ԱԺ-ն քննարկեց բոլոր ՀԿ-ների համար հաշվետվության ներկայացման պահանջ սահմանող նախագիծը
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանել պահանջ, որ բոլոր հասարակական կազմակերպությունները՝ անկախ նրանից ֆինանսավորվում են հանրային միջոցներով, թե ոչ, ներկայացնեն հրապարակային հաշվետվություն:
«Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ մարտի 24-ի նիստում ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:
Անանյանը հիշեցրեց, որ փոփոխությունների հիմնական նպատակը հաշվետվության ներկայացման, տեղեկատվության ծավալի ընդլայնումն է: Սահմանվում է, որ հաշվետվություն պետք է ներկայացնեն ոչ միայն պետական միջոցներ ստացող ՀԿ-ները, այլ նաև մասնավոր միջոցներ ստացող ՀԿ-ները: Դյուրինացվել է նաև հաշվետվություն ներկայացնելու կարգը: Այսուհետև ՀԿ-ները իրենց հաշվետվությունները կհրապարակեն օնլայն եղանակով taxservice.am կայքի համապատասխան հարթակում: Թե´ հարկային մարմին թղթային եղանակով հաշվետվություն ներկայացնելու, թե´ azdarar.am-ում այդպիսի հաշվետվություն հրապարակելու կարիք չկա:
Նախագիծն առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում լրամշակվել Է: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի առաջարկով ՀԿ-ների հասցեն հրապարակվում է կամավորության հիմունքով: «Կամավորների թվի վերաբերյալ հրապարակման պահանջ կար հաշվետվու ժամանակաշրջանի դեկտեմբերի 31-ի դրությամբ: Մենք փոփոխել ենք `սահմանելով, որ հաշվետու տարվա ընթացքում կամավորների թվի վերաբերյալ տեղեկություն պետք է ներկայացվի, եթե աշխատանքի տևողությունը շաբաթական 20 ժամը գերազանցել է և կքնվել է գրավոր պայամնագիր»,-ասաց Անանյանը: