
Պահի տակ շուստրիություն եք անում, որ դիվիդենտ հավաքեք. Հովհաննես Հովհաննիսյանը՝ Էդմոն Մարուքյանին

Այսօր այս նախագծի քննարկմանը միայն մեր խմբակցությունն է մասնակցում, և սա արհամարհանք է ամբողջ հայության նկատմամբ: Թող մարդիկ գային, իրենց տեսակետը արտահայտեին, մենք էլ տեսնեինք՝ ինչ ենք անում:
Այսօր երեկոյան Ազգային ժողովում արտահերթ նիստում հատուկ ընթացակարգով քննարկվող նախագծերի ու դրանց քննարկումից ընդդիմության բացակայությանն անդրադառնալով՝ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
«Սա անհարգալից վերաբերմունք է ոչ միայն մեր խմբակցության, այլև ամբողջ հայության նկատմամբ»,- ասաց Միքայելյանը:
«Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Հովհաննես Հովհանիսյանն էլ իր ելույթում հայտարարեց, որ, եթե քաղաքական ընդդիմադիրները որոշել են կորոնավիրուսի համաճարակն օգտագործել և իշխանությունից տոկոսներ հավաքել, ապա այդ բոլոր տոկոսները տալիս են ընդդիմադիրներին:
«Պետք է միասնական լինել, համախմբել բոլորիս ուժերը: Ամբողջ աշխարհում գնում է համախմբման կոչ և քարոզ, մեզ մոտ փորձում են իշխանությունից տոկոսներ առնել, թող բոլոր տոկոսները ձեզ մնան, թող հայ ժողովուրդն առողջ լինի»,- ասաց Հովհաննիսյանը՝ դիմելով ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին:
Պատգամավորը նաև ընդգծեց, որ չի հասկանում, թե ինչից է բողոքում ընդդիմությունը, և չի հասկանում, թե ինչո՞ւ Էդմոն Մարուքյանը նախ հայտարարեց, որ դեմ են քվեարկելու, հետո արեց այլ բան:
«Դե, եթե դուք պահի տակ շուստրիություն եք անում, որ դիվիդենտ հավաքեք, մենք էլ օրենք ենք բերել, որ էս ժողովրդին զերծ պահենք էս ամեն ինչից»,- ասաց Հովհաննիսյանը: