Կառավարության նոր որոշումը
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ հաստատված հավելվածում (այսուհետ` հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) հավելվածի 2-րդ կետում՝
ա. երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Անցակետով արգելվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այլ անձանց մուտքը, բացառությամբ՝»,
բ. 2-րդ ենթակետից հանել «սույն կետով նախատեսված երկրների (տարածքների) ցանկում ներառված երկրներից (տարածքներից)» բառերը.
2) հավելվածի 5-րդ կետում երրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Անցակետով անձանց՝ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո բժշկական զննություն անցնելուց, հոսպիտալացումից, ինքնամեկուսացումից և (կամ) այլ սահմանափակող միջոցառումներից հրաժարվելու դեպքում կարող է սահմանափակվել այդ անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքը որոշակի տարածքի (վայրի) սահմաններում` հետազոտման, բուժման և վարակի տարածումը կանխելու նպատակով:».
3) հավելվածի 6-րդ կետի 2-րդ նախադասությունն ուժը կորցրած ճանաչել.
4) հավելվածի 7-րդ կետի 2-րդ ենթակետում «մեկուսացում (ինքնամեկուսացում)» բառերը փոխարինել «ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակում կամ ինքնամեկուսացում» բառերով.
5) հավելվածի 7-րդ կետից հետո լրացնել նոր՝ 7.1-ին կետ.
«7.1. Սույն որոշման իմաստով ինքնամեկուսացում է համարվում անձանց, այդ թվում` հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց (կոնտակտավորների) առանձնացումն իրենց մշտական բնակության կամ իր նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի տարածումը կանխելու նպատակով:».
6) հավելվածի 1-ին գլխում 9-րդ կետից հետո լրացնել նոր՝ 9.1-ին կետ.
«9.1. Ինքնամեկուսացում կիրառելու նպատակով՝ անձանց հայտնաբերումը և ինքնամեկուսացման կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման նկատմամբ հսկողությունը կարող է իրականացվել նաև էլեկտրոնային եղանակով՝ սույն հավելվածի 8-րդ գլխին համապատասխան:».
7) հավելվածի 7-րդ գլխի 23-րդ կետում «մեկուսացվածների» բառը փոխարինել «ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման ենթարկված կամ ինքնամեկուսացված անձանց» բառերով.
8) հավելվածը լրացնել նոր՝ 8-րդ գլխով.
«VIII. ԻՆՔՆԱՄԵԿՈՒՍԱՑՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ՝ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄԸ ԵՎ ԻՆՔՆԱՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ԿԱՄ ԱԶԱՏ ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ
27. Սույն գլխի շրջանակներում, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետին և 9.1-ին հոդվածին համապատասխան, կիրառվում են նաև անձանց անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքի սահմանափակումներ:
28. Հայաստանի Հանրապետությունում գործող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորները (այսուհետ՝ օպերատոր) յուրաքանչյուրն իր հաճախորդների մասով «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերության տվյալների կենտրոն (այսուհետ՝ տվյալների կենտրոն) են փոխանցում հետևյալ տվյալները՝
1) հաճախորդների կողմից օգտագործվող ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ (հաճախորդի տեղորոշում), այդ թվում` իրական ժամանակի ռեժիմում.
2) ինքնաշխատ համակարգի միջոցով, ըստ պահանջի, հաճախորդի հեռախոսահամարի հետ որոշակի ժամանակահատվածում կապ ունեցած հեռախոսահամարներ և հաճախորդների տվյալներ, հեռախոսային խոսակցությունն սկսելու ամսաթիվը, սկիզբը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում՝ այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալներ, որին փոխանցվել է զանգը:
29. Օպերատորների կողմից տվյալները փոխանցվում են բացառապես փակ պաշտպանված կապուղու (VPN) միջոցով: Այլ եղանակով տվյալների փոխանցումն արգելվում է:
30. Առողջապահության ոլորտի պետական կառավարման համակարգի մարմինները, կազմակերպությունները և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները (այսուհետ՝ առողջապահական կազմակերպություններ) տվյալների կենտրոն են փոխանցում իրենց հայտնի՝ ստուգված (թեսթավորված), վարակակիր, հիվանդության ախտանիշներ ունեցող, հիվանդացած, բուժվող և նրանց հետ շփում ունեցած (կոնտակտավոր), ինչպես նաև ինքնամեկուսացված անձանց վերաբերյալ հետևյալ տվյալները՝ անուն, ազգանուն, ծննդյան օր, ամիս, տարի, հաշվառման վայրի հասցե, բնակության վայրի հասցե, ինքնամեկուսացման վայրի հասցե, ինքնամեկուսացում սկսելու ամսաթիվ, բուժում անցնելու վայրի հասցե, հեռախոսահամարներ, անձը հաստատող փաստաթղթի տվյալներ, հանրային ծառայության համարանիշ:
31. Առողջապահական կազմակերպությունների կողմից տվյալները փոխանցվում են Էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական ԱՐՄԵԴ համակարգի (այսուհետ` ԱՐՄԵԴ համակարգ) միջոցով:
32. Տվյալները տվյալների կենտրոնից ստացվում են առանց մարդու միջամտության և մշակվում են ինքնաշխատ եղանակով՝ հատուկ համակարգչային ծրագրի միջոցով (այսուհետ՝ հատուկ համակարգչային ծրագիր), որի անվտանգությունը վերահսկվում և սպասարկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից` առանց տվյալները մշակելու իրավունքի: Տվյալներին չեն կարող հասանելիություն ունենալ և դրանք չեն կարող մշակել սույն գլխում չնշված մարմինները և անձինք:
33. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության իրավասու աշխատակիցները, ինչպես նաև զինծառայողների մասով՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության իրավասու աշխատակիցները, տվյալների կենտրոնից հատուկ համակարգչային ծրագրի միջոցով ստանում են՝
1) ինքնամեկուսացված և ինքնամեկուսացման ենթակա անձանց վերաբերյալ սույն գլխի 30-րդ կետով սահմանված տվյալները՝ նրանց հետ կապ հաստատելու, ստուգված (թեսթավորված), վարակակիր, հիվանդության ախտանիշներ ունեցող, հիվանդացած, բուժվող և նրանց հետ շփում ունեցած (հնարավոր կոնտակտավոր) անձանց հետ հնարավոր շփումները պարզելու, ինքնամեկուսացման համար հրահանգավորում, ինչպես նաև ինքնամեկուսացման ռեժիմի իրականացումն ապահովելու նկատմամբ հսկողություն իրականացնելու՝ ներառյալ ինքնամեկուսացման վայրի և պայմանների, անձի առողջական վիճակի, ինքնամեկուսացման վայրում գտնվող այլ անձանց վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով.
2) ստուգված (թեսթավորված), վարակակիր, հիվանդության ախտանիշներ ունեցող, հիվանդացած, բուժվող, նրանց հետ շփում ունեցած (հնարավոր կոնտակտավոր) անձանց և վերջիններիս հետ որոշակի հաճախականությամբ կոնտակտավորված անձանց կատարած հեռախոսազանգերի և տեղորոշման տվյալների հիման վրա հատուկ ալգորիթմով ինքնաշխատ մշակման ձևով գեներացված տվյալներ՝ ներառյալ անձի անունը, ազգանունը, հեռախոսահամարը, տեղորոշման համընկման արդյունքում ենթադրյալ շփման ժամանակահատվածը, որոնք անհրաժեշտ են բացառապես ստուգման (թեսթավորման) դրական արդյունք ունեցող անձանց (վարակակիրների) հետ հնարավոր շփում ունեցած անձանց (այսուհետ՝ հնարավոր կոնտակտավոր) շրջանակը պարզելու նպատակով:
34. Սույն գլխի 33-րդ կետով սահմանված կարգով հնարավոր կոնտակտավորների վերաբերյալ տվյալները ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության իրավասու աշխատակիցները, կապ հաստատելով հնարավոր կոնտակտավորների հետ, իրականացնում են հրահանգավորում՝ պարզելով հնարավոր կոնտակտավորի՝ կոնտակտավոր հանդիսանալու հանգամանքը և ներկայացնելով ինքնամեկուսացման վերաբերյալ պահանջ՝ սույն գլխի 36-րդ կետին համապատասխան: Հրահանգավորման ողջ ընթացքը ձայնագրվում է, որի մասին անձը նախազգուշացվում է:
35. Եթե հնարավոր կոնտակտավորի հետ կապ հաստատելու արդյունքում պարզվում է, որ վերջինս Վիեննայի «Դիվանագիտական հարաբերությունների մասին» 1961 թվականի և «Հյուպատոսական հարաբերությունների մասին» 1963 թվականի կոնվենցիաների համաձայն օժտված է անձեռնմխելիությամբ, ապա նա տեղեկացվում է, որ իր տվյալները (անուն ազգանուն, հեռախոսի համար, ուղարկող պետություն կամ միջազգային կազմակերպություն) փոխանցվելու են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը։
36. Հրահանգավորումն իրականացնելիս՝ համապատասխան նախարարության իրավասու աշխատակիցը՝
1) հնարավոր կոնտակտավորին հայտնում է այն մասին, որ զանգը կատարվում է պարետատան կողմից և հրահանգավորումն իրականացվում է համապատասխան նախարարության անունից.
2) ճշգրտում է հնարավոր կոնտակտավորի անունը, ազգանունը, հայրանունը.
3) տեղեկացնում է վարակակիր կամ հիվանդացած անձի հետ հնարավոր կոնտակտավորի հավանական շփման մասին, պարզում և հավաստում է շփման փաստը, ժամանակահատվածը և այլ անհրաժեշտ տվյալներ այլ հնարավոր կոնտակտավորներին պարզելու համար.
4) հնարավոր կոնտակտավորի հետ հեռախոսազրույցի արդյունքում շփման փաստի հաստատման դեպքում՝
ա. պարզաբանում է ներկայացնում հնարավոր կոնտակտավորի՝ կոնտակտավոր հանդիսանալու վերաբերյալ,
բ. կոնտակտավորին հրահանգում է ինքնամեկուսանալ 14 օրացուցային օրով՝ նշելով հրահանգի տրման տարին, ամիսը, ամսաթիվը, ինքնամեկուսացման կարգը,
գ. ճշտում է այն վայրի հասցեն, որտեղ կոնտակտավորը պատրաստվում է ինքնամեկուսանալ,
դ. ճշտում է այն հնարավոր սեղմ ժամանակահատվածը, որի ընթացքում կոնտակտավորը պետք է սկսի ինքնամեկուսացումը իր նշած հասցեում,
ե. ճշտում է ինքնամեկուսացվող անձի հեռախոսահամարը, հեռախոսի տեսակը, ինտերնետին հասանելիությունը,
զ. ճշտում է ինքնամեկուսացման ընթացքում անձին սննդով ապահովելու անհրաժեշտությունը,
է. պարզում է ինքնամեկուսացման հասցեում գտնվող այլ անձանց, ինչպես նաև այն անձանց տվյալները, որոնց հետ առկա է ինքնամեկուսացվածի շփման հնարավորությունը և հավանականությունը ինքնամեկուսացման ընթացքում,
ը. նախազգուշացնում է հրահանգը չկատարելու հետևանքների մասին:
37. Եթե հրահանգավորումը տեխնիկական խնդիրների կամ այլ պատճառով տեղի չի ունենում կամ ընդհատվում է կամ հրահանգավորման ընթացքում հնարավոր կոնտակտավորը հերքում է վարակակրի հետ իր հավանական շփման փաստը՝ հրաժարվելով ինքնամեկուսանալ, սակայն առկա են ողջամիտ կասկածներ այդ փաստի առկայության վերաբերյալ, ապա համապատասխան անձի վերաբերյալ տվյալները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանություն՝ այդ մասին նախազգուշացնելով անձին: Տեղեկությունները ստանալուց հետո անմիջապես Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, համադրելով հնարավոր կոնտակտավորի հետ հրահանգավորման ընթացքում պարզված տեղեկությունները և սույն գլխի 33-րդ կետով ստացված տվյալները, որոշում է կայացնում սույն գլխով սահմանված ինքնամեկուսացման հրահանգավորում իրականացնելու կամ սույն գլխի 46-րդ կետով նախատեսված միջոցները կիրառելու մասին` անհրաժեշտության դեպքում համագործակցելով նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ:
38. Արտերկրից ժամանած անձանց նկատմամբ ինքնամեկուսացման ռեժիմ կիրառելու դեպքում հրահանգավորումն իրականացվում է միայն սույն գլխի 36-րդ կետի 2-րդ և 4-րդ ենթակետերի մասով:
39. Ինքնամեկուսացման հրահանգ տալու հետ միաժամանակ հատուկ համակարգչային ծրագրում ամրագրվում են սույն գլխի 36-րդ կետի 4-րդ ենթակետի «գ»-ից «է» պարբերություններում սահմանված տեղեկությունները, ինչպես նաև ինքնամեկուսացված անձանց վերաբերյալ տվյալները ԱՐՄԵԴ համակարգի միջոցով փոխանցվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` տվյալների ստուգման և հնարավոր վարակակիր անձանց թեսթավորման նպատակով:
40. Ինքնամեկուսացման հրահանգ տալու հետ միաժամանակ կոնտակտավորը տեղեկացվում է, որ ինքնամեկուսացման ռեժիմի իրականացումն ապահովելու նկատմամբ հսկողությունն իրականացվելու է էլեկտրոնային եղանակով՝ հեռախոսի օգտագործմամբ կիրառվող հատուկ ծրագրային ապահովման միջոցով և հրահանգավորվում է լինել հասանելի՝ հեռախոսազանգերին և հաղորդագրություններին պատասխանելու համար` նախազգուշացնելով հատուկ ծրագրային ապահովումը կիրառելուց հրաժարվելու հետևանքների մասին:
41. Հրահանգավորումից հետո անձի հեռախոսահամարին ուղարկվում է կարճ հաղորդագրություն, որը պարունակում է տեղեկատվություն ինքնամեկուսացման անհրաժեշտության և դրա ժամկետի մասին, ինչպես նաև այն հղումը, որով կիրառվելու է հատուկ ծրագրային ապահովումը` անձի ինքնամեկուսացման տեղորոշումը գրանցելու և ստուգելու, ախտանիշների վերաբերյալ տվյալներ մուտքագրելու և փոխանցելու, ինչպես նաև պարետատան կողմից սնունդով ապահովվելու դեպքում` սննդի ստացման փաստը հաստատելու մասին տեղեկություն տրամադրելու հնարավորությամբ: Հատուկ ծրագրային ապահովման միջոցով հավաքագրված տվյալները գրանցվում են տվյալների կենտրոնում։ Եթե հավաքագրված տվյալների համաձայն՝ անձի մոտ նկատվում են վարակի ախտանիշներ, ապա համապատասխան տեղեկատվությունը հատուկ համակարգչային ծրագրի միջոցով փոխանցվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության իրավասու աշխատակիցներին` լրացուցիչ հրահանգավորում իրականացնելու նպատակով։ Անձի մոտ վարակի ախտանիշների առկայությունը հաստատվելու դեպքում նրա վերաբերյալ տվյալները ԱՐՄԵԴ համակարգի միջոցով փոխանցվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն:
42. Հատուկ ծրագրային ապահովումը հեռախոսի տեղակայման միջոցով ֆիքսում է ինքնամեկուսացածի տեղակայման վայրը, որի վերաբերյալ տվյալները իրական ժամանակի ռեժիմում արտացոլվում են հատուկ համակարգչային ծրագրում:
43. Ինքնամեկուսացվածին հատուկ ծրագրային ապահովման միջոցով ներկայացվում են նաև ինքնամեկուսացման ռեժիմի պահպանման վերաբերյալ հետևյալ պարտադիր կանոնները՝
1) ինքնամեկուսացման վայրը չփոխելը.
2) ինքնամեկուսացման ողջ ժամանակահատվածում ինքնամեկուսացման վայրը չլքելը.
3) ինքնամեկուսացման վայրում համատեղ ապրող անձանց հետ հնարավորինս չշփվելը կամ նման շփումները սահմանափակելը, իրավասու մարմինների կողմից սահմանված հիգիենայի պահանջներին հետևելը.
4) բջջային հեռախոսը սարքին և լիցքավորված վիճակում պահելը.
5) սույն որոշմամբ և պարետի կողմից սահմանված այլ սափմանափակումները պահպանելը, իրավասու մարմինների կողմից տրված պարտադիր կատարման ենթակա այլ ցուցումները կատարելը:
44. Էլեկտրոնային եղանակով հսկողություն իրականացնելու դեպքում անձին ինքնամեկուսացման ժամանակահատվածի ընթացքում յուրաքանչյուր օրվա՝ պատահականության սկզբունքով որոշվող ժամերին ուղարկվում է կարճ հաղորդագրություն, որով պահանջվում է անցնել էլեկտրոնային հղումով՝ հատուկ ծրագրային ապահովումը կիրառելու համար: Հատուկ ծրագրային ապահովումը կիրառելու համար պահանջվում է ակտիվացնել հեռախոսի տեղակայման թույլտվությունը:
45. Եթե ինքնամեկուսացվածը սույն գլխի 44-րդ կետով սահմանված կարգով չի կարողանում կիրառել հատուկ ծրագրային ապահովումը՝ պայմանավորված տեխնիկական սահմանափակումներով (օգտագործվող հեռախոսի տեսակ, ինտերնետի բացակայություն), ապա Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակիցները սույն գլխի 41-րդ կետով սահմանված տվյալները հավաքագրում են հեռախոսազանգի միջոցով: Տեխնիկական սահմանափակումների առկայությունը ստուգելու նպատակով, ինչպես նաև այն դեպքում, երբ ինքնամեկուսացված անձը չի պատասխանում նաև սույն կետով նախատեսված հեռախոսազանգերին, համապատասխան անձանց տվյալները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, իսկ զինծառայողների վերաբերյալ տվյալները՝ նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն: Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, համադրելով հնարավոր կոնտակտավոր անձի հետ հրահանգավորման ընթացքում պարզված տեղեկությունները և սույն գլխի 33-րդ կետով ստացված տվյալները, որոշում է կայացնում սույն գլխով սահմանված ինքնամեկուսացման հրահանգավորում իրականացնելու, տվյալները ստուգելու կամ սույն գլխի 46-րդ կետով նախատեսված միջոցները կիրառելու մասին՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելով նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ: Պարետատան աշխատանքներում ներգրավված` Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատակիցը Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական, մարզային և տարածքային ստորաբաժանումներին տեղեկատվությունը փոխանցում է էլեկտրոնային փոստի, հեռախոսազանգի, հաղորդագրության միջոցով:
46. Եթե որևէ այլ պատճառով հնարավոր չէ իրականացնել հսկողությունը ինչպես էլեկտրոնային, այնպես էլ սույն գլխի 45-րդ կետով սահմանված կարգով, ապա համապատասխանաբար՝
1) ելնելով կոնկրետ իրավիճակից՝ անձի նկատմամբ կարող է կիրառվել տեղաշարժվելու իրավունքի սահմանափակում որոշակի տարածքի (վայրի) սահմաններում. կամ՝
2) անձի նկատմամբ կարող են կիրառվել սույն որոշմամբ սահմանված հսկողության այլ ձևեր. կամ՝
3) անձի՝ ինքնամեկուսացման վայրը լքելու փաստը կարող է բացահայտվել անձի հեռախոսի միջոցով՝ օպերատորների կողմից տրամադրված՝ սույն գլխի 28-րդ կետով սահմանված տվյալների հիման վրա:
47. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության իրավասու աշխատակիցները ինքնամեկուսացված անձի առողջական վիճակի, հնարավոր առկա ախտանիշների, բացակա տվյալների համալրման, ինքնամեկուսացման կանոնները պահպանելու հրահանգավորում իրականացնելու, սննդի անհրաժեշտության և այլ անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման նպատակով պարբերաբար զանգահարում են ինքնամեկուսացված անձանց, իսկ հավաքագրված տվյալները ավտոմատ եղանակով գրանցվում են տվյալների կենտրոնում։
48. Ինքնամեկուսացված անձանց անհրաժեշտ սննդի վերաբերյալ տեղեկատվությունն ավտոմատացված թվային համակարգի միջոցով փոխանցվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ էլեկտրոնային փոստի, հեռախոսազանգի կամ հաղորդագրության միջոցով՝ համապատասխան սննդի մատակարարումը կազմակերպելու նպատակով։
49. Սույն գլխի 43-րդ կետում նշված պարտադիր կանոնները խախտելու համապատասխան դեպքերում ինքնաշխատ եղանակով ծանուցում է ուղարկվում Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը` սույն գլխի 46-րդ կետով նախատեսված միջոցները կիրառելու, ինչպես նաև համապատասխան կանոնների խախտման համար օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ կիրառելու համար՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելով նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ:
50. Տվյալների կենտրոնում և հատուկ համակարգչային ծրագրում մշակված բոլոր տվյալները ոչնչացվում են «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.1-ին հոդվածի 5-րդ մասի իմաստով՝ արտակարգ դրության ավարտից հետո՝ երկշաբաթյա ժամկետում:
51. Ոչնչացման գործընթացը կազմակերպում և իրականացնում է «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությունը՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության և այն բոլոր մարմինների ու կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնք արտակարգ դրության ժամանակահատվածում հասանելիություն են ունեցել տվյալներին կամ մշակել են դրանք: Ոչնչացման գործընթացին սույն գլխի 52-րդ կետով սահմանված կարգով կարող է մասնակցել նաև մեկական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցություններից` առանց տվյալները մշակելու իրավունքի:
52. Արտակարգ դրության ավարտից հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը գրավոր ծանուցում է ուղարկում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցություններին՝ առաջարկելով յուրաքանչյուր խմբակցությանը՝ ներկայացնելու խմբակցության ներկայացուցչի վերաբերյալ տվյալներ՝ ոչնչացման գործընթացին մասնակցելու համար: Խմբակցությունների ներկայացուցիչները պատշաճ կերպով ծանուցվում են ոչնչացման գործընթացի ժամանակի և վայրի մասին:
53. Տվյալների ոչնչացումն իրականացվում է տվյալների նյութական կրիչների (տվյալների կենտրոնային համակարգերի կոշտ սկավառակների) ապամագնիսացման և ֆիզիկական ոչնչացման եղանակով՝ այն ձևով, որն անհնար է դարձնում վերականգնել տվյալների բովանդակությունը:
54. Տվյալների ոչնչացման փաստը հավաստվում է գրավոր արձանագրությամբ, որը ստորագրվում է ոչնչացման գործընթացին մասնակցած բոլոր անձանց կողմից և ենթակա է հրապարակման Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական կայքում, ինչպես նաև համապատասխան քանակի օրինակներով տրամադրվում է ոչնչացման գործընթացին մասնակցած բոլոր անձանց:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: