Ապրիլի 12-ին կնշվի Սուրբ Զատիկը. եկեղեցու սպասավորն անդրադառնում է տոնի խորհրդին
Սուրբ Զատիկը Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է, որն այս տարի նշվելու է ապրիլի 12-ին: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայ առաքելական Սուրբ եկեղեցու քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի տնօրեն, Ասկերանի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մեսրոպ քահանա Խունոյանը՝ նշելով, որ Զատիկը Հիսուս Քրիստոսի Հարության տոնն է:
Նրա խոսքով՝ Զատիկը հունարեն «փասկա» են ասում, որը նշանակում է «գաղթ»: Վարդապետներն այս բառի «փ» տառը փոխարինել են «պ»-ով, «կ»-ն՝ «ք»-ով և «պասքա» վերանվանել:
««Զատիկ» նշանակում է անցում չարչարանքներից: Զատիկ նաև «անցարան» է նշանակում, որպես հիշատակ հրեաների՝ Եգիպտոսից դուրս գալու և Կարմիր ծովով անցնելու: Սա խորհրդանշում է անցումը չարից դեպի բարին, պակասությունից դեպի լիություն, անպիտանությունից և չար գործերից՝ դեպի պիտանություն ու առաքինի վարք: Այն նաև նշանակում է զատվել անմաքուր ու դժնդակ խորհուրդներից և դառնալ բարու գործակից»,-ասել է Տեր Մեսրոպ Խունոյանը:
Թե ինչ արարողություններ են իրականացվում Ս. Զատկի տոնին, մեր զրուցակիցն ավելացրել է, որ Ս. Հարության տոնին նախընթաց երեկոյան` ապրիլի 7-ի երեկոյան, եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որի ընթացքում պահք պահողները, Ս. Հաղորդություն ստանալով, դուրս են գալիս պահքից, և սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Սուրբ Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»: Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար:
«Մանավանդ վերջին շրջանում հանրությունը մեծ ուշադրություն է դարձնում տոնի խորհրդին: Ս. Զատկի տոնին պատրաստվում են յուրովի, ամեն մեկն իր տանն ունենում է աճեցրած ցորեն, ձուկ, գինի, կանաչեղեն, ներկած ձվեր, թխվածքաբլիթներ, որոնք էլ խորհրդանշում են զատկական սեղանը: Ուրախալի է, որ հասարակության մեծ մասը հետևում է Հայ առաքելական եկեղեցու տաղավար տոներին. այն նպաստում է հոգևոր դաստիարակությանը և ազգային արժեքների պահպանմանը»,-մասնավորապես ասել է Տեր Մեսրոպ Խունոյանը: