Շուշան Փաշինյանի հայցը Նարեկ Սամսոնյանի դեմ վարույթ չի ընդունվել թերի լինելու պատճառով

Ինչպես ավելի վաղ հայտնել էր 168.am-ը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշան Փաշինյանը, դատական հայց էր ներկայացրել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանի դեմ:

Ներկայացված հայցով վարչապետի դուստրը պահանջում էր դատարանից պարտավորեցնել Նարեկ Սամսոնյանին, որպեսզի վերջինս իր հասցեին զրպարտություն համարվող տեղեկությունները հրապարակայնորեն հերքի։

Գործը մակագրել էր Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի առաջին ատյանի դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին:

Դատավորը որոշելու է հայցադիմումը հետ վերադարձնել հայցվորին՝ թերի լինելու պատճառով: Դատարանը որոշման մեջ պատճառաբանել է, որ դատարանին ներկայացված փաստաթղթերում կա անհամապատասխանություն, ինչպես նաև ներկայացված չեն անհրաժեշտ որոշ այլ փաստաթղթեր:

Հիշեցնենք, որ հունվարի 26-ին Նարեկ Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ երևանյան ռեստորաններից մեկից վարչապետը հաճախակի 1 կիլոգրամը 3000 դոլարով ձկնկիթ է գնում իր դուստրերի համար։

Այս գրառումից հետո Նարեկ Սամսոնյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով՝ հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու համար:

Տեսանյութեր

Լրահոս