«Նիկոլ Փաշինյանի շուրթերից հնչել է` Ղարաբաղը դա մի վանդեա է, ինչը չպետք է թույլ տալ». Մարկեդոնով

Մոսկվայում ղարաբաղյան օրակարգի մասին այնքան էլ տեղեկացված չեն, այն հայտնի չէ, խոսքը մասնավորապես ներքին դինամիկայի մասին է: Ղարաբաղյան սյուժեն դիտարկվում է ավելի լայն համատեքստում` աշխարհաքաղաքական, ղարաբաղյան հակամարտության: «Հոդված 3» ակումբի կազմակերպած «Արցախ. ընտրությունների երկրորդ փո՞ւլ, թե՞ քաղաքական ճգնաժամի սկիզբ» վերտառությամբ տեսաքննարկման ժամանակ նշեց Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Եվրաատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:

Ըստ նրա` այսօրվա դրությամբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունները փոքր են:

«Բավարար է նայել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի մյունխենյան դիալոգը` հասկանալու, որ այս խնդրում մեծ առաջընթաց չկա: Ռուսաստանի համար կարևոր է, որ, եթե այս հակամարտությունը սառեցված չի մնալու, ապա գոնե չդրսևորվեն էսկալացիոն նեգատիվ նշաններ, ինչը տեղի ունեցավ 2016-ի ապրիլին: Սրանում է մտահոգություններից մեկը: Երկրորդ «փազլն» ավելի խոշոր է, որի շրջանակում դիտարկվում է ղարաբաղյան հարցը, դա վերաբերում է Մեծ Հայաստանի իրավիճակին»,- շեշտեց քաղաքագետը` ակնարկելով, որ որքան էլ խոսենք Հայաստան-Արցախ, այսպես ասած, դիստանցիայից, կախվածությունն Արցախի Հայաստանից մեծ է` ռազմական, անվտանգային հարցերում,  և վերջերս ականատեսն ենք նաև ինչ-որ առումով քաղաքական կախվածության:

«ՀՀ-ում 2 տարի առաջ իշխանություն փոխվեց, և մենք տեսանք, թե ինչպես քայլ առ քայլ ՀՀ նոր իշխանությունները վերաձևեց, վերակազմավորեց հայկական քաղաքական էլիտայի համար առանցքային սեգմենտները. առաջին` Երևանի քաղաքային իշխանությունը, ինչի դերակատարումից եթե խոսենք, կարող ենք ասել, որ այն  համազգային նշանակություն ունի` հաշվի առնելով ՀՀ ընտրողների ընդհանուր թվում երևանցիների քանակը, երկրորդ` ԱԺ-ն, որտեղ մեծամասնություն է իշխող կուսակցությունը, երրորդ` մենք տեսանք, թե ինչ կատարվեց դատական համակարգի շուրջ: Ապրիլի 5-ին պետք է տեղի ունենար հանրաքվե, ինչը, կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված, չկայացավ:

Այսինքն` սրա հետ կապված իրավիճակը սառեցված է, բայց շարունակություն կունենա: Եվ վերջապես, Արցախի, ՀՀ և Արցախի իշխանությունների միջև` ի դեմս Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի, կային որոշակի խնդիրներ, և Փաշինյանը կցանկանար Արցախի նախագահի պաշտոնում այլ մարդու տեսնել` հաշվի առնելով ՀՀ մեծ քաղաքականության, Քոչարյանի հետ կապված ֆակտորները, չմոռանանք, որ Բակո Սահակյանը երաշխավոր եղավ, որ Ռ. Քոչարյանին կալանքից ազատեն: Նիկոլ Փաշինյանի շուրթերից հնչել է նաև, որ Ղարաբաղը դա մի վանդեա է (հակահեղափոխության օջախ.- Մ.Պ.), ինչը չպետք է թույլ տալ»,- մանրամասնեց Մարկեդոնովը:

Անդրադառնալով համաճարակային վտանգի պայմաններում Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրություններին և երկրորդ փուլի հնարավորությանը, ռուս քաղաքագետը նշեց, որ Երևանը դեռ իր խոսքը չի ասել, այնուհետ ենթադրում է, թե գուցե թվում էր՝ ամեն ինչ առաջին փուլով կավարտվի:

Ըստ նրա` կարելի է գոնե խորհրդանշական մի խոսք ասել` որպես Արցախի անվտանգության երաշխավոր: Մարկեդոնովը, ամեն դեպքում, այս հարցը փակված չի համարում և հույս ունի, որ համապատասխան խոսք դեռ կհնչի:

«Այստեղ խոսքը համաճարակային վտանգի պայմաններում մարդկանց անվտանգության մասին է: Իսկ Արցախի դեպքում այն առավել կարևոր է»,- շեշտեց նա` ակնարկելով, որ Մասիս Մայիլյանն իր հայտարարության մեջ փորձել է հենց այս փաստն օգտագործել, թե իշխանություններն անտեսում են մարդկային ռեսուրսի անվտանգության հարցը:

Իսկ եթե Արցախի նախագահի ընտրության երկրորդ փուլը տեղի ունենա, և Արայիկ Հարությունյանը դառնա նախագահ, Մարկեդոնովը նկատում է, որ նա ՀՀ իշխանությունների համար պրոբլեմատիկ չէ, Արցախի հասարակության համար էլ, մեծ հաշվով, ընդունելի է, բայց սա բնավ չի նշանակում, թե հեշտ կյանք է սպասվում, քանի որ յուրաքանչյուր խնդիր, որը կառաջանա՝ կապվելու է ընտրությունների հետ, թե դրանք չեղան այնպես, ինչպես պիտի լինեին: Այսինքն` լեգիտիմության հետ կապված հարցեր առաջանալու են:

Տեսանյութեր

Լրահոս