
Սրճարանների և ռեստորանների գործունեությունը կդադարեցվի. Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց նոր խստացումները

Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու միջոցառումներով պայմանավորված՝ մարտի 24-ից մեկ շաբաթով կդադարեցվի սրճարանների, ռեստորանների, որոշ շինարարական աշխատանքների և մի շարք ձեռնարկությունների գործունեությունը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեզ անհրաժեշտ է որոշակի ավելի խիստ սահմանափակումներ մտցնել և ավելի խիստ ձևով մոտենալ արգելքներին: Վաղվանից կարգելվեն բոլոր տեսակի ռեստորանների և սրճարանների գործունեությունը, բացառություն կանենք առաքման ծառայությունների համար: Որոշակի շինարարական աշխատանքներ կդադարեն: Կդադարի նաև տեքստիլ արտադրական ձեռնարկությունների, թեթև արդյունաբերության մի շարք ճյուղերի գործունեությունը»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ կշարունակվի սննդի արտադրությունը, մթերային խանութները կաշխատեն սովորական ռեժիմով, իսկ Պարետատունը կհրապարակի թույլատրելի գործունեության ցուցակը:
Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հորդորեց հնարավորինս սահմանափակել տեղաշարժը և տանից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում: