Բարեգործությունից մինչև վարչական ռեսուրսի կիրառում. Իոաննիսյանն ընտրակեղծիքներն է ամփոփում
«Իրազեկ քաղաքացիների միավորման» Ստեփանակետի գրասենյակը երեկ՝ մարտի 31-ին, Արցախում կայացած նախագահական և խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրականացրել է դիտորդական առաքելություն՝ 49 ընտրատեղամասում, 8 տարածքային ընտրական հանձնաժողովում:
ԻՔՄ ղեկավար Դանիել Իոաննսիյանը, ամփոփելով քվեարկության ընթացքը, ներկայացրեց այն ընտրախախտումները, որոնք արձանագրել են իրենց դիտորդները:
«Կարճաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնող դիտորդների կողմից դիտարկված ընտրատեղամասերից 3-ի տարածքը համարվել է ոչ բավարար՝ քվեարկության իրականացման համար, 16-ում եղել են այնտեղ գտնվելու իրավունք չունեցող անձինք, 13 տեղամասում եղել են դեպքեր, որ այլ անձ է գտնվել քվեարկության խցիկում, և այդ այլ անձը դիտորդի կողմից որակվել է՝ որպես վերահսկողություն իրականացնող, 15 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամները և վստահված անձինք չեն կրել համապատասխան վկայական, 12 տեղամասում խախտումները չեն գրանցվել գրանցամատյանում, 9 ընտրատեղամասում արձանագրվել է քվեարկության մասին բարձրաձայնելու դեպք, քվեախցիկից դուրս քվեարկելու դեպքեր եղել են 40-ում՝ ընդհանուր թվով 700 դեպք: Դիտարկված 49 տեղամասերից 9-ում արձանագրվել են քվեաթերթիկը լուսանկարելու բազմաթիվ դեպքեր: Այս դեպքերից որևէ մեկով հանձնաժողովի անդամները չեն դիմել տեղամասում գտնվող ոստիկաններին և դա պատճառաբանել են համապատսխպան հրահանգավորմամբ:
11 ընտրատեղամասում արձանագրվել են կուտակումներ, 1 տեղամասում՝ բաց քվեարկություն, 7-ում՝ վստահված անձից այլ անձանց հրահանգ տալու դեպք, 1 տեղամասում նման վարքագիծ է դրսևորվել ԶԼՄ ներկայացուցչի կողմից: 10 տեղամասում արձանագրվել է վիճաբանություն, 3 տեղամասի շրջակայքում՝ ընտրողների տեղափոխում է նկատվել՝ օրինակ, Քարվաճառում անընդհատ էր դա և կազմակերպված էր Արայիկ Հարությունյանի աջակիցների կողմից»,- գրանցված ընտրախախտումների մասին հայտնեց Իոաննիսյանը:
Անդրադառնալով քվեաթերթիկները հաշվարկելու ժամանակ դիտորդների արձանագրած խախտումներին՝ Իոաննիսյանն ասաց, որ 2 ընտրատեղամասում իրականությանը չհամապատասխանող տվյալներ են գրանցվել:
Դանիել Իոաննիսյանը խոսեց նաև ընտրակեղծիքներին և քարոզչությանը զուգորդված բարեգործությունների մասին՝ շեշտելով, որ ահազանգեր են բազմաթիվ զրուցակիցներից, ինչն իրենց թույլ է տալիս ենթադրելու, որ ընտրողների վրա եղել է ներգործություն:
«Մտահոգիչ է ընտրողների կողմից սեփական քվեաթերթիկը նկարելու և այդ մասով ոստիկաններին չդիմելու դեպքերը: Էլ ավելի մտահոգիչ են նաև վարչական ռեսուրսի չարաշահումները»,- ասաց Իոաննիսյանը՝ նշելով, սակայն, որ առայժմ չեն կարող ճշգրիտ գնահատական տալ, թե բարեգործությամբ կամ վարչական լծակների կիրառման հետևանքով քանի ընտրող չի կարողացել ազատ կամարտահայտվել:
Վերջում Իոաննիսյանը հավելեց, որ, ինչպես մարտի 31-ի ընտրությունից առաջ, այնպես էլ ապրիլի 14-ին կայանալիք երկրորդ փուլի վերաբերյալ իրենք ունեն լուրջ մտահոգություններ՝ Արցախում կորոնավիրուսի տարածման վտանգի հետ կապված, ուստի դեռ հստակ չէ՝ արդյո՞ք իրենք ապրիլի 14-ին կրկին կիրականացնեն դիտորդական առաքելություն: