Քննիչ հանձնաժողովին հասցված բարոյական ապտակը. ի՞նչ է իրականում եղել քառօրյային

Վերջին օրերին որոշ լրատվականներում և հանրության տարբեր շրջանակներում քննարկում են արդեն մոտ մեկ տարի խորհրդարանում գործող ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի չներկայանալու փաստը։ Տարբեր շրջանակներ այս հարցին զուգահեռ՝ պնդում են այն թեզը, թե «Խաչատուրովը պահում է Սերժ Սարգսյանի թիկունքը», և դրանից բխեցնում հերթական անհեթեթ միտքը՝ «ըստ էության Սերժ Սարգսյանը ևս չի ներկայանա քննիչ հանձնաժողով»։

Նախօրեին հեռուստաընկերություններից մեկը հանրության դատին ներկայացրեց մի փաստագրական ֆիլմ, որը ներկայացնում էր Ապրիլյան պատերազմի դեռևս մեզ բոլորիս անհայտ կողմը, այսպես ասած՝ «Ապրիլյանի հակառակ կողմը»։ Ֆիլմում իրենց վերլուծություններն ու կարծիքները ներկայացրեցին ու մանրամասներ հրապարակեցին ապրիլյան պատերազմի օրերի ՀՀ և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն ու այդ օրերին անմիջական մարտական գործողություններ իրականացրած զինվորականները։ Մոտ երկու ժամ տևողության ֆիլմը տվեց շատ հարցերի պատասխաններ, որոնք մինչ երեկ համարվում էին «փակ տեղեկատվություն»։

Դիտելով ֆիլմը՝ միանգամից պարզ է դառնում, որ խորքային ու մանրակրկիտ մասնագիտական վերլուծություն է կատարվել, թե մեր առավելությունները և բացթողումներն այդ օրերին որոնք էին։ Միանշանակ է, որ բոլոր բանակները հաջողությունների կողքին ունենում են նաև բացթողումներ, դրանք կազմակերպչական են, տեխնիկական են, նաև մասնագիտական, և կապված պատասխանատվության հետ: Այդ վերլուծությունները հիմք են հանդիսացել ՀՀ մարտական պատրաստվածության զարգացման, կառուցվածքային փոփոխությունների և նաև սպառազինման առումով: Դիտելով ֆիլմը՝ պարզ է դառնում նաև այն, որ այս մեկ տարվա ընթացքում քննիչ հանձնաժողովում ուղղակի «ջուր են ծեծել», քանի որ, ինչպես իրենց խոսքում քանիցս նշեցին 2016-ի գործընթացներում ներգրավված գեներալները, տեղի ունեցածը հայկական բանակի փայլուն հաղթանակ է եղել, չնայած նրան, որ ցավալիորեն եղել են նաև մարդկային կորուստներ։

Միանշանակ բոլորս շատ հաճախ ենք հանդիպում այնպիսի երևույթների, երբ որոշակի իրադարձություններից հետո տեղեկատվական դաշտ են «իջեցվում» տարբեր տիպի մանիպուլյատիվ միֆեր ու լեգենդներ, որոնց շուրջ հետագայում սկսում են տեղի ունենալ տարբեր ենթատեքստեր պարունակող քաղաքական շահարկումներ․ Ապիրլյան պատերազմը բացառություն չէր։ Դեռևս պատերազմական գործողություններից մի քանի շաբաթ անց ազգաբնակչության շրջանում սկսեցին տարբեր տիպի խոսակցություններն առ այն, որ «զինվորները փամփուշտ չեն ունեցել, կռվել են բահերով», «տանկերում դիզվառելիքի փոխարեն՝ ջուր է լցված եղել», «Խաչատուրովը բիլյադի պարտիան չի թողել, երբ իմացել է հարձակման մասին», «սպաները զինվորներին դիրքերում թողել են միայնակ», «մեր զոհերի թիվը մի քանի հարյուր է եղել, ժողովրդից թաքուն են պահել» և նմանօրինակ տմարդի ու հակահայկական շահարկումներ։

Հասկանալի է, որ բանական տրամաբանություն ունեցող մարդու մոտ այս ամենը լսելուց հետո միանգամից գալիս է այն միտքը, որ այս տեղեկատվությունն ակնհայտ մանիպուլյացիա է և իրականության հետ աղերս ունենալ չի կարող, սակայն, ցավոք, հանրության մոտ միշտ չէ, որ հաղթում է առողջ բանականությունն ու դատողությունը։ Հենց դա էր պատճառը, որ այդ խոսակցությունները կամաց-կամաց՝ «ձնագնդի էֆեկտով», սկսեցին ավելի մեծանալ, դրա մասին սկսեց գրել նաև մամուլը, որոշ «փորձագետներ» ու «քաղաքագետներ» սկսեցին սրա մասին վերլուծականներ գրել ու հարցազրույցներ տալ, անգամ այն ժամանակվա պատգամավորներից մեկն այս հարցը մի քանի անգամ բարձրացրեց կառավարության հարցուպատասխանի ժամանակ։ Ասել է թե՝ «Օվերտոնի պատուհանի» չափորոշիչներին համապատասխան՝ ամեն ինչ պատրաստ էր ժողովրդի մոտ ատելության չափաբաժինն ունենալու համար։

Նախօրեին ոլորտի գլխավոր պատասխանատուների մեկնաբանություններից պարզ է դառնում, որ դրանք բոլորն այն օրերին շահարկվել են հատուկ նպատակով նման կեղծ տեղեկություններ տարածող՝ դրսից ֆինանսավորվող կազմակերպությունների կողմից, որոնցից շատերն այսօր կամ գտնվում են իշխանության կազմում, կամ սատարում ու հնարավոր բոլոր ձևերով աջակցում են նրանց։ Ավելին, գեներալներից մեկի խոսքով՝ ներկայումս նույնպես դիրքերում տրամադրվում է նույն չափի զինամթերք, որքան տրամադրվել է այն օրերին։

Ինչ վերաբերում է զոհերի թվի ու սպաների ներգրավվածությանը, ապա զոհերի թվի վերլուծությունը ցույց է տալիս, որ ՊԲ 60 զոհերից 17-ը սպաներ ու ենթասպաներ են, որը խոսում է զինվորի կողքին մինչև վերջ կանգնելու փաստի մասին, իսկ իրականում, եթե հետհայացք ենք գցում պատերազմների պատմությանը, այդքան մեծ թվով սպաների կորուստ չի եղել որևէ պատերազմի պարագայում։ Մի հանգամանք ևս․ երբ հաճախ քննադատում են սպաներին, ու նրանց ոչ ճշգրիտ գործողությունների մասին հանդիպում ենք հերթական նաիվ հայտարարությանը, քանի որ ոչ մի զինվոր՝ առանց սպայի հստակ հանձնարարականի, չէր կարող ունենալ հաջողություն ու ձեռքբերում, տեղի ունեցած բոլոր հաջողություններն ուղղակի սպաների ճիշտ քայերի արդյունք են։

Փաստն այն է, որ Ապրիլյան պատերազմում արձանագրված հաջողությունների առաջնային պատասխանատուն Երևանի քաղաքական ղեկավարությունն է։ Որքան էլ քննադատեն ու զրպարտեն Սերժ Սարգսյանին ու նրա քաղաքական թիմին, բայց, այնուամենայնիվ, 2016 թ․-ին մենք կարողացանք խուսափել մեծագույն աղետից, և խուսափումն այդ առաջին հերթին՝ նախագահ Սարգսյանի նվաճումն էր։ Ըստ էության հաղթանակ կարելի է անվանել այն իրավիճակը, երբ ստեղծված անելանելի ու ցուգցվանգային իրավիճակում նվազագույն կորուստներով կարողանում ես հակադարձել թշնամուդ։

Այսօր արդեն ունենք մի իրավիճակ, երբ ժամանակին ասեկոսեների մակարդակի շշուկների հիման վրա երկրի ղեկավարությունը խորհրդարանում հատուկ հանձնաժողով է ստեղծել, որպեսզի վերոնշյալ հարցերի վերաբերյալ, և ոչ միայն՝ դրանց, պարզաբանումներ ստանան։ Նիկոլ Փաշինյանն այս քննիչ հանձնաժողովի գործիքակազմն օգտագործում է նախկին իշխանությունների նկատմամբ ճնշումներ բանեցնելու և ապրիլյան քառօրյայի ժամանակ ղեկավար կազմին հերթական անգամ ստորացնելու համար։ Փաշինյանի տրամաբանության համաձայն՝ նորմալ է, որ մարտական գեներալին «քննի» միջինից ցածր մակարդակ ունեցող, քաղաքականության հետ ոչ մի կապ չունեցող մի աղջնակ, կամ բանակից խուսափած մի երիտասարդ, ովքեր բախտի բերմամբ հայտնվելով ճիշտ ժամանակին ու ճիշտ տեղում՝ պատգամավոր են դարձել։ Ապրիլյան քննիչ հանձնաժողովն ընդամենն իմիտացիոն բնույթ ունեցող մի կառույց է, որը Նիկոլ Փաշինյանի և Անդրանիկ Քոչարյանի համար քաղաքական իրավիճակային հարցեր լուծելու միջոց է։

Իր ստեղծման հենց սկզբից պարզ դարձավ, որ այս հանձնաժողովն ուղղակի արհեստական մի գործիք է, որն օրվա իշխանությունը որպես մահակ պահում է իր ձեռքում՝ նման զգայուն թեմայով՝ իր քաղաքական նպատակների համար հերթական շահարկման գործընթացն ապահովելու համար։ Այլապես ինչպե՞ս կարելի է ստեղծել մի հանձնաժողով, որն ակնհայտորեն քաղաքական մարմին է, չկան պրոֆեսիոնալ մասնագետներ ու փորձագետներ, որոնք կարողանան համապատասխան ուսումնասիրություն անել․ հավաքվել է տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների մի խումբ, և փորձում են զուտ նեղ զինվորական ու ստրատեգիական հարցերի վերաբերյալ եզրակացություններ ու գնահատականներ հնչեցնել։

Ամփոփելով՝ կարող ենք ամրագրել մի առանցքային փաստ․ «Հաղթանակի ապրիլ» ֆիլմում հնչած պարզաբանումները, ներկայացված հանգամանալից ու բովանդակային մեկնաբանությունները եկան ապացուցելու այն պարզ ճշմարտությունը, որ ԱԺ քննիչ հանձնաժողովն ընդամենն արհեստական կառույց է և բացահայտ սպասարկում է Փաշինյանի իշխանությանը, սա ուղղակիորեն բարոյական ապտակ էր Անդրանիկ Քոչարյանի ամպագոռգոռ հայտարարություններին ու հերյուրանքներին։

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս