակյան
«Տարբեր տեղերից հայտնաբերված և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը տրամադրված՝ թոքերի արհեստական օդափոխման 10 սարք ունենք, որոնք վերականգնվել են և ենթակա են շահագործման». ԲՏԱ նախարար, տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ասուլիսի ժամանակ նշեց, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են դրանք տրամադրել Առողջապահության նախարարությանը:
«Այս գործընթացը շարունակական բնույթ է կրում, բազմաթիվ զանգեր ենք ստանում, որ այս կամ այն տեղում դուրսգրված, կամ որևէ մեկի տանը անսարք սարք կա: Դրանք տրամադրում ենք Ինժեներական ասոցիացիային, իրենք վերանորոգում են, բերում են աշխատանքային վիճակի: Տասնյակ նամակներ ունենք Լիբանանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի մեր հայրենակիցներից, ովքեր պատրաստակամություն են հայտնում օգնություն տրամադրել մեր տեղի ինժեներներին՝ փորձանմուշներ ձեռք բերելու և խորհրդատվություն ստանալու տեսքով»,- ասաց Արշակյանը:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը նշեց՝ տեղեկություններ են տարածվում թոքերի արհեստական օդափոխության սարքերի ստեղծման մասին: Նրա խոսքով՝ դրանց մեծ մասը չեն լուծում իրենց առաջադրված խնդիրը:
«Որոշները, իհարկե, լուրջ սարքեր են, սակայն մեծամասնությունը 3D պրինտերով տպած սարքեր են: Դրանք ըստ էության չեն լուծում առաջադրված խնդիրները: Սարքերը պետք է ունենան արձագանքման համակարգեր, սենսորներ, որոնք գնահատում են հիվանդների վիճակը և ըստ դրա են գործում: Արձագանքման և չափման համակարգեր պետք է ունենան այս սարքերը, որ ավելի չվատթարացնեն վիճակը, կյանքի համար վտանգ չներկայացնեն: Այստեղ միայն պոմպի դեր չի կատարում այդ սարքը, օդ չի մղում ու արտամղում, այն ամբողջապես փոխարինում է շնչառական համակարգին, պետք է անհրաժեշտության դեպքում անջատվի, ինֆորմացիա փոխանցի բժիշկներին»,- ասաց Հակոբ Արշակյանը:
Նախարարի խոսքով՝ նման սարքի ստեղծումը մեկ շաբաթում կամ մեկ ամսում լուծվող հարց չէ, ֆունկցիոնալ սարք ունենալու համար ամիսների աշխատանք է հարկավոր, դրանք պետք է թեստավորում անցնեն և սերտիֆիկատ ստանան: Միևնույն ժամանակ Հակոբ Արշակյանը նշեց, որ մեր երկիրը նման սարքերի արտադրման ներուժ ունի:
«Մենք աշխատում ենք նախագծի վրա, որ հստակ մոդելավորենք, թե ինչպե՞ս ենք առաջ գնում՝ նախագծում, հետո արտադրություն, պետք է հասկանալ, թե ովքե՞ր պետք է դա անեն: Ժամանակային շռայլություն մեզ թույլ տալ չենք կարող: Արտադրության ներուժ կա, սակայն կլինիկական փորձարկումների և սերտիֆիկատների հարց կա: Դրա համար երկար ժամանակ է պահանջվում: Չնայած սրան, աշխարհում հիմա վակուում կա, թոքերի արհեստական օդափոխման սարքերի պահանջարկը տասնյակ անգամներ գերազանցում է արտադրական հզորությունը, և սա լավ հնարավորություն է: Ինչ վերաբերում է նրան, թե կկարողանա՞ն հետագայում դրանք դուրս գալ համաշխարհային շուկա, այդ մասին նախարարությունը չպետք է մտածի այս փուլում, դա ավելի շատ ընկերությունը պետք է հասկանա»,- ասաց նախարարը։
Ասուլիսի ժամանակ հնչեցված հարցին, թե այժմ ներմուծվո՞ւմ են թոքերի արհեստական օդափոխման սարքեր, նախարարը պատասխանեց.
«Ներմուծման բարդություններ կան, մի շարք սարքեր գնվել են և կբերվեն Հայաստան: Ճանապարհին են ոչ միայն արհեստական օդափոխման սարքերը, այլև թթվածնի մատակարարման այլ ապարատներ»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ հայտնել էր, որ Հայաստանում կարտադրվեն կորոնավիրուսի հայտնաբերման թեստեր: Հակոբ Արշակյանը լրագրողի հարցին ի պատասխան՝ ասաց, որ այդ խնդրով իրենք չեն զբաղվում, սակայն ինքը վստահում է ոլորտի մասնագետների ներուժին: Վարչապետի մեկ այլ՝ ռազմական արդյունաբերության ոլորտում առկա ձեռքբերումների մասին հայտարարության առնչությամբ Արշակյանը մանրամասներ չհայտնեց, փոխարենն ասաց.
«Ռազմարդյունաբերական համալիրն իր ամբողջ թափով և հզորությամբ աշխատում է: Գործունեության այս տեսակը պարետի սահմանած բացառությունների մեջ մտնող տնտեսական ոլորտներից է: ՊՆ-ի և տեխնոլոգիական մի շարք ընկերությունների հետ բազմաթիվ պայմանագրեր են կնքվել: Գործիքներ են մշակվում, որ արտադրանքն արտաքին շուկա դուրս բերենք»:
Նախարարը նաև նշեց, որ այս օրերին ակտիվացել է էլեկտրոնային առևտուրը, օնլայն դրամական միջոցների շրջանառությունը: Լրագրողներից մեկի հարցին, թե ինժեներներն ընդգրկվելո՞ւ են դրամաշնորհային ծրագրերում, օրինակ՝ եթե որոշեն ռոբոտ ստեղծել, որը կփոխարինի բուժքույրերին, Հակոբ Արշակյանը պատասխանեց.
«Հրաշալի իդեա եք տալիս, կորոնավիրուսի կանխարգելման հետ կապված ծրագրերն առաջնահերթություն կստանան»: