Հայաստանն աջակցում է գլոբալ հրադադարի կոչին. ԱԳ նախարարն արձագանքել է Գուտերեշին
Հայաստանը լիակատար աջակցություն է հայտնում Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի` աշխարհի բոլոր անկյուններում գլոբալ հրադադարի կոչին: Այս մասին «Թվիթեր»-ում գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Հայաստանը լիակատար աջակցություն է հայտնում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կոչին՝ մինչ ողջ մարդկությունը պայքարում է ընդդեմ ընդհանուր թշնամու՝ COVID-19-ի, աշխարհի բոլոր անկյուններում հաստատել գլոբալ հրադադար»,-գրել է Մնացականյանը:
Գուտերեշն իր տեսաուղերձում մասնավորապես ասել էր` ժամանակն է զինված բախումները դնել մի կողմ և միասին կենտրոնանալ հանուն կյանքի իրական պայքարի վրա` Covid-19 համաճարակի դեմ: Նա նկատել էր՝ վիրուսը հաշվի չի առնում էթնիկ, ազգային կամ այլ պատկանելություն: Այն հարձակվում է բոլորի վրա անողոք:
«Միչդեռ աշխարհում զինված հակամարտություններ են տիրում: Ավելի խոցելիները` կանայք, երեխաները, հաշմանդամություն ունեցող անձինք վճարում են ամենաբարձր գինը: Նրանք կորոնավիրուսի ամենամեծ ռիսկի տակ են: Չմոռանանք, որ պատերազմից տուժած երկրներում առողջապահական համակարգերը փլուզվել են: Փախստակնները, տեղահանված անձինք կրկնակի խոցելի են: Վերջ տվեք պատերազմին և եկեք պայքարենք այն հիվանդության դեմ, որը փչացնում է մեր աշխարհը: Այդ իսկ պատճառով ես այսօր կոչ եմ անում անհապաղ գլոբալ հրադադար հաստատել աշխարհի բոլոր անկյուններում»,-ասել է նա: