Հեռավար ուսուցմանն աշակերտական համակազմի դեռևս 80 տոկոս մասնակցություն կա. ԿԳՄՍ փոխնախարար
Այս պահին ուսուցիչների և աշակերտների՝ հեռավար ուսուցման գործընթացում առավել մեծ ներգրավվածություն ապահովելու համար անհրաժեշտ է մոտ 24.000 սարք. ասուլիսի ժամանակ ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ սրանք շատ հապշտապ հավաքված տվյալներ են, և նախարարությունը հիմա էլ ստանում է նման դիմումներ:
«Մարտի 29-ից Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում սկսել ենք սարքերի հավաքագրում: Շուրջ 600 սարքավորում ենք հավաքել՝ համակարգիչներ, պլանշետներ, հեռախոսներ: Դրանց մեծ մասը տրամադրել ենք մարզերին: 56-ական ամբողջությամբ նոր պլանշետներ տրամադրել ենք Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի, Արմավիրի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերին: Արագածոտնին տրամադրվել է 81 սարքավորում, որի մի մասը պլանշետներ են, մյուս մասը՝ համակարգիչներ, նոութբուքեր: Տավուշի մարզին սարքավորումներ ևս տրվել են: Ուղիղ համագործակցություններ եղել են մարզերի և տարբեր կազմակերպությունների ու կառույցների միջև, օրինակ, ԱԺ-ից Տավուշին է տրամադրվել 85 սարքավորում, «Յուքոմ»-ն էլ Կոտայքին է հավելյալ տեխնիկա տրամադրել: Միջազգային կազմակերպությունների հետ ևս համագործակցություն կա, նրանց կողմից մի քանի հարյուր տեխնիկա կտրամադրվի»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ տեխնիկան առաջին հերթին տրամադրվում է աշակերտ և ուսանող ունեցող անապահով ընտանիքներին, միայնակ ծնողներին, տանը երկու և ավելի աշակերտ-ուսանող ունեցողներին: Ժաննա Անդրեասյանի խոսքով, չնայած այս ամենին, աշակերտական համակազմի 80 տոկոսը մասնակցություն ունեն հեռավար ուսուցմանը: ԿԳՄՍՆ-ն համաձայնություն ունի նաև կապի օպերատորների հետ.
«Հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների հետ ձեռք ենք բերել համաձայնություն՝ ունենալ մատչելի սակագին կրթական ծառայություններից օգտվելու համար: Այս ծառայությունները հասանելի են «ՎիվաՍել» ընկերության կողմից, մոտ ապագայում հասանելի կլինեն նաև «Յուքոմի» և «Բիլայնի» բաժանորդների համար»,- ասաց Անդրեասյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը հիշեցրեց, որ Հանրային հեռուստաընկերության եթերում ժամը 8:30 և 11:30-12:40-ը ցուցադրում են հանրային դասեր, ոչ միայն աշակերտների, այլև հետաքրքրվողների ընդհանուր զարգացածության համար: Անդրեասյանի խոսքով՝ կա նաև համագործակցություն մարզային հեռուստաընկերությունների հետ: Լրատվականներից մեկի հարցին ի պատասխան, թե քանի՞ ուսուցիչ է վարակված կորոնավիրուսով, Ժաննա Անդրեասյանը պատասխանեց, որ այդպիսի առանձին վիճակագրություն ԿԳՄՍՆ-ն չի վարում: Ինչ վերաբերում է վերջին զանգի միջոցառումների կազմակերպմանն ու ավարտական քննություններին, ԿԳՄՍ նախարարի տեղակալն ասաց.
«Վերջին զանգի միջոցառումների մասին քննարկում ենք: Լավատեսական մոտեցումն այն է, որ կկարողանանք ունենալ որոշակի գործընթաց, բայց պատրաստ ենք նաև այլ սցենարների: Քննարկում ենք նաև ավարտական քննությունների հարցը, քանի որ յուրաքանչյուր որոշման համար հարկավոր է ռազմավարություն»:
Հավաքագրվել են նաև արտերկրում սովորող հայ ուսանողների տվյալները, որոնք ուղարկվել են Արտաքին գործերի նախարարություն: Ժաննա Անդրեասյանը նրանց կոչ արեց կապ պահպանել տեղի դեսպանությունների հետ: Անհրաժեշտության դեպքում կլուծվեն նաև երկիր վերադարձի հարցերը: