
«Այսօր կյանքեր փրկելու համար ընդամենը պետք է մնալ տանը». Հայկ Կոնջորյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն այսօր ԱԺ-ոմ խորհրդարանական հայտարարարությունների ժամին շեշտեց, որ չի դիմում այն քաղաքացիներին, որոնք արտակարգ դրության պայմաններում չեն կարող մնալ տանը, քանի որ իրենց հանապազօրյա հացը վաստակելու համար ստիպված են գնալ աշխատանքի:
«Չեմ դիմում նաև այն պետական ծառայողներին, որոնք չեն կարող մնալ տանը, քանի որ պետք է կատարեն իրենց ծառայությունը, որպեսզի պետությունը շարունակի իր կենսագործունեությունը: Դիմում եմ այն քաղաքացիներին, ովքեր կարող են մնալ տանը, բայց չեն մնում: Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդ իր կյանքում մի քանի անգամ հայտնվում է այնպիսի սահմանային իրավիճակներում, երբ ինչ-որ հարցով որևէ զոհողություն պետք է անի: Այսօր ամբողջ աշխարհում, երբ տարբեր երկրների ղեկավարներն այս համաճարակը համեմատում են պատերազմի հետ, մեզ համար նաև սահմանային իրավիճակ է, երբ մենք պետք է կատարենք այս կամ այն զոհողությունը, որպեսզի փրկենք կյանքեր»,- հայտարարեց պատգամավորը:
Պատգամավորի գնահատմամբ՝ այն բժիշկներն ու բուժաշխատողները, որոնք այսօր սահմանում կռվում են, այսպես ասած, հակառակորդի հետ՝ զոհում են իրենց ժամանակը, ժամանակն իրենց ընտանիքի և երեխայի հետ անցկացնելու ցանկությունը:
«Այսօր կյանքեր փրկելու համար ընդամենը պետք է մնալ տանը, եթե մարդկային կյանքը փրկելը, հայրենիքին օգնելը հերոսություն է, ապա այսօրվա հերոսությունը ոչ թե խրամատում հայտնվելն է, այլ ընդամենը տանը մնալն է՝ հարազատների ու մտերիմների հետ: Հետևաբար, այսօր մեր խրամատը մեր տունն է, ուրեմն եկեք մնանք մեր տանը և փրկենք կյանքեր»,- եզրափակեց Հայկ Կոնջորյանը: