Արվեստի ոլորտի ներկայացուցիչները շարունակելու են ստանալ իրենց աշխատավարձերը, քննարկվում են նաև աջակցության ծրագրեր. Արայիկ Խզմալյան
«Արտակարգ դրության պայմաններում հանրության հետաքրքրությունը մշակույթի նկատմամբ ոչ միայն չի նվազել, այլև որոշ դեպքերում աճել է». Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանի խոսքով՝ այս օրերին կտրուկ ավելացել է մշակութային հաստատությունների օնլայն էջերի հետևորդների քանակը, և դա՝ առանց գովազդի:
«Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը մարտի 17-ից մինչև ապրիլի 5-ը ֆեյսբուքյան իր էջում հեռարձակել է 6 ներկայացում, միայն Օպերային թատրոնին վերաբերող նյութն ունեցել է 326 հազար դիտում: Նշված ժամանակահատվածում ցուցադրված ներկայացումների դիմումների ընդհանուր քանակն անցնում է 840 հազարը: Պաշտոնական էջի հետևորդների քանակն էլ այս ժամանակահատվածում ավելացել է 5000-ով: Նույն տրամաբանությամբ՝ Սունդուկյանի անվան թատրոնում մեկնարկել է «Առցանց խաղացանկ» նախագիծը: Երեկ ցուցադրվել է առաջին ներկայացումը, որն ունեցել է 40.000 դիտում: Առհասարակ առցանց ցուցադրությունները շարունակվում են գրեթե բոլոր թատերահամերգային կազմակերպությունների սոցիալական էջերում: Ֆիլհարմոնիկ նվագախմբի անդամներն անհատական և խմբակային մակարդակներում տեսագրում են համերգային կատարումներ և ցուցադրում են դրանք՝ կոչ անելով մնալ տանը»:
ԿԳՄՍՆ-ն մի շարք նախագծեր է թողարկել, որոնցից են «Առականի» շարքը՝ Համազգային թատրոնի արտիստների մասնակցությամբ, «Քո սերնդակիցը» նախագիծը, որը կցուցադրվի շուտով և պատմելու է երաժշտական ոլորտում պատանիների ձեռքբերումների մասին: Հաղորդաշարերը ցուցադրվելու են նաև համայնքային հեռուստաընկերություններով: Ինչ վերաբերում է արվեստի ոլորտի աշխատակիցների աշխատավարձերին արտակարգ դրության և առկա սահմանափակումների պայմաններում, Խզմալյանն ասաց, որ այս առումով անհանգստություն չունեն:
«Բարեբախտաբար, որևէ որոշում չկա աշխատավարձի հետ կապված, մարդիկ շարունակելու են ստանալ իրենց աշխատավարձերը, քննարկում ենք նաև հավելյալ աջակցության հարցը, քանի որ պետական կառույցներում կան հաստիքներ, որոնք մասամբ են սնուցվում պետական բյուջեից, կամ արտաբյուջեից են սնուցվում: Սա սոցիալական խնդիր է առաջացրել, փորձելու ենք աջակցել նաև այս մասով»:
Խզմալյանի խոսքով՝ արվեստի կենտրոնները պետք է պատրաստվեն հանդիսատեսին դիմավորելուն, քանի որ, ըստ նրա՝ հանդիսատեսը ճգնաժամից հետո առաջվանը չի լինելու: