Ամփոփվել են ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 2019թ. գործունեության արդյունքները, որին ներկա են եղել ուժային կառույցների ղեկավարներ
Այսօր՝ մարտի 6-ին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 2019 թվականի գործունեության արդյունքների ամփոփում: Այս մասին հայտնում է ՀՀ ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ամփոփում-քննարկմանը ներկա են եղել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, ՀՀ ԱԱԾ չորրորդ դեպարտամենտի պետ Լևոն Շահումյանը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Աղաջանյանը և ԶՈւ ԳՇ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արա Սարգսյանը:
Ամփոփման ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալներ Գ.Մայիլյանը և Ա.Ասլանյանը ներկայացրեցին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 2019թ. գործունեության արդյունքները, որի ընթացքում վերլուծվեցին կատարված աշխատանքները, նախանշվեցին բացթողումներն ու թերությունները, ինչպես նաև ներկայացվեցին առաջարկներ դրանց վերացման ուղղությամբ:
2019թ. ընթացքում ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակը, դրա կառուցվածքը և շարժընթացը, ինչպես նաև կատարված վերլուծությունների արդյունքները ներկայացրեց ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության պետ Պերճ Այվազյանը: Նախանշվեցին առկա խնդիրները և ներկայացվեցին կոնկրետ առաջարկներ՝ դրանց լուծման, մասնավորապես՝ բանակում մահվան ելքերով դեպքերը կանխելու ուղղությամբ:
Ծավալվեց ակտիվ քննարկում, որի ընթացքում կարևորվեց շահագրգիռ կառույցների համագործակցությունը՝ ՀՀ զինված ուժերում հանցավորության դեմ առավել արդյունավետ պայքար մղելու, ինչպես նաև՝ քրեական ենթամշակույթի ներթափանցումը զինված ուժեր կանխելու, նման դրսևորումներն արմատախիլ անելու ուղղությամբ միասնական մեխանիզմ մշակելու համար:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ՀՀ զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանն իր խոսքում որպես առաջնահերթ խնդիրներ նշեց քննության արդյունավետության և նախաքննության պատշաճ որակի ապահովումը, ինչպես նաև՝ նախաքննական մարմնի նկատմամբ հասարակության վստահության մակարդակի բարձրացումը:
Ամփոփելով քննարկումը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հ.Գրիգորյանը տվեց կոնկրետ հանձնարարականներ՝ աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղղությամբ: