«Յուրաքանչյուր ամերիկացու մահվան համար պատասխանը կլինի վճռական». Փոմպեոի կոչը՝ Իրանի իշխանություններին
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն Իրանի իշխանություններին կոչ է արել մարդասիրական նկատառումներով երկրի բանտերից ազատ արձակել Միացյալ Նահանգների քաղաքացիներին։
«Իրանի բանտերում COVID-19 կորոնավիրուսի տարածման վերաբերյալ հաղորդումները խորը տագնապ են առաջացնում եւ բոլոր ամերիկացի քաղաքացիների անհապաղ ազատում են պահանջում»,- ասված է Փոմպեոյի հայտարարության մեջ, որը տարածել է ԱՄՆ-ի Պետդեպատամենտը: Նա նախազգուշացրել է, որ «Միացյալ Նահանգներն իրանական վարչակարգի վրա կդնի ուղղակի պատասխանատվությունը յուրաքանչյուր ամերիկացու մահվան համար, պատասխանը կլինի վճռական»:
Փոմպեոն նշել է, որ Իրանի իշխանությունները վերջերս ազատ են արձակել 70 հազար բանտարկյալների կորոնավիրուսի համաճարակի պատճառով, ինչով «գթասրտություն հանդես բերելու ունակություն են դրսեւորել», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: