ԱՄՆ-ին կորոնավիրուսի հետ կապված ծանր շաբաթ է սպասում
ԱՄՆ-ն մուտք է գործել կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի ծանր շրջան:
«Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, այս համատեքստում դաշնային վերահսկիչ մարմինը տեղեկացնում է, որ հիվանդանոցներն ամբողջ ուժով փորձում են պահպանել, ինչպես նաև ընդլայնել իրենց հնարավորությունները վարակված քաղաքացիներին բուժելու, խնամելու գործում: ԱՄՆ-ում մահացության թիվն անցել է 10 հազարը և արագ տեմպերով մոտենում է Իսպանիային ու Իտալիային, որտեղ մահերը, համապատասխանաբար, 16 հազարից ու 12 հազարից ավելի են:
«Սա լինելու է դիմելիության, հոսպիտալացման, ինտենսիվ թերապիայի և, ցավոք սրտի, մահացության ցուցանիշի պիկ շաբաթ»,-նշել է կորոնավիրուսի հարցով Սպիտակ տան աշխատանքային խմբի անդամ, բժիշկ Բրեթ Ժիրուան: Նա իր մտահոգությունն է հայտնել Նյու Յորքի, Նյու Ջերսիի և Կոնեկտիկուտի, ինչպես նաև Դետրոյթի իրավիճակի առնչությամբ:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Թրամփը ճեպազրույցի ժամանակ նշել էր, որ կորոնավիրուսի մահացության ցուցանիշն այս շաբաթ կավելանա:
«Ամենայն հավանականությամբ, սա կլինի ամենածանր շաբաթը: Ցավոք, կլինեն մեծ թվով մահեր: Ես կարծում եմ, որ նման բան մենք դեռ չենք տեսել»,-ասել է նախագահը: