Որոշում է կայացվել արագ ավարտել ԱԺ հերթական նիստերի օրակարգը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այսօր խորհրդարանում մեկնարկում է հերթական նստաշրջանը, եւ երեկ ԱԺ խորհրդի նիստում հաստատվել է օրակարգը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ներսում որոշում է կայացվել, որքան հնարավոր է, արագ ավարտել նիստերի օրակարգը՝ հաշվի առնելով արտակարգ դրությունը եւ այն հանգամանքը, որ դահլիճում մեծ թվով մարդիկ են ներկա լինում:

Եվ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նաեւ զրույցների ժամանակ պատգամավորներին հորդորել են օրակարգը շատ հարցերով չծանրաբեռնել: Ընդ որում, «Իմ քայլը» խմբակցությունն այս հարցը քննարկել էր դեռ խմբակցության մարտի 21-ին կայացած նիստում:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ անգամ ԱԺ խորհրդի երեկվա նիստն է մի քանի րոպե տեւել, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը միայն ներկայացրել է հերթական նիստերի օրակարգը, որը հաստատվել է առանց հարցերի կամ ելույթների:

Հավելենք, որ այսօրվա նիստի օրակարգում լինելու են երկրորդ ընթերցմամբ քննարկվող նախագծեր, որոնց քննարկումը հիմնականում ժամանակատար չէ:

Խորհրդարանի քննարկվող միակ նախագիծը, որը կարող է երկար քննարկվել, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի փաթեթն է, որը ստացել է վեթինգի նախագիծ անվանումը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս