«Մեր թշնամին մի քանի սար այն կողմ է ու սպասում է մեր սխալին»

Հարցազրույց պաշտոնաթող գեներալ, Արցախի Հանրապետության նախագահի՝ հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Վարդան Բալայանի հետ

– Կան հակասական կարծիքներ՝ Արցախում նախընտրական փուլի մթնոլորտի, բուն ընտրությունների և հետընտրական հնարավոր զարգացումների մասին։ Ինչպիսի՞ն  են ձեր գնահատականները։

– Արցախում ակտիվ, մրցակցային նախընտրական փուլ է։ Բոլոր թեկնածուներն ունեն հավասար հնարավորություններ՝ ներկայացնելու իրենց ծրագրերը, իրենց մոտեցումները։ Բոլորը ակտիվ հանդիպումների մեջ են բնակչության հետ, և ժողովուրդն ինքը շատ ակտիվ է։ Ինձ համար՝ մարդու, ով անմիջականորեն ներգրավված չէ նախընտրական պրոցեսի մեջ, շատ կարևոր է այն, որ բոլոր թեկնածուները ուղիղ ժողովրդից, ուղիղ մարդկանցից են լսում նրանց խնդիրների, սպասելիքի, պահանջների մասին։ Սա իսկապես շատ կարևոր է։ Եվ ուզում եմ շեշտել մեկ այլ շատ կարևոր հանգամանք. հիմնականում բոլոր թեկնածուները, բոլոր ակտիվ գործիչները իրենց պահում են կոռեկտ և փոխադարձ հարգանքի սահմաններում։

– Ձեր անվան շուրջ նույնպես կան խոսակցություններ՝ այս կամ ուժին սատարելու, «մտքափոխ» լինելու և այլ վարկածների մասին։

– Նախ, այս պահին ես հանդիսանում եմ Արցախի նախագահի ներկայացուցիչը, իսկ ողջ գիտակից կյանքս եղել եմ զինվորական։ Ես գիտեմ իմ խոսքի արժեքը և միշտ հրապարային պայմաններում ձգտում եմ լինել զուսպ  և ամեն քայլս անել կշռադատված։

Ես ճանաչում եմ բոլոր թեկնածուներին, գիտեմ բոլորի ուժեղ և թույլ կողմերը։ Որպես ընտրող, որպես քաղաքացի՝ ես ունեմ իմ նախընտրությունը՝ թե՛ նախագահի թեկնածուի, թե՛ կուսակցության հարցում։ Դա իմ իրավունքն է՝ այնպես, ինչպես ցանկացած քաղաքացու։ Այլ բան է, որ մի շարք պատճառներով ես հրապարակային չեմ ներկայացնում այն։ Բնական է, այս ընտրապայքարում կան ֆավորիտներ, կա մոտավոր պատկեր, թե ո՛ր ուժերը կլինեն ապագա խորհդարանում, ո՛ր թեկնածուն կհավաքի ավելի շատ ձայներ, հնարավոր է մե՞կ փուլ, թե՞ կլինի երկրորդը։ Բայց դրանք, նորից եմ ասում, իմ՝ որպես քաղաքացուն անհատական պատկերացումներն են։ Այնպես, ինչպես ցանկացած քաղաքացի կարող է ունենալ իրենը։ Խոսակցությունները, թե  իբր ես կեսից մտքափոխ եմ եղել և նախընտրությունս տալիս եմ այլ ուժի, վերագրում եմ նախընտրական փուլի մթնոլորտին։ Իմ անցած ճանապարհն ինձ իսկապես պարտադրում է լինել զուսպ. քաղաքական մտքափոխությունը, պահի տակ կողմնորոշում փոխելն ավելի շատ քաղաքական գործիչներին է բնորոշ, իսկ ես քաղաքական գործիչ չեմ։

Ասեմ նաև, որ Արցախը փոքր երկիր է, և այստեղ թաքուն բան անելը ուղղակի հնարավոր չէ։ Ամեն ինչ մարդկանց աչքի առաջ է։ Գիտեմ նաև, որ իմ մասին ասում են նաև, որ այս կամ այն նախագահի շրջապատից եմ և նման բաներ։ Ես ողջ գիտակից կյանքս եղել եմ զինվորական և ՀՀ առաջին նախագահից սկսած մինչև գործող վարչապետ ես ունեցել եմ Գերագույն գլխավոր հրամանատար, որը զինվորական մարդու համար կարևորագույն հասկացություն է։ Սա շրջապատի հարց չէ, սա ապրած կյանքի տրամաբանությունն է։ Եվ հակառակը՝ հարյուրավոր զինվորականներ եղել են իմ ենթակայության տակ, հիմա նրանք բոլորը կարո՞ղ են համարվել իմ շրջապատի մարդիկ։ Իհարկե՝ ոչ։ Կա զինվորական հստակ աստիճանակարգ, կան մարդկային հարաբերություններ,  կա սովորական կյանք։ Չի կարելի ամեն ինչ խառնել իրար։

– Ի՞նչն եք համարում  Արցախի համար ամենակարևորը, կամ գուցե՝ ամենավտանգավորը այս փուլում։

– Անկախ ընտրությունների արդյունքներից, անկախ նրանից, թե ո՛ր թեկնածուն կհաղթի, ո՛ր ուժերը կհայտնվեն խորհրդարանում, կարևորն այն է, որ երկրում լինի համերաշխության և ներքին կոնսոլիդացիայի մթնոլորտը։ Մենք  ներսում թշնամի չունենք, մեր թշնամին մի քանի կիլոմետր, մի քանի սար այն կողմ է, սպասում  է մեր սխալին, մեր պառակտմանը։ Ահա այս հարցում ես որպես քաղաքացի, որպես ճանապարհ անցած մարդ, կանեմ ինձնից կախված ամեն ինչ, որ մեր երկրում լինի ներքին համերաշխություն։ Ի դեպ, դրա առաջին գրավականն այն է, որ ընտրությունները լինեն ազատ ու արդար. արդյունքների հանդեպ կասկածներ չպետք է լինեն։ Վստահ եմ հենց այդպես էլ լինելու է։  Իսկ եթե  թշնամին մեզ նորից պատերազմ պարտադրի, ապա ես հոգով զինվորական եմ։ Մինչև կյանքիս վերջ կռվելու եմ իմ հայրենիքի համար՝ ոչ որպես գեներալ, այլ որպես՝ զինվոր։

ՄԱՐԻՆԵ ՀԱՍՄԻԿՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս