Բանակը և՛ մարմինդ է կոփում, և՛ բնավորությունդ, բացահայտում ես քո «ես»-ի սահմանները
hayzinvor.am. Ծնողների հպարտությունն իրենց զավակներն են: Եվ երջանիկ են այն ծնողները, որոնք արժանավոր զավակներ են մեծացրել:
Արուսյակ եւ Ալեքսան Խառատյանները իրավամբ հպարտանալու առիթ ունեն. մեծի հարգն իմացող, ուսումնատենչ զավակներ են դաստիարակել: Երգիչ-ազատամարտիկ Ալեքսան Խառատյանի երկու որդիներն էլ՝ Արտեմն ու Նարեկը, գերազանց առաջադիմությամբ կոնսերվատորիայում են ուսանում: Այժմ երկուսն էլ հայրենիքի զինվոր են, ծառայում են առաջնագծի տարբեր հատվածներում:
-Դժվար է զինվորի ծնողի համար, կրկնակի դժվար է, երբ երկու որդիներն են բանակում,- ասում է զինվորների մայրը,- սիրտդ տեղը չի ընկնում` կարոտդ կրկնապատկվում է:
…Օրերս Խառատյանների ընտանիքում երջանկությունն էլ էր կրկնապատկվել. զինվոր որդիները միաժամանակ արձակուրդ էին եկել: Ծնողների ուրախությանը չափ ու սահման չկար, տան ամեն անկյունից երջանկություն էր հորդում:
Նարեկը թեեւ ընտանիքի կրտսեր որդին է, բայց ավելի վաղ է զորակոչվել՝ կոնսերվատորիայի առաջին կուրսից: Բանակային ծառայության երկու տարին արդեն կիսել է:
-Բանակն էականորեն փոխում է մտածելակերպդ. այլ կերպ ես նայում տարբեր երեւույթներին, ավելի հասունացած, նաև սկսում ես ավելի շատ գնահատել եւ արժեւորել ունեցածդ,- ասում է Նարեկը:-
Վեց ամսվա ծառայող էի, երբ առաջին անգամ բարձրացա դիրքեր, անբացատրելի զգացողություն էր՝ միախառնվել էին լարվածությունը, անհանգստությունը, հպարտությունը… Սահմանի մի հատված քեզ է վստահված, ու ինչ գնով էլ լինի՝ այն պետք է անառիկ մնա… Ամեն անգամ դիրքեր բարձրանալիս միշտ նույն մտորումներն են՝ պաշտպանում եմ հորս ու նրա մարտական ընկերների արյան եւ կյանքի գնով ազատագրած հողը:
Արցախյան պատերազմի տարիներին տղաների հայրը՝ Ալեքսանը, կոնսերվատորիայի ուսանող ընկերների հետ մեկնել էր Արցախ, միացել Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկներին, Պետոյի, Ժիրոյի, Կարոտի հետ կռվել էր հայրենի եզերքի համար: Երբ տղաները փոքր էին, հայրը հաճախ էր պատմում ազատամարտիկ ընկերների սխրագործություններից, ու երբ տղեկները կռիվ-կռիվ էին խաղում, իրենց համար հերոսները ոչ թե ֆիլմերից կամ գրքերից հորինովի կերպարներն էին, այլ հենց հայրիկի մարտական ընկերները:
-Ես Պետոն եմ,- գոչում էր Արտեմը:
-Ես էլ Կարոտն եմ,- ասում էր Նարեկը…
Ու երազում էին նրանց նման իրենք էլ մի օր կանգնել հայրենիքի սահմանին:
-Բանակային ամեն օրն էլ հագեցած ու տպավորիչ է անցնում,- շարունակում է Նարեկը,- բայց ամենատպավորիչն ու ազդեցիկն ինձ համար պոստեր գնացող զինվորի երդումն է. երդման բառերն ասես սրտից են հատ-հատ պոկվում, ոգեշնչում, ամեն բառ զենքի պես հատու է. ամեն բառից ավելի ես ամրանում, զորանում, անասելի վճռականությամբ համակվում:
-Բանակը ե՛ւ մարմինդ է կոփում, ե՛ւ բնավորությունդ, բացահայտում ես քո «ես»-ի սահմանները,- բանաձեւում է Նարեկի ավագ եղբայրը՝ Արտեմը:
Արտեմը կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինը կարմիր դիպլոմով ավարտելուց հետո ընդունվել է մագիստրատուրա եւ զորակոչվել բանակ:
-Երեք կուրսընկերներով մի զորամասում ենք, ինձ հետ ծառայում է նաեւ դասընկերս՝ Իվանեն, ինքը նույնպես երաժիշտ է,- ասում է Արտեմը:- Ազատ ժամերին հաճախ ենք իրար գլխի հավաքվում, երգում-նվագում մեր զինընկերների համար: Տղերքը տարբեր նախասիրություններ ունեն, տարբեր ոճի երգ ու երաժշտություն են սիրում, բայց կան երգեր, մեղեդիներ, որ հավասարապես սիրելի ու հարազատ են բոլորի համար, օրինակ՝ «Մարտիկի երգը» («Թռչեի մտքով տուն…»): Բանակում երգ-երաժշտությունն ուրախացնում է զինվորի սիրտը, մեղմում կարոտը… Եվ դու ավելի հաստատուն ես կանգնում քո դիրքում՝ անտեսելով ցանկացած դժվարություն: Հայրս պատմել է, որ Արցախյան ազատամարտի տարիներին իրենք էլ հաղթական երգ ու նվագով ոգեւորել, քաջալերել են կռվողներին:
Զինվորների հայրը, որ մինչ այդ լուռ լսում էր, քթի տակ ժպտում է, երևի պատերազմական օրերն է հիշել.
-Կռվող տղերքը մեկ-մեկ կատակում էին՝ տնաշեննե՛ր, ձեր երգից էնպես ենք ոգեւորվում, որ քիչ է մնում՝ թշնամու խոր թիկունք հասնենք…
Երգիչ-ազատամարտիկը հաճախ է մասնակցում ռազմահայրենասիրական տարբեր միջոցառումների, ելույթ ունենում զորամասերում:
-Երգ-երաժշտությունն էլ զենքին հավասարազոր ուժ է: Հայտնի զորավար Սուվորովն ասում էր. «Երաժշտությունը համախմբում է մարդկանց, կրկնապատկում, բազմապատկում է բանակի ուժը»:
Հոգեպարար երաժշտությունը թեւածում է սենյակում. զինվոր եղբայրներն են դաշնամուր նվագում:
-Երաժշտությունը կյանքն է: Արվեստի միջոցով արտահայտում ես մեջդ կուտակված զգացողությունները,- ասում է Արտեմը:
Դաշնակահար եղբայրներին առաջարկում եմ բանակային կյանքի զգացողություններն էլ փորձել արտահայտել երաժշտական կատարմամբ:
-Դե, ուրեմն, ծառայողական պարտքին զուգահեռ մի պարտք էլ արդեն ունենք՝ երկու ստեղծագործություն՝ նվիրված մեր բանակին,- հրաժեշտին խոստանում են զինվոր եղբայրները:
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Լուս.՝ ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ