
Պուտինի և Զելենսկու հանդիպում պլանավորված չէ. Լավրով

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպում պլանավորված չէ. Ռուսաստանի ղեկավարը դրան պատրաստ կլինի, երբ լինի օրակարգ: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը NBC News հեռուստաալիքի եթերում:
«Պուտինը պատրաստ է հանդիպել Զելենսկու հետ, երբ գագաթնաժողովի օրակարգը պատրաստ լինի, իսկ այդ օրակարգը բոլորովին պատրաստ չէ», – ասել է Լավրովը «Meet the Press» հաղորդմանը բացառիկ հարցազրույցում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի՝ Ալյասկայում կայացած հանդիպումից, և դրան Սպիտակ տանը հաջորդող Վոլոդիմիր Զելենսկու և ԵՄ ղեկավարների հետ հանդիպումից հետո Վաշինգտոնն աշխատում է ռուս-ուկրաինական գագաթնաժողովի անցկացման վայրի և օրվա ուղղությամբ։
«Նախագահ Պուտինը հստակ ասել է, որ պատրաստ է հանդիպել, երբ այս հանդիպումն իսկապես ունենա օրակարգ, նախագահական օրակարգ», – ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարը՝ նշելով, որ Ուկրաինան է խոչընդոտում խաղաղության համաձայնագրի հասնելու շուրջ առաջընթացին։