Միքայել Մելքումյանն առաջարկում է պահն օգտագործել ու սահմանին էժան գազ ստանալու հարցը լուծել
2020 թվականի մայիսի 25-ին Հայաստանի ատոմակայանի նախազգուշական վերանորոգման ցիկլն ավարտվում է, և մենք խնդիր ունենք՝ կապված պետական գնումների հետ: Այս մասին այսօր Ազգային ժողովում՝ դիմելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանին, ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ փոխնախարարից հետաքրքրվելով՝ արդյոք կառավարությունը կարողացե՞լ է գնումների հետ կապված խնդիրներն այս ընթացքում լուծել:
Ի պատասխան փոխնախարարը նշեց. «Այո՛, ատոմակայանը պետք է կանգնի պլանային վերանորոգման, որոշակի խնդիրներ էին առաջացել որոշ ընկերությունների կողմից տրվելիք 110 տոկոս երաշխիքի մասով, բայց կառավարությունում փոխվարչապետի հետ տեղի է ունեցել քննարկում, այս պահին նախագիծը պատրաստվում է, և կարծում եմ՝ մոտ ապագայում որոշակի լուծումներ կլինեն»:
Միքայել Մելքումյանի հաջորդ հարցը վերաբերում էր նավթի գնի նվազմանն ու աշխարհում էներգակիրների գնի իջեցմանը:
«Այսօր ամբողջ աշխարհում նավթի գները կտրուկ իջնում են: Ես կոչ եմ անում մեր կառավարության բանակցողներին՝ հիմա ճիշտ պահն է բանակցել և դիմել, որ ԵԱՏՄ շրջանակներում գազ ներկրողների համար գազի գինը սահմանին իջեցնեն»,- ասաց Մելքումյանը:
Փոխնախարար Վարդանյանը պատասխանեց, որ որոշ երկրներում գազի գինն ուղղակի փոխկապակցված է նավթի գնի հետ, ինչը, սակայն, այդպես չէ Հայաստանի պարագայում:
«Չնայած դրան, եթե ամբողջ աշխարհում սկսվի էներգակիրների գնի իջեցում, ապա մեր գերատեսչությունը կսկսի բանակցություններն ավելի էժան գազ ներկրելու համար»,- ասաց Վարդանյանը: