Բաժիններ՝

Գազայում իսրայելական հարձակումներից շուրջ 50 պաղեստինցի է զոհվել

Գազայում օգոստոսի 22-ի լուսաբացից ի վեր Իսրայելի կողմից շարունակվող օդային հարվածների և հրետակոծությունների հետևանքով զոհվել է 47 մարդ, որոնց մեծ մասը՝ Գազա քաղաքում։ Այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA գործակալությունը։

Իսրայելական հրետանին ծանր հարվածներ է հասցրել Գազա քաղաքի հարավ-արևելքում գտնվող աս-Սաբրա թաղամասին։

Իսրայելական ուժերը միաժամանակ շարունակում են հարձակումներ իրականացնել Արևմտյան ափի բնակավայրերի վրա՝ ոչնչացնելով տներ ու ենթակառուցվածքներ։

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ զգուշացնելով անկլավում սովի վատթարացման մասին։

«Մենք կոչ ենք անում Իսրայելին անհապաղ և համարժեք մուտք ապահովել մարդասիրական օգնության համար։ Մենք կտրականապես մերժում ենք Իսրայելի ռազմական հարձակման ընդլայնումը Գազայի հատվածում», – նշվել է հայտարարության մեջ։

Իր հերթին, Մեծ Բրիտանիայի Մերձավոր Արևելքի հարցերով պետնախարարը նշել է, որ Գազայում աղետալի մարդասիրական իրավիճակը հասել է նոր մակարդակի։

«Իսրայելը պետք է թույլ տա, որ օգնությունը հասնի Գազայի ժողովրդին՝ շարունակական սովը կանխելու համար», – նշել է նա։

Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թ. հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 62 192-ի, վիրավորվել է 157 114 մարդ։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։ ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ գտնվում է 50 պատանդ, որոնցից միայն 20-ն է ողջ մնացել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս