Ոստիկանի ուղղությամբ կրակած տղամարդը կալանավորվել է
Մարտի 22-ին, ժամը 5-ի սահմաններում, ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս Զաքարիա Սարկավագի փողոցում նկատել էին կասկածելի մի տղամարդու: Մոտեցել էին: Եվ անձը հաստատող փաստաթուղթ պահանջելիս նրա գոտկատեղի հատվածում ատրճանակի նմանվող առարկա նկատել:
Պահանջել էին ցույց տալ ինչ է թաքցնում: Տղամարդը դիմել էր փախուստի, կրակել իրեն հետապնդող ոստիկանի ուղղությամբ: Հաշվի առնելով, որ շուրջը բնակելի շենքեր են, երթևեկող մեքենաներ, ոստիկանները պատասխան կրակ չէին բացել: Նա էլ փախել էր:
Պարեկայինները ռադիոկապով անմիջապես ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին կապվեցին, զեկուցեցին կատարվածի մասին, հայտնեցին տղամարդու արտաքին տվյալները: Օպերատիվ խումբն անհապաղ Սարկավագի փողոց մեկնեց: Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերեցին մեկ պարկուճ, որն արտաքուստ գազային ատրճանակի պարկուճի էր նման և բջջային հեռախոս:
Բացահայտման ուղղությամբ ձեռնարկվող անհետաձգելի միջոցառումներին միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, Նոր Նորքի և Մաշտոցի բաժնի ծառայողները: Եվ համատեղ աշխատանքը դրական արդյունք տվեց:
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների փոխգործակցության արդյունքում, պարզվեց, որ ոստիկանության ծառայողի ուղղությամբ կրակոց արձակած անձը գողության մեղադրանով հետախուզման մեջ գտնվող 27-ամյա մի տղամարդ:
Դեպքից ժամեր անց Սիսակյան փողոցի շենքերից մեկում իրավապահները հայտնաբերեցին նրան և բերման ենթարկեցին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:
9 մմ տրամաչափի գազային ատրճանակը հայտնաբերվեց և առգրավվեց:
Հետագա միջոցառուներով պարզվել է, որ բերման ենթարկվածը Զաքարիա Սարկավագի փողոցում կայանած մի մեքենայից անձնագիր է հափշտակել, բացի այդ` Երևան քաղաքի և մարզերի խանութներից, դեղատներից ու ավտոմեքենաներից կատարել է մոտ 40 գողություն, նաև խարդախության 10 դեպք:
Սիսակյան փողոցի այն բնակարանից, որտեղից հետախուզվողը բերման է ենթարկվել, ոստիկանները հայտնաբերել են նաև մարիխուննա, որը, ըստ ձեռք բերված տվյաների, 27-ամյա տղամադունն է:
Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել է փորձաքննություն:
Ոստիկանների ուղղությամբ ատրճանակից կրակած հետախուզվողը կալանավորվել է: