
«Ձեր նշած պետություններից ոչ մեկում նման իրավակարգավորում չի ընդունվել․Դուք հղում եք կատարել լրատվական միջոցներին»․ Տարոն Սիմոնյան

ԱԺ արտահերթ նիստի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն ասաց, որ մինչև գիշերվա ժամը 3-ը ուսումնասիրել է կառավարության ներկայացրած նախագծում նշված միջազգային փորձերը, բայց որևէ պետություն, ըստ նրա՝ նման իրավակարգավորում չի ընդունել, որը ներկայացվել է․
«Ձեր հիմնավորման մեջ նշում եք, որ մենք կանգնած ենք վիթխարի խնդրի առջև, և սնուցում եք այն վախը, որ առանց այդ էլ մեզ մոտ կա, վախացնելով, որ 90 տոկոով հնարավոր է վարակվի հասարակությունը։ Այնուհետև բերում եք, որ միջազգային փորձ կա, որ այս գործիքով են պայքարել։ Ես երեկ մինչև գիշերվա 3-ը ուսումնասիրում էի ձեր բերած բոլոր միջազգային փորձերը, այդ պետություններից ոչ մեկում նման իրավակարգավորում չի ընդունվել, ավելին՝ ձեր նշած իրավակարգավորումներում հղում է կատարվում լրատվական միջոցներին։ Դուք, որպես իրավաբան, գիտեք, որ լրատվամիջոցների հիման վրա իրավունքի սահմանափակում չի կարելի կատարել։ Խնդրում եմ պարզաբանել, թե ձեր նշած երկրներում ո՞ր իրավական փաստաթղթերով է ամրագրվել նման իրավակարգավորումներ»։
Պատգամավորը նկատեց՝ մարդիկ դարերով, տասնամյակներով պայքարել են մարդու իրավունքների նվաճման համար․
«Երբ առանձին դեպքերում արտակարգ իրավիճակներ են գալիս, մենք մոռանում ենք այդ դարերի պայքարը և միանգամից վախերը փարատելու համար սահմանափակում ենք այն, ինչի համար պայքարել ենք դարերով։
Իհարկե, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների վերաբերյալ միջազգային դաշնագրի 4-րդ հոդվածով, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 15-րդ հոդվածվում թույլատրվում են մարդու իրավունքների սահմանափակումներ իրականացնել՝ արտակարգ դրության ժամանակ, նաև թույլ են տալիս նամակագրության և մասնավոր կյանքի անձեռնմխելիության ոլորտում որոշակի սահմանափակումներ իրականացնել, բայց դա թույլ են տալիս խիստ որոշակի գործիքակազմով և խիստ որոշակի անձնանց շրջանակ ֆիքսելով։
Եթե մենք այս գործիքները չենք օգտագործում, նշանակում է ձախողում ենք երկու թեստերից մեկը։ Այդ երկու թեստերն են՝ անհրաժեշտություն և համաչափություն։ Եթե անհրաժեշտ է այս խնդրի լուծումը, ապա երկրորդ քայլով պետք է կարողանանք ապացուցել, որ համաչափ են այն գործիքները, որոնցով այս նպատակին հասնում ենք։ Այլապես կխախտենք թե՛ վերոնշյալ փաստաթղթերը, թե՛ ՀՀ Սահմանադրությունը։ Իսկ այն, որ նախատեսված գործիքակազմը խիստ անհամաչափ է և շատ լայն գործիքներ է օգտագործում՝ շատ լայն անձնանց շրջանակի նկատմամբ, բոլորդ ֆիքսեցիք»։