Ինչպե՞ս ունենալ տեղաշարժման թերթիկ
Տեղաշարժման թերթիկները քաղաքացիները կարող են տպել covid19.am կայքից: Կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում տեղեկացրեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոյանը՝ հավելով նաև, որ ցանկացած թղթային կրիչի վրա տեքստը կարող է դրվել.
«Տետրի թուղթ, A4 ֆորմատի թուղթ. ֆիքսում են տեղաշարժվող անձի անուն-ազգանուն-հայրանունը, ելքի ժամը, ելքի հասցեն, այցելության վայրի անվանումը և այցելության նպատակը, վերադարձի ակնկալվող ժամը»:
Ս. Քրմոյանը նկատեց նաև՝ պարտադիր է անձը հաստատող փաստաթղթի առկայությունը:
Հիշեցնենք՝ Պարետի կողմից մարտի 24-ին ստորագրվել է որոշում՝ ՀՀ ողջ տարածքում անձանց տեղաշարժի սահմանափակումներ սահմանելու վերաբերյալ։ Որոշումն ուժի մեջ է մտնելու այսօր ժամը 23։00-ից:
Հիշեցնենք նաև, որ Սուրեն Քրմոյանը քիչ առաջ անդրադարձել էր ՀՀ քաղաքացիների տեղաշարժի և հանրային ծառայությունների իրականացման նկատմամբ սահմանափակումներին, մասնավորապես` անձը հաստատող փաստաթղթով և տեղաշարժման թերթիկով տեղաշարժի արտոնությանը.
«Եթե այս տեղաշարժման թերթիկը չկա, ուրեմն ոստիկանները կիրառելու են օրենքով սահմանված համապատասխան միջոցառումներ»:
Ըստ բանախոսի ՝մեր քաղաքացիները պետք է մնան տանը և միայն երեք դեպքում կարող են դուրս գալ.
«Եթե այն աշխատանքով են զբաղվում, որը թույլատրված է, եթե կենսական կարիքների համար դուրս են գալու մթերային շուկա և խանութ (մոտակա), եթե սպորտով զբաղվելու կարճ՝ օրեկան մի անգամ իր բնակվելու վայրի մոտակայքում՝ միշտ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ և այս տեղաշարժման թերթիկը»: