Դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմեն Թավադյանին ազատ արձակելու որոշման դեմ
«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին ազատ արձակելու որոշման դեմ Դատախազությունը Վճռաբեկ դատարան բողոք է ներկայացրել:
168.am-ի հետ զրույցում Գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանն ասաց, որ բողոքարկման հիմքում դրված է նախ՝ այն, որ դատական ակտը կայացվել է «բացարկման ենթակա դատարանի կողմից» (խոսքը վերաբերում է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին, որի որոշամբ Արմեն Թավադյանն ազատ էր արձակվել, իսկ դատախազությունը, մինչև Թավադյանի ազատ արձակելու մասին որոշումը կայացնելը, ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել), ինչպես նաև՝ կայացված որոշման պատճառաբանված, հիմնավոր և օրինական չլինելու հանգամանքը:
«Մասնավորապես՝ չի բերվել որևէ պատճառաբանություն, թե ՀՀ Վճռաբեկ դատարանի համապատասխան իրավական դիրքորոշմամբ արտահայտված՝ կազմակերպված խմբին բնորոշ հիմնական առանձնահատկություններից որի կամ որոնց վերաբերյալ է ապացույցը բացակայում»,- նշեց Արևիկ Խաչատրյանը:
Ըստ դատախազության՝ հիմնավոր կասկածի գնահատման առումով Վերաքննիչ քրեական դատարանի դիրքորոշումը հակասում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածին, ինչպես նաև դրա վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարանի և ՄԻԵԴ-ի՝ մի քանի գործերով արտահայտված իրավական դիրքորոշումներին:
Դատախազությունը պնդում է, որ առկա են Արմեն Թավադյանին կալանքի տակ պահելու հիմքերը, «մասնավորապես՝ կապված ազատության մեջ մնալու պայմաններում նրա կողմից գործի քննությանը՝ քրեական դատավարության մասնակցող անձանց, այդ թվում նաև՝ մյուս մեղադրյալի վրա անօրինական ազդեցություն գործադրելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու, ինչպես նաև՝ գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու ճանապարհով խոչընդոտելու, վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու բարձր հավանականության հետ»:
Հիշեցնենք, որ մարտի 11-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, բավարարել էր «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի միջնորդությունը՝ Թավադյանի խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ:
«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքի շրջանակներում:
Գործն արդեն մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան և մակագրվել է Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին: