Կառավարության առաջնահերթություններից են արդյունավետ կապիտալ ծախսեր, նոր ձեռնարկությունների, նոր աշխատատեղերի ստեղծում. Նիկոլ Փաշինյան
Այսօր կառավարությունում կապիտալ ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող խորհրդակցությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսի համավարակի տարածման թվային տվյալները ներկայացնելով:
«Այս պահի դրությամբ աշխարհում կա 1.119.000 հաստատված կորոնավիրուսի դեպք, արձանագրվել է 59.245 մահ և 229.338 մարդ առողջացել է: ՀՀ-ում նույնպես շարունակվում են գրանցվել կորոնավիրուսի նոր դեպքեր, և այս պահի դրությամբ մեր երկրում կա 770 դրական ախտորոշված դեպք: Ունենք, ցավոք սրտի, 7 մահ, 43 մարդ առողջացել է ,և այս պահի դրությամբ 720 մարդ գտնվում է բուժման պրոցեսի մեջ, իհարկե, այնքանով, որքանով այդ բուժումը կարելի է անվանել այդպիսին, որովհետև մեծամասնությունը, ավելի քան 500 մարդ ըստ էության որևէ բուժում չի ստանում, որովհետև նույնիսկ ջերմություն չունի: Բայց այնուամենայնիվ նրանք վարակակիրներ են, և նրանց պետք է պահել նման պայմաններում, որպեսզի վարակի տարածումը կանխարգելվի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ կորոնավիրուսի համաճարակն ամբողջ աշխարհում հանգեցրել է տնտեսական և սոցիալական բարդությունների, և կառավարությունների ամենամեծ մարտահրավերն այդ բարդություններից բխող անհրաժեշտ որոշումներ կայացնելն է, անհրաժեշտ քաղաքականություն վարելը:
Փաշինյանն անդրադարձավ կառավարության ընդունած հակաճգնաժամային 9 միջոցառումներին, որոնցից 5-ն ունեն սոցիալական, իսկ 4-ը՝ տնտեսական աջակցության բնույթ: Վարչապետը չի բացառում, որ միջոցառումները բավարար չլինեն խնդիրն ամբողջապես կարգավորելու համար:
«Բայց մենք նաև հասկանում ենք, որ այդ միջոցառումները համադարմանի նշանակություն չեն կարող ունենալ, և ըստ էության չենք կարող պնդել, որ այս պահի դրությամբ կարողացել ենք տեղորոշել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր այս պայմաններում ունեն աջակցության կարիք»,- խոսքում ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ըստ վարչապետի՝ կառավարությունը շարունակելու է միջոցառումների մշակումը, աշխատում է ամենօրյա ռեժիմով, աշխատանքը վերածվել է հակաճգնաժամային օպերատիվ շտաբի սկզբունքներով գործունեության:
Ինչ վերաբերում է սոցիալ-տնտեսական դժվարությունների հաղթահարմանը, Փաշինյանն ասաց, որ այս պահին կառավարությունը կենտրոնանում է աշխատատեղերի ստեղծման խնդրի վրա:
«Մենք գիտենք, որ կորոնավիրուսի բերած հետևանքների պատճառով աշխատաշուկայում շատ լուրջ փոփոխություններ են տեղի ունենալու, և կառավարությունը պետք է խթանի նոր աշխատատեղերի ստեղծումը»,- ասաց Ն. Փաշինյանը:
Կառավարությունը նաև քննարկում է այն գործիքը, որով կարողանալու է խթանել աշխատատեղերի ստեղծումը: Դա, վարչապետի ու գործադիրի ներկայացուցիչների կարծիքով, կապիտալ ծախսերի ծավալների հնարավոր մեծացումն է:
Գործադիրի ղեկավարի փոխանցմամբ՝ կառավարության աշխատանքն այս պահին բաժանված է երկու մասի:
«Առաջին մասը, իհարկե, պարետատան գործունեությունն է, որի առաջ դրված է խնդիր, ըստ էության, երբեմն՝ իրար հակասող: Առաջինը դա վարակի հետագա տարածումը կանխելն է կամ վարակի տարածումը հսկողության տակ առնելը, և երկրորդ խնդիրը՝ օր առաջ պայմաններ ստեղծելը, որպեսզի ավելի ու ավելի շատ հիմնարկներ, ձեռնարկություններ հնարավորություն ունենան աշխատելու և ավելի շատ տնտեսական գործունեության դաշտ բացվի, որը, իհարկե, իր հերթին՝ չբերի համաճարակային նոր բռնկման: Բոլորս հասկանում ենք, որ սա բավականին բարդ խնդիր է լուծելու համար, և նաև սա է պատճառը, որ կառավարությունն արտակարգ դրություն հայտարարեց և արտակարգ դրության իրավական ռեժիմի մեջ կատարեց որոշակի փոփոխություններ այս խնդրի լուծումն ինչ-որ չափով ավելի իրատեսական դարձնելու համար»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Երկրորդ ուղղությունը սոցիալական տնտեսական աջակցության միջոցառումների ձևակերպումը, մշակումը և ընդունումն է, ինչպես նաև կապիտալ ծախսերի խթանումը: Փաշինյանն ասաց, որ կապիտալ ծախսերի խթանման կոնկրետ ուղղություններով պատասխանատուներն են նախարարները, գերատեսչությունների ղեկավարները:
Ըստ վարչապետի՝ Հայաստանում միշտ կապիտալ ծախսերի թերակատարման պրակտիկա է եղել, բայց նոր համաճարակային պայմաններում կապիտալ ծախսերի արդյունավետ իրագործումը և դրա հնարավոր շրջանակի և ներդրման ծավալների ընդլայնումն առանձնահատուկ նշանակություն է ստանում:
«Ըստ էության այս պայմաններում մենք գնահատում ենք, որ կապիտալ ծախսի չկատարման ամեն տոկոսը կոնկրետ մարդիկ են, կոնկրետ ընտանիքներ, որոնք աշխատանք չունեն և աշխատավարձ չեն ստանում և, հետևաբար՝ տնտեսական ուղղությամբ մեր խնդիրը հենց կապիտալ ծախսերի խթանման միջոցով նոր աշխատատեղերի ստեղծումն է, որն իր հետևից կստեղծի նոր համակարգ, նոր աշխատատեղեր, նոր աշխատող ձեռնարկություններ, և սա պետք է լինի մեր կառավարության առաջնահերթությունը տնտեսական ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու գործում»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ իրենց աշխատանքի հիմնական ուղղություններն իրար փոխկապակցված են, և մեկի արդյունավետության բարձրացումը կխթանի մյուսի արդյունավետության բարձրացմանը:
«Եվ այսօր մենք սկսում ենք քննարկել մեր վարկային ծրագրերի կատարման ընթացքը, որովհետև այս պահի դրությամբ ՀՀ-ում կան մոտավորապես 1 մլրդ 300 մլն դոլարի վարկային միջոցներ, որոնք ծախսված չեն, որոնք սպասում են ծախսմանը, և մենք ամեն ինչ պետք է անենք, որ այդ ծախսերը լինեն արդյունավետ ոչ միայն՝ տնտեսական, այլև՝ սոցիալական առումով, որպեսզի մենք այս ծախսերի խթանման միջոցով կարողանանք նորանոր աշխատատեղեր ստեղծել»,- ասաց Ն. Փաշինյանը:
Ըստ վարչապետի՝ այն ծախսերը, որոնք իրատեսական չեն, ճիշտ պլանավորման արդյունքում կարող են օգնել նոր միջոցներ ներգրավել և նոր ծրագրեր իրականացնել:
Որպես կարևոր արձանագրում՝ վարչապետը նշեց արտակարգ սահմանափակումները 10 օրով երկարաձգելը:
«Մենք համոզված ենք, որ այս սահմանված ժամկետում ինչքան ճշգրտորեն, ինչքան բարձր կարգապահությամբ պահենք սահմանափակման ռեժիմը, այնքան ավելի արագ մուտք կգործենք պակաս սահմանափակումների ռեժիմ, և այնքան ավելի շուտ հնարավորություն կունենանք վերադառնալ բնականոն կյանք: Եվ ուզում եմ մեր երկրի բոլոր քաղաքացիներին կոչ անել, խնդրել, որպեսզի նրանք հնարավոր ճշգրտությամբ պահեն պարետատան սահմանած սահմանափակումները՝ իհարկե, ևս մեկ անգամ ներողություն խնդրելով բոլոր սահմանափակումների համար, որ մենք ուղղակի ստիպված ենք կիրառել:
Պարզապես չենք կարող չկիրառել, հակառակ դեպքում դրանով կասկածի տակ կդնենք և հարվածի տակ կդնենք մեր հազարավոր քաղաքացիների, որոնք կարող են զոհ գնալ կորոնավիրուսին: Սա, իհարկե, ճգնաժամային պահ է, բացառիկ պահ է և պահանջում է, որ մենք մեր ուժերն իսկապես կենտրոնացնենք, հանրային միասնականության նոր մի մակարդակ ապահովենք, և փոխադարձ հարգանքի և ըմբռնման նոր որակ և մակարդակ ապահովենք, և սա է այն պարտադիր նախապայմանը, որը մեզ պիտի օգնի օր առաջ, ժամ առաջ, րոպե առաջ հաղթահարել այս ճգնաժամը»,- եզրափակեց խոսքը վարչապետ Նիկոլ Փաշինյանը:



