«Ի՞նչ է, իշխանությունը վստահ չէ՞ իր կոճակ սեղմողների վրա»․ քաղտեխնոլոգ

«Խորհրդարանում երեկ կատարվածը գեղեցիկ չէր, դա, այսպես ասած՝ թեթև շուստրիության տրյուկ էր, երբ սկսվում է արտահերթ նիստը, և դրանից միայն որոշ ժամանակ հետո են տեղյակ պահում ընդդիմադիր ուժերին։ Դա մի քիչ պրիմիտիվ շուստրիություն էր և անիմաստ»,- 168am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով երեկ ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցածին, երբ առավոտյան արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ չընդունվեց կառավարության ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, և երեկոյան նորից նիստ գումարվեց, որին ընդդիմադիր խմբակցությունները չէին մասնակցում։

Արմեն Բալդալյանը նկատեց՝ ի՞նչ է, իշխանությունը վստահ չէ՞ իր կոճակ սեղմողների վրա․ «Այսինքն՝ եթե ընդդիմադիրները գային և նորից քննադատեին, ապա արդյո՞ք «Իմ քայլ»-ում էլի կգտնվեին մարդիկ, որոնք չէին քվեարկի։ Սա ցույց է տալիս մի շատ կարևոր բան. երբ վարչապետին պետք է լինում, նա կարողանում է ամբողջ խմբակցությունը հավաքել և ստիպել քվեարկել այնպես, ինչպես իրեն է պետք։ Չեմ բացառում, որ «Իմ քայլը» խմբակցության ներսում կան տարբեր խմբեր, որոնք միմյանց նկատմամբ բացասական վերաբերմունք, անգամ՝ թշնամական հարաբերություններ ունենան, ըստ դուրս եկող ինֆորմացիայի։ Բայց երեկվա քվեարկությունը ցույց տվեց, որ անհրաժեշտության դեպքում վարչապետն ամբողջ խմբակցությունը մի բռունցքի մեջ սեղմելով՝ ստիպում է անել այն, ինչ անձնապես իրեն է պետք։ Իսկ այդ լսումներն անձնապես պետք էին իշխող քաղաքական ուժին»։

Դիտարկմանը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն ասում էին, որ իրենք էլ են նույն ժամին իմացել նիստի մասին, բացի այդ՝ երկրորդ ընթերցման ժամանակ էլ նշեցին, որ, եթե առաջինի դեպքում բերվում է պատճառաբանություն, թե չեն իմացել, դրա համար չեն մասնակցել, ապա երկրորդ ընթերցման վերաբերյալ առնվազն երեք ժամ առաջ ԱԺ նախագահը հայտարարել էր, բայց ընդդիմությունը դարձյալ չէր մասնակցում նիստին, Արմեն Բադալյանն արձագանքեց․

«Որովհետև կարևորն առաջին ընթերցման ժամանակ նորից այդ քննարկումները բուռն ներկայացնելն է։ Եթե իրենց շուստրիությամբ, ընդդիմությանը մի կողմ դնելով, իրենք իրենց ձայներով արդեն առաջին ընթերցմամբ ընդունում են, ապա երկրորդ ընթերցման ժամանակ ընդդիմությունը կգա՞, թե՞ ոչ, էական նշանակություն չունի»։

Ինչ վերաբերում է օրենսդրական նախաձեռնության բովանդակությանը, երբ քաղաքացիներին տեղորոշելու համար պետք է ֆիքսվեն հեռախոսազանգերն ու կարճ հաղորդագրությունները, քաղտեխնոլոգն ասաց, որ այդտեղ երկակիություն կա․

«Նախ՝ տեսնում ենք, որ համաճարակն արդեն բավականին մեծ տարածում է ստացել, ունենք 571 վարակված անձ, Առողջապահության նախարարությունն էլ նշում է, որ այս տեմպերով մինչև 1000-2000-ի կարող են հասնել, իշխանություններն ուզում են իրական գործիք ունենալ, որ կանխեն այս տարածումը, որովհետև այն կարող է ոչ միայն առողջապահական, այլև ազգային անվտանգության խնդիր առաջ բերել։ Դիմում են այն գործիքին, որը Չինաստանում օգտագործվել է, բայց խնդիրն այն է, որ Չինաստանում միայն դա չի եղել, այնտեղ բազմաթիվ գործիքներ են կիրառվել, որոնց թվում եղել է նաև դա։ Գործիքների համատեղ աշխատանքն է դրական արդյունք տվել։ ՀՀ իշխանությունները նախ՝ սկզբնական շրջանում լուրջ չէին վերաբերվում այդ վիրուսին, չմոռանանք հայտնի արտահայտությունը, թե՝ կորոնավիրուսն ում շունն է, որ գա մեզ կպնի։ Անլուրջ վերաբերվեցին, որովհետև հանրաքվեն էր իրենց համար կարևոր, և հիմա տարածվում է, փորձում են ինչ-որ գործիքներ կիրառել»։

Արմեն Բադալյանը նկատեց՝ ինչ-որ չափով տրամաբանական գործընթաց կա․ «Իհարկե, սա կարող է նաև օգտագործվել իշխանությունների կողմից՝ քաղաքական նպատակներով, դրա համար համաճարակի ավարտից հետո նոր ընդդիմությունը պետք է հարց բարձրացնի՝ այս օրենքները չեղյալ հայտարարելու մասին։ Այդ ժամանակ արդեն կտեսնենք՝ ինչ զարգացում կլինի, որովհետև հիմա ասել, որ սա միայն նրա համար է, որ վարչապետը վերցնի հսկողության տակ, ապա, գիտե՞ք ինչ․ վարչապետին որ պետք լինի հսկողության տակ վերցնել, ապա առանց որևէ օրենքի ընդունման էլ ինքը կարող է դա անել, որովհետև սուպերվարչապետական կառավարման համակարգը դա թույլ է տալիս, իսկ Հայաստանում սուպերվարչապետական կառավարման համակարգ է։ Դրա համար, այս գործիքը թող հիմա աշխատի, բայց համաճարակի թուլանալուն զուգընթաց՝ ընդդիմությունը պարտավոր է հարց բարձրացնել՝ այս օրենքը չեղարկելու համար»։

Միևնույն ժամանակ, նա ընդգծեց՝ իշխանության կողմից կատարվող քայլերն ուշացած են․ «Հենց սկզբից պետք էր ռիսկային երկրների հետ թռիչքները դադարեցնել, բոլոր դրսից եկածներին կարանտինի մեջ պահել, անել այն, ինչ արեց Վրաստանի իշխանությունը, որտեղ մոտ 105 վարակված կա՝ ի տարբերություն Հայաստանի, որտեղ արդեն հասնում է 600-ի։ Այ, Վրաստանի իշխանությունները շատ արագ և արդյունավետ աշխատեցին։ Դրա համար, այս հեռախոսային խոսակցությունները ֆիքսելու հետ կապված, որ ընդդիմությունն աղմուկ է բարձրացրել, թե՝ տոտալիտար բռնապետություն ստեղծող գործիքներից մեկն է, մի քիչ չափազանցված է»։

Տեսանյութեր

Լրահոս