«Նման գին վերջին տարիներին դեռ չէր եղել». Հարություն Մնացականյան
«Անասնաբուծության մեջ ամենաբարդը խոզաբուծության ոլորտն է Հայաստանում։ Տավարաբուծության, ոչխարաբուծության դեպքում կենդանիներին հանում են արոտի, և ֆերմերային խոշոր տնտեսություններն էլ, մանր տնտեսություններն էլ կերի վրա գրեթե նույն ծախսն են անում։ Իսկ խոզի պարագայում այլ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց գյուղատնտես Հարություն Մնացականյանը։
Հիշեցնենք, որ նա օրեր առաջ հայտարարել էր խոզաբուծության ոլորտում առկա խնդիրների մասին՝ մասնավորապես նշելով, որ արդեն ռեստորանային տնտեսություններն իրենց ֆերմաների խոզերն են մտցնում շուկա, որի պատճառով խոզի մսի գինը կնվազի։
Նա ասել էր, որ, եթե 1600 դրամից ցածր իջավ, գյուղացին սկսելու է վնասով աշխատել, և ներկա վիճակում եղած խոզերի քանակը խիստ կկրճատվի։
Այսօր գյուղատնտեսի բարձրացրած խնդիրների վերաբերյալ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ասաց, որ խոզաբուծությամբ զբաղվող տնտեսությունների համար կառավարության աջակցության փաթեթը հատուկ մոտեցում է նախատեսում։
«Այն ֆերմերները, որոնք 3-15 մլն դրամ վարկավորման կդիմեն խոզաբուծությամբ կամ թռնչաբուծությամբ զբաղվելու համար, կօգտվեն կառավարության 30 տոկոս համաֆինանսավորման աջակցությունից։ Ֆերմերը նաև կառավարության կողմից հատուցվում է բոլոր այն տոկոսների գումարը, որը բանկը սահմանել էր, այսինքն՝ ստանում է զրո տոկոսով վարկ»։
Նախարարն ասաց, որ խոսզի մսի գինն ավելի ցածր է, բայց, ըստ նրա՝ ֆերմերները պետք է մտածեն՝ ինչպես կրճատել իրենց ծախսերը․ «Ֆերմերային տնտեսությունները պետք է մտածեն հնարավոր բոլոր եղանակների մասին՝ իրենց ծախսերը կրճատելու։ Մեկ քայլ կառավարությունն արել է, դա անտոկոս վարկային փոխառությունն է»։
Հարություն Մնացականյանը նկատեց՝ խոզի համար ֆերմերները գնում են ցորեն, գարի, տարբեր այլ սննդատեսակներ, խտացրած կերեր, ինչը, ըստ նրա՝ խոշորների համար բավականին մատչելի է լինում, քանի որ նրանք գնում են կոնտեյներով, ներմուծում են Ռուսաստանից կամ տեղական արտադրություն ունեն.
«Ռեստորանատերերն էլ իրենց սննդի թափոններն են տալիս խոզերին, երկրորդային արտադրանքով են պահում խոզերին, իրենց համար ինքնարժեքն ավելի ցածր է։ Գյուղացին ինքնարժեքն իջեցնելու տարբերակ չունի, նա չի կարող խոշոր ֆերմերների հետ մրցակցել, դա անհնար է։ Բայց եթե գյուղական խոզի պահման ինչ-որ ստանդարտներ մտցնեն, այսինքն՝ գյուղացիներն իրավունք չունենան խոզերին խտացրած կերերով պահել, այդ խոզի միսն իդենտիֆիկացնեն, գրեն՝ «գյուղական խոզ», դա վաճառեն ավելի թանկ գնով, քան խոշոր ֆերմերային տնտեսություններինն է, բայց դրա համար մի քանի ամսվա աշխատանք է պետք, որպեսզի սպառողի ենթագիտակցության մեջ մտցնեն, որ գյուղական խոզն էկոլոգիապես ավելի մաքուր է, ավելի լավ որակի է, ինչի համար գինը պետք է ավելի բարձր լինի։ Ենթադրենք՝ մեծածախ ընդունման գինը լինի 2200 դրամ»։
Գյուղատնտեսի խոսքով՝ ընդհանրապես խոզբուծությունը Հայաստանում թանկ է աշխարհի գրեթե բոլոր երկրներից․ «Հայաստանում խոզի մսի ինքնարժեքը շատ բարձր է։ Բրազիլիայից խոզի միսն այստեղ է հասնում 1100 դրամով, մեր տեղական արտադրողները 2000-2200 դրամով են վաճառում, իսկ գյուղացու վրա ինքնարժեքը մոտ 1700 դրամ է։ Ես միշտ եմ ասել, որ խոզաբուծությունն ամենառիսկային ճյուղն է Հայաստանում»։
Հարցին՝ այս պայմաններում, երբ խոզի մսի ինքնարժեքը նվազում է, գյուղացին ի՞նչ կարող է անել, նա պատասխանեց, որ այս պահին գյուղացին ոչ մի տարբերակ չունի․ «Ոնց որ ասենք՝ ծաղիկ արտադրողներն ի՞նչ անեն․ այս պահին ծաղիկ չի իրացվում։ Մեծ արտադրողները լուրջ վնասներ են կրում։ Գյուղացին կամ պետք է այդ խոզը պահեստավորի սառնարանային տնտեսություններում՝ մինչև գները կարգավորվեն, որովհետև այս գինը երկար էլ չի կարող այսպես ցածր մնալ, քանի որ կանցնեն համատարած մորթի, որի հետևանքով արդեն դեկտեմբերին սուր դեֆիցիտ կառաջանա, և գինը կբարձրանա, օրինակ՝ մինչև 4000 դրամ։
Այդտեղ էլի կօգտվեն խոշոր ֆերմերները։ Իմ պատկերացրած տարբերակը՝ մսամթերք արտադրող ընկերություններին որևէ ձևով սուբսիդավորեն, որպեսզի գյուղացիներից մթերեն 1600-1700 դրամից բարձր գնով, որպեսզի ամբողջ ֆերմերային տնտեսությունները կրախի առաջ չկանգնեն, և գյուղացիները եթե խոզ ունեն, պահեն։ Զվարթնոցում օրերս դեպք էր եղել, որ մսի «պասաժը» ասել էր, որ 1200-ից բարձր գնով չի ընդունում խոզի միսը։ Մի երկու օր առաջ էլ Շրջանայինի «Զովք»-ում խոզի միսն ակցիայով էր դրված՝ խոզի թիակը՝ 1650, բուդը՝ 1800, չալաղաջը և մատները՝ 2000-2200 դրամի սահմաններում։ Նման գին վերջին տարիներին դեռ չէր եղել»։
Հարություն Մնացականյանը նաև նշեց, որ գյուղատնտեսական աշխատանքների վրա որևէ արգելք չկա. «Ես հենց հիմա Կոտայքի մարզում գյուղատնտեսական աշխատանքներով եմ զբաղված»։