Բաժիններ՝

«Մարդուն, որը եկամուտ չունի, վարկավորում ենք շատ ավելի բարձր պայմաններով, ինչն էլ հետագայում դառնում է սոցիալական չարիք». Պատգամավորն առաջարկում է օրենքի լրացմամբ հարցը լուծել

ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի  այսօրվա նիստում քննարկվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանի և Վարազդատ Կարապետյանի հեղինակած «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Նախագծով սահմանվում է «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասում լրացնել նոր պարբերություն, որով սահմանվում է, որ Կենտրոնական բանկը, իր նորմատիվ իրավական ակտերով, մինչև երեք ամիս ժամկետով կնքվող մինչև 200.000 դրամի չափով սպառողական վարկերի համար սահմանում է պարտադիր պահանջներ և պայմաններ, վարկավորման կանոններ՝ հիմք ընդունելով սպառողի վարկունակության, սպառողի պարտքի և եկամուտի հարաբերակցության, վարկը սպասարկելու սպառողի ունակության գնահատման չափանիշերը:

Ըստ Արտակ Մանուկյանի՝ սպառողական կրեդիտավորման շուկայի կարգավորման ճանապարհն իրենք տեսնում են բերված նախագծում ընդգրկված դրույթների ընդունմամբ, գուցե մեկ ուրիշն այլ ճանապարհ տեսնի:

«Նախագծով նախատեսված է, որ մինչև 200.000 դրամի չափով սպառողական վարկերի դեպքում եկամուտներն ապացուցելու հնարավորություն լինի, քանի որ ակնհայտ է, որ, մեծ հաշվով, պարզ է, որ մենք ստեղծել ենք թակարդ, այսինքն՝ մարդը, որը եկամուտ չունի, վարկավորում ենք շատ ավելի բարձր պայմաններով, ինչն էլ հետագայում դառնում է սոցիալական չարիք»,- նշեց Արտակ Մանուկյանը:

Անդրադառնալով նախագծին, Վարազդատ Կարապետյանը նշեց, որ այն տարբեր ձևաչափերով, արդեն երեք ամիս է՝ քննարկում են, և ակնհայտ է, որ կրկին պետք է քննարկեն:

«Թերևս, սա էր պատճառը, որ այս իրավիճակով պայմանավորված՝ մենք դրույթների մի մասով ավելի շատ քննարկման կարիք ունեինք: Այժմ մենք նոր իրողությունների ենք բախվում, կանցնեն մի քանի ամիսներ և մեր ֆինանսական կազմակերպությունները և բանկերն ունենալու են հսկայական խնդիրներ՝ սպառողական վարկերի հետ կապված, և այս կարգավորմամբ մենք ոչ միայն օգնում ենք, որ մարդիկ ավելի պատասխանատու մոտենան, այլև բանկերը լինեն այդպիսին: Մենք դեռևս չենք պատկերացնում, թե բանկերը վճարումների չկատարման ինչ վիճակի հետ կբախվեն, և այդ ամենից հետո ինչպես են աշխատելու: Սա արդիական հարց է, որի հետ կապված՝ Կենտրոնական բանկի հետ մի քանի մեթոդներ ենք քննարկել, որոնք հնարավոր կդարձնեն այս խնդիրները լուծել»,- շեշտեց պատգամավորը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս