«Անհրաժեշտ է, որ նախ՝ իշխանության ներկայացուցիչները լրջորեն վերաբերվեն պարետատան կողմից կայացվող ցանկացած որոշման»․ Անի Սամսոնյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ արտակարգ դրության պայմաններում պետության կիրառած սահմանափակումներն օրինաչափ են և անհրաժեշտ, որպեսզի մարդիկ տանը մնան․ «Այդ ձևաթուղթը ոչ միայն դուրս գալու համար թույլտվություն է, այլև վերահսկում է այդ քաղաքացու հետագիծը, որպեսզի հետո որևէ վարակի առկայության դեպքում հասկանալ՝ որտեղ է եղել այդ քաղաքացին, ում հետ է շփվել։ Ձևաթղթի կիրառումը քաղաքացիներին երբեմն հետ է պահում դուրս գալուց, այսինքն՝ տնից դուրս կգաս միայն այն ժամանակ, երբ քեզ անհրաժեշտ է դուրս գալ և կատարել որոշակի գործողություններ, որոնք կենսական են այս դրության պայմաններում»։
Ըստ նրա՝ անհրաժեշտ է, որ նախ՝ կառավարության, իշխանության ներկայացուցիչները լրջորեն վերաբերվեն պարետատան կողմից կայացվող ցանկացած որոշման․ «Ես չեմ ասում, որ ընդհանրապես հումոր չի կարելի անել, բայց երբեմն այդ հումորը վերածվում է անլրջության, և մարդիկ նույնպես կարող են դրան անլրջությամբ վերաբերվել։ Այսինքն՝ պահի պատասխանատվությունը և լրջությունը պետք է հստակ գիտակցել»։