
Ազգային ժողովը պարզաբանում է տարածել «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներից մեկին ծրագրից հեռացնելու վերաբերյալ

Հայաստանի Ազգային ժողովը պարզաբանում է տարածել «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներից մեկին ծրագրից հեռացնելու վերաբերյալ։
Ներկայացնում ենք ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության տարածած պարզաբանումը.
«Անդրադառնալով համացանցում տարածված գրառումներին եւ մեկնաբանություններին՝ կապված Ազգային ժողովի «Ամառային դպրոց» չորրորդ ծրագրի մասնակիցներից մեկի հեռացման հետ՝ տեղեկացնում ենք, որ վերջինս հեռացվել է ծրագրից համացանցում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ (կեղծ գրառմամբ փորձել է վարկաբեկել ԱԺ «Ամառային դպրոց» ծրագիրը) հրապարակելու պատճառով:
Վերոնշյալ մասնակցի օրինական ներկայացուցիչը (ծնողը) հրավիրվել է Ազգային ժողով՝ քննարկելու իր երեխայի դիտարկումները ծրագրի հետ կապված, եւ զրույցի ընթացքում պարզվել է, որ մասնակիցն արդեն ընդունվել է բարձրագույն ուսումնական հաստատություն եւ չի համապատասխանում ծրագրով նախատեսված ավագ դպրոցի աշակերտ լինելու պահանջին, ինչն արդեն իսկ հիմնավոր պատճառ է նրան «Ամառային դպրոցից» հեռացնելու համար:
Հիմք ընդունելով այդ տեղեկությունը եւ կատարված հրապարակումները՝ մասնակիցը հեռացվել է «Ամառային դպրոցից»:
Այս որոշումն ընդունելու եւ «Ամառային դպրոցի» գործունեության հետ կապված ցանկացած այլ մեկնաբանություն կամ տարածված հայտարարություն չեն համապատասխանում իրականությանը»։
ԱԺ-ն ներկայացրել է «Ամառայիկն դպրոց» ծրագրի մասնակիցներից մեկին հեռացնելու պատճառը
Ավելի վաղ օգտատեր Դավիթ Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ «Ամառային դպրոց» ծրագրից հեռացվել է ֆեյսբուքյան գրառման համար։