Բաժիններ՝

100 տարի առաջ Երևանում շրջող հիվանդությունն ու 180.000 զոհերը․ Սիմոն Վրացյանի հուշերը

Վերջին շաբաթներին աշխարհում ու Հայաստանում կատարվում են իրադարձություններ, որոնք, անսովոր լինելու հետ մեկտեղ՝ նաև սպասելի էին։ Աշխարհը պայքարում է անտեսանելի թվացող, բայց տեսանելի հետևանք ունեցող հիվանդության՝ կորոնավիրուսի դեմ։ Մեզ համար, թերևս, այս կարգավիճակն անսովոր է։ Երբ փողոցներում համեմատաբար դատարկություն է, մարդիկ քայլում են դիմակներով, հիվանդանոցներում տեղ ու դադար չկա։

Այս ֆոնին ոմանք հիշում են 5-10 տարի առաջ նկարահանված ֆիլմեր, որոնցում ներկայացվում էր ապագայի աշխարհը․ այն այնպիսին է, ինչպիսին հիմա կա։ Ոմանք համացանցում հրապարակում են ինչ-ինչ գրողների վեպեր, որոնցում ներկայացվում է մեր օրերի իրականությունը։ Այդ ամենը կարդալով՝ հասկանում ես, որ այդ մարդիկ կամ մարգարեներ են, կամ էլ ապագայի աշխարհը ստեղծող մարդկանց պատվերն են կատարում։ Թերևս, մեզ համար սիմվոլիկ բնույթ է կրում սա, քանի որ գրեթե 100 տարի առաջ Երևանում և Հայաստանում նույնպես մոլեգնում էին հիվանդությունները, սակայն 2 իրավիճակներն անհամեմատելի էին։

Դրանում մեր ընթերցողը, որ անգամ տեղեկություն չունի մոտ 100 տարի առաջ կատարված իրադարձությունների մասին, կհամոզվի։ 1918 թվականի ամռանը և աշնանը Հայաստանի Առաջին Հանրապետության կառավարությունը պայքարում էր խոլերայի և տիֆի համաճարակի դեմ։ 1915 թվականի ջարդերից հետո Արևելյան Հայաստանը լցվեց Արևմտյան Հայաստանից եկած գաղթականներով։ Գաղթականների հոսքն ու փողոցներում մահացած հիվանդ ու անտուն մարդիկ, որբերն իրենց շարքերով պետության ղեկավարներին ստիպում էին ծառայել ժողովրդին։ Որքան էլ այդ շրջանի մեր ղեկավարների վատ կողմերը հաշվի առնենք, այնուամենայնիվ պետք է նշենք, որ Առաջին Հանրապետության պետական այրերը կարողացան սիրել ու ծառայել իրենց ժողովրդին։

Այդ ծանր իրավիճակում Արամ Մանուկյանը, ով գրեթե ամեն րոպե ժողովրդի կողքին էր, ի վերջո, տառապեց ժողովրդի ցավով։ 1918 թվականի դեկտեմբերին Արամ Մանուկյանը ևս վարակվեց բծավոր տիֆով և 1919 թվականի հունվարին 29-ին կնքեց իր մահկանացուն։ Մանուկյանի հուղարկավորությունը համաժողովրդական սուգի վերածվեց։ Դա են փաստում հուշագիրների պատմությունները։ Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ պետությանը վրա հասած ցավով տառապում էին անգամ պետական պաշտոնյաները։ Նույն ամսին տիֆից մահանում է Հայ հեղափոխական դաշնակցության հիմնադիրներից Ռոստոմը՝ Ստեփան Զորյանը։ 1918-19 թվականների Արևելյան Հայաստանում և Երևանում տեղի ունեցող իրադարձությունների վկան ու հուշագիրն է Հայաստանի Առաջին Հանրապետության չորրորդ վարչապետ Սիմոն Վրացյանը։ Վրացյանից լավ անհնար է պատմել, թե ինչ էր կատարվում այդ շրջանում Երևանում․

«Հայաստանը, ավելի շուտ, գաղթականական կայան էր․ ամբողջ երկրում շուրջ 450000 գաղթական էր թափված, որից մոտ 40000-ը՝ Երևանում, շատերը՝ փողոցների և ավերակ շենքերի մեջ։ Հաց չէր ճարվում, ժողովուրդն ապրում էր ինչով որ պատահեց։ Գետնախնձորով կամ լոբիով խառն հացի ֆունտը քաղաքում, սկզբի օրերին արժեր 5 ռուբլի և այն էլ ճարվում էր դժվարությամբ։ Սարսափելի էր որբերի վիճակը։ Երևանի «Զանգ» թերթը գրում էր օգոստոսի 3-ին․ «Տասնյակ հազարավոր որբեր այսօր ցրված Հայաստանի Հանրապետության սահմաններում, մոռացված ամենքից՝ ենթակա են ցրտի, քաղցի, և համաճարակ հիվանդությունների․․․ Մահացողներին վերջ չկա․ մեռնում են ամենքը և ամենուրեք, գյուղերում թե քաղաքներում, բացօթյա ամենքի աչքի առաջ»։

Հացի, բնակարանների, հագուստի և դեղերի պակասն ու գաղթականության խառնվածությունը առաջ բերին ու զարգացրին համաճարակ հիվանդությունների, սկզբում խոլերան, ապա բծավոր տիֆը, որի գերանդին առատ հունձ էր անում ամեն կողմ։ Տուն չկար, որ հիվանդ չունենար։ Հիվանդները թափված էին և փողոցներում ու հրապարակներում։ Միայն հունիս ամսի 12-18-ին Երևանի զինվորական հիվանդանոցն ընդունել էր 370 հիվանդներ, որից մեռել էր 142 հոգի, առողջացել 25-ը։ Օգոստոսի 28-29-ին հիվանդանոցում կային 197 հիվանդներ, մեռան 17 հոգի։ Զինվորական հիվանդանոցից դուրս մասնավոր բժիշկների տեղեկություններով օգոստոսի 12-29-ին, Երևանում, մեռել էր 56 մարդ և հիվանդացել 157։ Այս դեռ սկիզբն էր երկանց։ Հապճեպով պատրաստված հիվանդանոցներն անզոր էին իրական դարման հասցնելու․ դեղ չկար, վառելիք չկար, սնունդ չկար, սպիտակեղեն չկար։ Եվ մարդիկ մեռնում էին անմռունչ, հարյուրներով, հազարներով։ Ժողովուրդը սպառվում էր վառվող մոմի պես։

Վեց ամսվա ընթացքում սովից ու հիվանդություններից Հայաստանում մեռավ մոտ 180000 մարդ։ Թուրքերը գտել էին կոտորածի նոր ձև՝ ավելի իրական և ավելի անաղմուկ։ Մի վես ամիս ևս և Ռուսահայաստանն էլ կհասներ Թյուրքահայաստանի օրին։ Արժե՞ր այդ պայմաններում կռիվ անել, զորամասեր զբաղեցնել, իզուր տեղը արյուն թափել։ Հայաստանի գործը հանձնելով սովին ու տիֆին՝ թուրքերն իրենց գլխավոր ուժերը ուղղել էին Բաքվի դեմ»։ (Սիմոն Վրացյան, «Հայաստանի Հանրապետություն», էջ 168-169)։

Հաշվի նստելով պատմական փաստերի ու հուշագրությունների հետ՝ տեսնում ենք, որ մոտ 100 տարի առաջ երկրում կատարվող իրադարձությունների ցավով տառապում էին երկրի ղեկավարները։ Նրանք ջանք ու եռանդ չխնայեցին, որպեսզի ժողովրդին դուրս բերեն անելանելի վիճակից։  Կործանելով իրենց՝ Արամը, Ռոստոմն ու մյուսները փրկություն բերեցին ժողովրդին։ Իսկ հիմա ժամանակները փոխվել են։ Եվ հասարակությունը գիտի, որ յուրաքանչյուր հարցի դիմաց կանգնած է մեն մենակ։

Շարունակելի․․․

Զ․Շուշեցի    

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս