Բաժիններ՝

«Հեռավար ուսուցման հարթակում մարզերից մեկում կա 88 տոկոս ներգրավվածություն». ԿԳՄՍ նախարար

«Նախարարությանը հիմնականում հաջողվեց այս մեկ շաբաթվա ընթացքում ապահովել հարթակներ և համագործակցություն՝ հեռավար կրթություն իրականացնելու համար: Մենք հիմա ամփոփում ենք, թե ինչ ծավալներով է ներգրավվածությունը, մեզ համար երեկ շատ հետաքրքիր թիվ եկավ՝ մարզերից մեկում 88  տոկոս ներգրավվածություն կա»,- այս մասին ԱԺ-ում հայտարարեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով հեռավար ուսուցման արդյունքներին:

Նախարարի խոսքով՝ այս արդյունքներն ուրախալի են, չնայած գիտի, որ կան խնդիրներ, որոնք առաջիկայում կգույքագրվեն, այդ թվում՝ տեխնիկայի, հարթակների հետ կապված:
«Մենք այսօր ըստ էության տեխնոլոգիական խնդիրներ չունենք, քանի որ կան տասնյակ հարթակներ, որոնք հաջողությամբ օգտագործվում են, սակայն տեխնիկայի հետ կապված կան խնդիրներ, ունենք որոշ ուսուցիչներ և աշակերտներ, որոնց համար համապատասխան սարքավորումները հասանելի չեն, կփորձենք այդ հարցը լուծել՝ դպրոցների համապատասխան սարքավորումները նրանց տներ տեղափոխելով»,- շեշտեց Արայիկ Հարությունյանը:

Ինչ վերաբերում է բուհերին, ապա, ըստ նախարարի, նրանք բարեհաջող անցել են այս ամենը, և դեռ արտակարգ դրությունը չէր հայտարարվել, բուհերի բոլոր ռեկտորները հավաքվել են և իրենց վրա պատասխանատվություն են վերցրել համակարգը գործարկելու համար:

«Բոլորին ուզում եմ շնորհակալություն հայտնել՝ ռեկտորներին, ուսուցիչներին, այս ծանր աշխատանքը միասին անելու համար: Տեսնում եմ, որ համակարգի հետ կապված ընդհանուր ոգևորություն կա, քանի որ նորություն է, մի ուսուցչուհի գրառում էր կատարել, որ աշակերտները դասին այդքան հավեսով դաս չեն անում, որքան հեռավար հարթակում, ինչը վատ չէ»,- եզրափակեց Արայիկ Հարությունյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս