«Լիդիան Արմենիայի» աշխատակիցները դատի են տվել Կառավարությանը. Պահանջում են ֆինանսական և հոգեբանական վնասի փոխհատուցում
«Լիդիան Արմենիայի» մի խումբ աշխատակիցներ և Ամուլսարի հարակից տարածքների բնակիչներ դժգոհում են՝ արդեն 2 տարի ոտնահարված են իրենց իրավունքները: «Լիդիան Արմենիայի» գնումների բաժնի վերահսկող Լիանա Հովսեփյանը լրագրողների հետ զրույցում իրազեկեց.
«300 աշխատողից այս պահին մնացել են 15-20 աշխատող, մնացածը կրճատվել են: Փորձել ենք Կառավարությանը դիմել, տարբեր ստուգումներ են կատարվել, որ մենք կարողանանք աշխատել, գործել, ոչ մի լուծում չի տրվել: Կառավարությունը ի վիճակի չէ լուծում տալ տվյալ հարցին: Կորցնելով հավատը Կառավարության և վարչապետի նկատմամբ՝ ստիպված ենք եղել մի խումբ աշխատակիցներով դիմել դատարան: Հայցի պահանջն է՝ վերականգնել մեր իրավունքները և ճանաչել Ոստիկանության գործունեությունը ոչ իրավաչափ: Պատրաստվում ենք Կառավարությունից պահանջել փոխհատուցել այն ֆինանսական և հոգեբանական վնասները, որ կրել ենք երկու տարվա ընթացքում: Պահանջելու ենք ոչ միայն չաշխատած երկու տարիների, այլև այն տարիների համար, որ պետք է աշխատեինք՝ 10-15 տարի»:
Դատարան են դիմել 30 աշխատակից: Լիանա Հովսեփյանը հույս է հայտնում, որ այդ թիվը կավելանա: «Լիդիան Արմենիայի» գնումների բաժնի վերահսկողը ներկայացնում է, որ աշխատակիցների միջին աշխատավարձը 600.000 դրամ է:
«Եթե բազմապատկենք 300 աշխատողով և անցած տարիներով, ապա կտեսնենք, թե ինչ ահռելի թիվ է կազմում: Մեզ խոստացել էին, որ կբացեն ճանապարհները, կաջակցեն մեզ, սակայն դրանք միայն խոստումներ էին: Մեր համբերության բաժակը լցվել է: Մենք չգիտենք, թե երբ վարչապետը կփորձի այս խնդիրը լուծել, կամ երբ ի վիճակի կլինի, փաստացի երևում է, որ ինքը ոչինչ չի անում: Կաշկանդվում է, թե վախեցած է, չգիտենք, մենք ուզում ենք, որ մեր իրավունքները վերականգնվեն»,- ասաց Հովսեփյանը:
Ըստ իրենց տվյալների՝ անցած երկու տարիների ընթացքում «Լիդիան Արմենիայի» աշխատակիցները կարող էին աշխատել, սակայն չեն աշխատել 6 մլն դոլար, չի վճարվել 70 մլն դոլար հարկ: Հարցին, թե ինչպե՞ս են «Լիդիան Արմենիայում» վերաբերվում Ամուլսարի շահագործման հարցը հանրաքվեի դնելու մասին մտքին, ընկերության տեխնիկական անվտանգության գծով պատասխանատու Արթուր Հովսեփյանը պատասխանեց, որ դա անընդունելի ուղի է:
«Ի՞նչ է նշանակում՝ դնել հանրաքվեի՝ Ամուլսարի օրինական ծրագիրը աշխատի՞, թե՞ ոչ: Հանրության մեջ տարիներ շարունակ սուտ ու կեղծիք է տարածվում, թե այս ծրագիրը վնաս է հասցնելու, երեք կամ տասը գլխանի երեխաներ կծնվեն, «հա՞նք, թե՞ կյանք», հանրության մեջ տարածում է կեղծիք, իսկ մարդիկ չեն կարող անտեղյակ գնալ հանրաքվեի: Սա հետագայի հարց է, մենք հիմա կանգնած ենք ուրիշ խնդրի առաջ՝ ոտնահարվում են մեր իրավունքները»,- ասաց Հովսեփյանը:
Ամուլսարի հարակից տարածքների բնակիչները պնդում են, որ որոշ համայնքներում հանքի նախկին աշխատակիցներն իրենց ընտանիքներով արտագաղթում են: Ըստ իրենց ունեցած տվյալների՝ Ամուլսարի շրջափակման հետևանքով երկրից արտագաղթել է 500-ից ավելի մարդ:
«Գնդեվազում մեծ արտագաղթ ունենք: 75 անձ՝ ժամանակավոր, 6-ը՝ մշտական, գնացել են մեր համայնքից: Անօրինականության զոհ են դարձել ընկերության աշխատակցիները և այն մարդիկ, որոնք ուզում էին «Լիդիանում» աշխատել»,- ասաց Գնդեվազի բնակիչ Աննա Ներսիսյանը:
Գորայքի նախկին համայնքապետ Առուստամ Առուստամյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այն վտանգներն ու ռիսկերը, որոնց մասին խոսում են Ամուլսարի ճանապարհները փակած քաղաքացիները, վերահսկելի են:
«Եթե Ամուլսարը մինչև մայիս չշահագործվի, շրջափակումը չվերացվի, տնտեսական առումով համայնքները բյուջետային խիստ կորուստներ են ունենալու: Վարչապետը բազմիցս շեշտել է, որ չկան բավարար հիմքեր հանքի շահագործումը չթույլատրելու, և հորդորել է բացել ճանապարհները, բայց մինչև հիմա «սայլը տեղից չի շարժվել»: Գորայքի գրանցված 526 բնակչից այսօր մնացել է 373 մարդ»,- ասաց Առուստամյանը: