Վարչապետի դստեր հայցը՝ ընդդեմ Նարեկ Սամսոնյանի, ի վերջո, վարույթ ընդունվեց

168.am-ն օրեր առաջ տեղեկացրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Շուշան Փաշինյանի հայցն ընդդեմ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանի դատարանը վարույթ չէր ընդունել և վերադարձրել էր հայցվորին՝ թերի լինելու պատճառով:

Դատարանի որոշման մեջ նշված էր, որ դատարանին ներկայացված փաստաթղթերում կա անհամապատասխանություն, ինչպես նաև ներկայացված չեն անհրաժեշտ որոշ այլ փաստաթղթեր:

Հայցվոր կողմն ուներ երեք օր ժամանակ հայցադիմումում առկա թերությունները վերացնելու, անհրաժեշտ փաստաթղթերով համալրելու և կրկին ներկայացնելու համար: Անհրաժեշտ պահանջները կատարելուց հետո, օրեր առաջ հայցադիմումը ներկայացվել է  դատարան:

Այս անգամ արդեն դատավոր Զարուհի Նախշքարյանի որոշմամբ հայցադիմումը վարույթ է ընդունվել, հայցադիմումի ներկայացման օրն էլ համարվել է առաջին անգամ ներկայացնելու օրը՝ սույն թվականի փետրվարի 26-ը:

Դատական նիստ դեռևս նշանակված չէ:

Հիշեցնենք, որ հունվարի 26-ին Նարեկ Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ երևանյան ռեստորաններից մեկից վարչապետը հաճախակի 1 կիլոգրամը 3000 դոլարով ձկնկիթ է գնում իր դուստրերի համար։

Այս գրառումից հետո Նարեկ Սամսոնյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով՝ հանցագործության մասին սուտ մատնություն  կատարելու համար:

Տեսանյութեր

Լրահոս