«Այս որոշման համար վստահաբար կան պատճառներ, որոնք թաքնված են հայ-ամերիկյան հարաբերություններում»․ վերլուծաբան
«Միացյալ Նահանգների հետ ավելի սերտ աշխատելով՝ Հայաստանն ավելի հեշտորեն առաջ կմղի իր շահերը նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, քանի որ ԱՄՆ-ը համանախագահ երկիր է»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով Միացյալ Նահանգների կողմից Արցախին տրվող ուղիղ աջակցության կրճատմանը։
Հիշեցնենք, որ օրերս հայտնի դարձավ, որ չնայած վերջին ամիսներին հայկական լոբբիստական կազմակերպությունների և կոնգրեսականների կողմից ձեռնարկված ակտիվ ջանքերին, չհաջողվեց Արցախի համար պահպանել ԱՄՆ-ի կողմից տրամադրվող ուղիղ օգնությունը, և Թրամփի վարչակազմը որոշում կայացրեց կրճատել Արցախում իրականացվող ականազերծման ծրագիրը:
«Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը բազմիցս ներկայացրել էր Ադրբեջանի իշխանությունների ակտիվ աշխատանքը, այդ թվում՝ ծախսած գումարներն ԱՄՆ Անվտանգության խորհրդում՝ իրենց շահերն առաջ մղելու նպատակով։ Հենց ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդն էր որոշելու այս ծրագրի ապագան»,- նշել էր կենտրոնը տարածած հաղորդագրության մեջ։
Ավելի ուշ տեղեկատվություն եղավ նաև այն մասին, որ ԱՄՆ գործակալությունները հնարավորություն են տեսնում ԱՄՆ-ի կողմից տրամադրվող օգնության ֆինանսավորման համար, որը կարող է ավելի մեծ ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա, օրինակ՝ որպես բնակչությանը խաղաղության նախապատրաստում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Սուրեն Սարգսյանը՝ նշելով, որ այդ մասին գրել են օրենսդրական հարցերով պետքարտուղարի օգնական Մերի Էլիզաբեթ Թեյլորը և ԱՄՆ ՄԶԳ օրենսդիր և հանրային հարցերով կառավարչի օգնական Ռիչարդ Ք.Պարկերը:
«Առաջ նայող ծրագրերը, որոնք աջակցում են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը և հիմք են դնում ավելի բարեկեցիկ ապագայի համար, հույս են ներշնչում Լեռնային Ղարաբաղի բնակչության համար երկարաժամկետ հեռանկարում»,- ըստ Ս. Սարգսյանի՝ նշել էին նրանք:
Նեյլ Մաքֆարլեյնի դիտարկմամբ՝ սա կարող է ունենալ մի քանի դրդապատճառներ, սակայն, նրա համոզմամբ, Միացյալ Նահանգներն այնուամենայնիվ կշարունակի պահպանել որոշակի քաղաքական դերակատարություն իր տարատեսակ ծրագրերի միջոցով, ինչը տարիներ շարունակ անում էր կրճատվող ծրագրով։
Վերլուծաբանի խոսքով՝ միանշանակ է այն, որ նման տարածաշրջաններում ամերիկյան աջակցության կրճատումը Թրամփի վարչակազմի ծրագրերում շատ ավելի վաղուց կար, ավելին, նույնիսկ նախագահական ընտրությունների քարոզարշավի փուլում էր պարզ, որ ընտրվելու դեպքում Թրամփն էականորեն կրճատելու է ամերիկյան ֆինանսավորմամբ ծրագրերն աշխարհի տարբեր անկյուններում։
«Սա ԱՄՆ-ը ավելի մեծ, ավելի լավը դարձնելու նրա կարգախոսի շրջանակում պետք է դիտարկել, ԱՄՆ միջոցները, ռեսուրսները պետք է ծառայեն ամերիկացուն և օգտագործվեն հանուն Միացյալ Նահանգների։ Փաստորեն, նախագահության մի շրջան էր պետք, որպեսզի դա տեղի ունենա, թեև որոշ ծրագրեր շատ երկրների համար ԱՄՆ-ը փակել է ավելի վաղուց։ Այսինքն՝ առաջին պատճառը հենց ԱՄՆ-ում է՝ պայմանավորված է ամերիկյան ներկայիս քաղաքականության առանձնահատկություններով»,- ասաց Մաքֆարլեյնը։
Միաժամանակ, ըստ նրա՝ այս որոշման համար վստահաբար կան պատճառներ, որոնք թաքնված են հայ-ամերիկյան հարաբերություններում։ «Կոնկրետ պատճառներ կդժվարանամ նշել, պարզապես կասեմ, որ ամենայն հավանականությամբ՝ կա պասիվություն երկկողմ հարաբերություններում, ամերիկյան ուղղությամբ, բացի այցերից և խոսակցություններից, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը բազմավեկտոր է, կոնկրետ ծրագրեր, փոփոխություններ չեն եղել։ Չեմ բացառում, որ դրա համար կան հիմնավորված պատճառներ։ Վերջին մի քանի տարիները բավականին մարտահրավերային են եղել Հայաստանի և Միացյալ Նահանգների համար, քանի որ ԱՄՆ-ի բարդ հարաբերությունները Ռուսաստանի և Իրանի հետ բարդացրել են նաև Հայաստանի խնդիրն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կառուցելու հարցում։ Հայ-ամերիկյան հարաբերությունները մեծ հարվածներ չեն կրել այդ փաստի պատճառով, սակայն ձևավորվել է որոշակի զգուշավորություն, պասիվություն, որը պետք է ստիպի վերանայել հարաբերությունները, եթե դրանցից դժգոհություններ կան կողմերում»,- ասաց Մաքֆարլեյնը։
Նա նշեց, որ ԱՄՆ-ը գուցե փորձի ավելի սուղ միջոցներով շարունակել քաղաքական դերակատարություն ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի համար։ «Չեմ պատկերացնում, որ երկարատև ծրագրից հետո կրճատվի ծրագիր, և դա չփոխարինվի մեկ այլ ծրագրով»,- ասաց վերլուծաբանը։
Նա չի կարծում, թե այս որոշումն էական ազդեցություն կունենա կարգավորման գործընթացի վրա, քանի որ բուն գործընթացը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակով շարունակվում է իր առանձին տրամաբանությամբ և շատ դեպքերում կտրված է թե՛ գերտերությունների հարաբերություններում առկա լարվածությունից, ցնցումներից, թե՛ մի շարք այլ հանգամանքներից։
«Կարծում եմ՝ անկախ այս որոշումից՝ կարգավորումն իր ուղիով է ընթանալու։ Այստեղ ավելի շատ անելիք տեսնում եմ հայ-ամերիկյան հարաբերություններում, քանի որ Նահանգների հետ ավելի սերտ աշխատելով՝ Հայաստանն ավելի հեշտորեն առաջ կմղի իր շահերը նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, քանի որ ԱՄՆ-ը համանախագահ երկիր է»,- ասաց վերլուծաբանը։