Բաժիններ՝

Դպրություն՝ դպրոցական շենքերից դուրս

Արդեն պարզ է, որ ուսումնական այս կիսամյակի դասերն առաջիկա շաբաթներին ևս կանցկացվեն առցանց ձևով։ Սա նշանակում է, որ հրատապ է դառնում առցանց ուսուցման մեթոդական ապարատ մշակելու հարցը։ Առաջին օրերին ուսուցիչները հախուռն ձևով սկսեցին օգտագործել առցանց տարբեր հարթակներ՝ դասերի շարունակականությունն ապահովելու համար։ Հիմա մենք արդեն մի փուլում ենք, որ կարող ենք ավելի խորքային մտածել առցանց ուսուցման մասին։

Օրերս պարզ դարձավ, որ շուրջ 21000 (սա նախարարության պաշտոնական տվյալներն են) աշակերտներ չունեն տեխնիկական սարքեր և չեն մասնակցում առցանց դասերին։ Այսպիսով, անցումն առցանց կրթության շատ ավելի տեսանելի դարձրեց հասարակության բևեռացումը՝ հազարավոր երեխաների դուրս թողնելով ուսումնական գործընթացից։

Առցանց ուսուցման մանկավարժական ասպեկտի մասին մի քանի դիտարկումներ անեմ։

Ամենակարևոր սխալը, որից այսօր պետք է խուսափել, ֆիզիկական դասարանում արվող դասի մեխանիկական տեղափոխումն է առցանց տիրույթ։ Այդ տրամաբանությամբ առաջնորդվելով՝ ուսուցիչները շարունակում են 45 րոպեանոց դասերը։ Լինում են նաև դեպքեր, երբ դասը տևում է ավելի երկար։ Ստեղծված իրավիճակում դա սխալ մոտեցում է։ Պետք է հաշվի առնել, որ երեխաները զրկված են բակում խաղալու, ակտիվ կենսակերպի այլ հնարավորություններից։ Հետևաբար՝ ճիշտ կլինի դասերի տևողությունը նվազեցնել մինչև 30 րոպե։ Ի դեպ, այս պարագայում դաս բառի փոխարեն՝ ճիշտ կլինի օգտագործել ուսուցիչ-աշակերտ առցանց հանդիպում։ Ընդհանրապես, առցանց ուսուցման դեպքում շատ բաներ աշակերտները պետք է ինքնուրույն կատարեն։ Այս առումով կարևոր է ինքնուրույն սովորելուն նպաստող մեթոդական նյութերի հրապարակումը։ Սա մեր կրթական համակարգի ամենաթույլ կողմերից մեկն է։ Բայց կարելի է այս պահն օգտագործել աշակերտներին ավելի ինքնուրույնության մղելու համար։

Մյուս տիպական սխալն այն է, որ ուսուցիչները 15-20 րոպե անընդհատ դասախոսություն են կարդում։ Այս մոտեցումը ևս ճիշտ չէ։ Անհրաժեշտ է 3-5 րոպե խոսել, այնուհետև տալ ստուգող թեստային հարց, ապա շարունակել ևս 3-5 րոպե ու նորից ընդհատել հարցով։ Առցանց ուսուցման դեպքում երեխաները շատ ավելի մեծ դժվարությամբ են կենտրոնացնում իրենց ուշադրությունը։ Հետևաբար՝ պարբերաբար պետք է ընդհատել նոր նյութի մատուցումը և ստուգիչ հարցեր տալ։ Դա նաև ապահովում է աշակերտների ներգրավումը դասին։ Ընդհանրապես, առցանց դասերը պետք  է անցկացնել ավելի երկխոսության սկզբունքով՝ առաջադրելով հետաքրքիր հարցեր։

Շատ կարևոր է առաջադրանքների պլանավորումը։ Դասերն ավելի արդյունավետ դարձնելու համար ուսուցիչները պետք է հնարավորինս հետաքրքիր առաջադրանքներ տան։ Օրինակ՝ կարելի է այնպիսի առաջադրանքներ տալ, որոնք կապված են սնունդ պատրաստելու, տանն ինչ-որ բան վերանորոգելու, ծնողների հետ հարցազրույց անելու, վիճակագրական տվյալներ դուրս բերելու, գիրք կարդալու, ֆիլմ դիտելու հետ։ Այսինքն՝ ուսուցումը պետք է կապել երեխայի առօրյայի հետ։ Ուսուցիչները պետք է մտածեն նաև առաջադրանքների թիվը սահմանափակելու մասին։

Էական է նաև գնահատման, թեմատիկ գրավորների խնդիրը։ Բոլորս էլ գիտենք, որ Հայաստանում արտագրության պրակտիկան մեծ տարածում ունի։ Արտագրելու, հուշելու, գրքից մեխանիկորեն կարդալու հնարավորություններն առցանց ուսուցման դեպքում բազմապատկվում են։ Հետևաբար՝ այս փուլում ճիշտ կլինի հրաժարվել թվանշաններից և կիրառել թվանշան չենթադրող՝ նկարագրական գնահատման գործիքներ։ Այսինքն՝ աշակերտների առաջադրանքները ստուգելուց հետո նրանց հետ խոսել տիպական սխալների մասին և նրանց օգնել։ Սա կարող է բացառիկ փորձ լինել՝ տեսնելու համար, թե ինչպես է աշխատում կրթական համակարգը՝ առանց թվանշանային գնահատման։ Այս պահին շեշտը պետք է դնել աշակերտներին հետաքրքիր ու օգտակար բաներ սովորեցնելու վրա։

Առցանց ուսուցման ուժեղ կողմերից մեկն այն է, որ ուսուցիչները կարող են նոր նյութ ներկայացնելիս օգտագործել տեսանյութեր, պրեզենտացիաներ, ինչը նախկինում շատ դժվար էր անել։ Բոլորս էլ գիտենք, որ Հայաստանի դպրոցներում համակարգիչները հիմնականում Ինֆորմատիկայի դասարանում են։ Մնացած դասարաններում համակարգիչներ, պրոյեկտոր, ինտերնետ կապ համարյա չկա։ Հետևաբար՝ նախկինում ուսուցիչները ոչ միշտ հնարավորություն ունեին ցուցադրելու տեսանյութեր, նկարներ, գծագրեր և այլ վիզուալ նյութեր։ Հիմա այդ հնարավորությունը կա։

Մյուս դրական զարգացումն էլ այն է, որ աշակերտները կարող են օգնել ուսուցիչներին տեխնիկական հարցերում։ Բոլորս էլ գիտենք, որ երեխաներն ավելի արագ ու հեշտ են տիրապետում տեխնիկային։ Այս իրավիճակում շատ աշակերտներ օգնում են ուսուցիչներին տարբեր գործիքներ կիրառելու, նյութեր պատրաստելու հարցերում։ Սա շատ կարևոր հնարավորություն է ուսուցիչ-աշակերտ համագործակցությունն ապահովելու գործում։

Այս իրավիճակում կարող են ամրապնդվել նաև դպրոց-ընտանիք կապերը։ Դպրությունը դուրս է եկել դպրոցական շենքերից և եկել է մեր տներ։ Այս պահին ընտանիքները շատ ավելի ուժեղ վերահսկողություն ունեն կրթության նկատմամբ, քան պետությունը։ Ծնողներն այսօր հնարավորություն ունեն հետևելու իրենց երեխաներին դասավանդող ուսուցիչների աշխատանքին։ Հայաստանի դպրոցներում կա շուրջ 22.000 դասարան։ Այսինքն, միաժամանակ շուրջ 22.000 դաս է տեղի ունենում, օրական՝ ավելի քան 100.000 դաս։ Այս իրավիճակում ծնողներն ավելի մոտիկից են տեսնում ուսուցման ուժեղ և թույլ կողմերը։ Եվ գուցե այս ամենի շնորհիվ՝ առաջիկայում էլ ավելի հետաքրքրված լինեն կրթության հարցերով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս